Սևանա լճի հետ կապված են բազմաթիվ տեսանելի և անտեսանելի խնդիրներ։ Դրանցից ամենատեսանելիներից է ափամերձ գոտու աղտոտվածությունը կենցաղային աղբով, որն ինչպես էկոլոգիական սպառնալիք է, այնպես էլ՝ լուրջ խոչընդոտ ափամերձ տարածքներում հանգիստ կազմակերպելու առումով։
Մենք՝ բնասերների մի խումբ, նախաձեռնել ենք համաՍևանյան աղբահավաք, որը կիրականացվի մայիսի 14-ին Սևանա լճի ափամերձ տարածքներում մեր կողմից նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցելու են բազմաթիվ բնասեր մարդիկ, բնապահպանական կազմակերպություններ (WWF Armenia, ATP, ՀԲՃ, Էկոգյուղ), արշավական խմբեր (Armenian Geographic, Բնատաճար արշավային և զբոսաշրջային ակումբ), ուսումնական հաստատություններ (դպրոցներ, ՀԱՀ), բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, Սևան ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի հասարակական կազմակերպությունները (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Մարտունի Ինֆոտուն, Համայնքի Զարկերակ ԵՀԿ)։
Այս պահին միջոցառման մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է գրեթե չորս հարյուրի։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արձագանքողներին և մաքրման աշխատանքներին միանալու կոչ ենք հղում ափամերձ համայնքների մնացած բնակիչներին և հասարակական կազմակերպություններին, գլխավոր մայրուղին սպասարկող կազմակերպություններին՝ ճանապարհի եզրերը աղբից ազատելու նպատակով, ինչպես նաև ափամերձ տարածքների բոլոր վարձակալներին՝ իրենց կողմից օգտագործվող տարածքները կարգի բերելու համար։
Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողություններ, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման ու լուծումների ներկայացման։
Կարդացեք նաև
Երևան քաղաքից մեկնողները մայիսի 14-ին ժամը 8:30-9:00 հավաքվելու են Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ և ավտոբուսներով շարժվելու են դեպի Սևանա լիճ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի առանձին փոխադրամիջոց։ Կազմակերպչական մանրամասներն ու իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն «ՀամաՍևանյան աղբահավաք» ֆեյսբուքյան միջոցառման պատին, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էջում և www.armecofront.net Կայքում։
Գրանցվելու համար կարող եք անցնել այս հղումով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ կապվել նախաձեռնողներից Անի Խաչատրյանի 093 40 28 49 և Լևոն Գալստյանի 091(093) 53 49 59 հետ։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն