Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռաբիսության» տեսակները

Մայիս 11,2016 10:00

Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե թերեւս արժե այդ ամենը կանոնակարգել:

Ինձ թվում է՝ շատ ավելի թունդ «ռաբիսներ» են այն գործարարները, որոնք այս օրերին զինվորների կամ նրանց ընտանիքների համար ինչ-որ «բարեգործություն» են արել, իսկ հետո համարյա նույնչափ գումար են ծախսել` իրենց «բարեգործությունների» մասին գովազդային հոլովակ պատրաստելու եւ ցուցադրելու համար: Հետաքրքիր է, ինչո՞ւ այդ վարքագիծն ավելի մեծ նողկանք չի առաջացնում:

Եթե մարդը բարի գործ է կատարել` դրա մասին հետագայում պատմելու նպատակով, ուրեմն դա իրականում բարի գործ չէ, դա բիզնես է` մի բան տալիս ես, մեկ այլ բան վերցնում ես: Բարի գործն այն է, երբ դու հաջորդ իսկ պահին մոռացել ես, թե ինչ ես արել, որովհետեւ անգամ ինքդ քեզ հիշեցնելը նույնպես կարելի է դիտել որպես յուրահատուկ պարգեւ` «վայ, էս ինչ լավն էի ես»: Գնացել ես հիվանդանոց, այցելել ես զոհվածների հարազատներին` լավ ես արել: Մի՛ նկարվիր, նկարը մի՛ տարածիր, թող դա մնա քո եւ այն մարդկանց մեջ, որոնց դու ջերմություն ես պարգեւել:

Ընդհանրապես, այս իրավիճակում էգոցենտրիզմը մի տեսակ պատեհ չէ: Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կուտակային վիճահարույց բարեփոխումների հետաձգումը: Թե ինչու են դրանք հետաձգվում, դժվար չէ կռահել` մի տարուց ընտրություններ են սպասվում: (Անձամբ իմ կարծիքով՝ այդ գործը կիսատ թողնելը նույնպես փայլուն գաղափար չէ): Բայց խնդիրը տվյալ դեպքում այլ է: Խորհրդարանում ելույթ ունեցողների մեծ մասն իր ելույթը սկսում էր «բա որ ե՛ս ասում էի», «բա որ ե՛ս զգուշացնում էի», «բա որ ե՛ս հայտարարում էի» նախաբանով: Ես, ես, ես: Ինձ թվում է` ով ինչ է երբեւէ ասել, ով է մարգարեացել, ով ոչ` այնքան էլ կարեւոր չէ, որեւէ հարցի լուծմանը չի նպաստում: Իսկ սեփական «էգոն» առաջին պլան մղելը նույնպես յուրահատուկ «ռաբիսության» նշան է:

Ի դեպ, բարերարների մասին: Ես գիտեմ հայ մեծահարուստների, որոնք շատ էին օգնել մեր բանակին, երբ այն նոր էր ձեւավորվում: Հասկանալի պատճառներով, չեմ բարձրաձայնում նրանց անունները:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Անձամբ ինձ համար վրդովեցնողն այն էր, որ ռաբիս մի աստղիկ կարող է անարգելք մտնել ՀՀ կամ ԼՂՀ ինչ որ զորամաս, շարել տալ ՀՀ կամ ԼՂՀ ազգային բանակներում պետական ծառայություն իրականացնող զինվորներին ու ցուցադրաբար ինչ որ բան նվիրել: Եթե անգամ պոլիէթիլենային այդ տոպրակներում կիլոգրամով ադամանդ էր, անգամ այդ դեպքում արարքը պարսավելի է: ՈՉ ՈՔ իրավունք չունի նսեմացնել պետությանը ծառայող ԶԻՆՎՈՐԻՆ: Այստեղ հստակ երևում է պետական մարմինների հերթական անգործության արդյունքը; Պետական մարմինները կարծես թե չեն գործում: Ո՞Վ է թույլ տվել, որ այդ ռաբիս աստղիկը մտնի զրամաս, որևէ՞ մեկը ստուգել է այդ տոպրակների պարունակությունը: Որքա՞ն կարելի է հանդուրժել այս կարգի տգիտությունները:

  2. Տիգրան says:

    —Ի դեպ, բարերարների մասին: Ես գիտեմ հայ մեծահարուստների, որոնք շատ էին օգնել մեր բանակին, երբ այն նոր էր ձեւավորվում: Հասկանալի պատճառներով, չեմ բարձրաձայնում նրանց անունները:—
    Պարոն Աբրահամյան, եթե այդ մարդիք բարձրաձայնեին իրենց անունները, դա համահունչ կլիներ Ձեր կողմից նկարագրված բիզնես ծրագրերին: Բայց անհասկանալի է, թե Դո՛ւք ինչու չեք բարձրաձայնում նրանց անունները: Ինչ վատ կլիներ, եթե իմանայինք նման համեստ ու լավ մարդկանց: Փաստորեն հենց ինչ-որ բարերարի անուն հայտնի դառնա որեւէ մեկին. նա կդադարի՞ բարերար, լավ մարդ լինելուց: Ի դեպ, իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Ձեզ հայտնի են դարձել այդ մարդկանց անունները, որոնք Դուք չեք ուզում բարձրաձայնել:
    Իսկ ՀՀ-ու շատ սիրված վաստակավոր արտիստի արածը, այո՛, Դուք շատ դիպուկ արտահայտել եք Ձեր այս նյութի առաջին եւ երկրորդ նախադասություններում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031