Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 200 հազար դրամ տուգանք երեխայի աչքը վնասած ուսուցչին

Մայիս 11,2016 09:45

2014 թվականի դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի ուսուցչուհին ապրիլի վերջին Սևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 120 հոդվածով՝ առանց դիտավորության առողջությանը ծանր վնաս հասցնելու համար և դատապարտվել անզգուշության համար՝ 200 հազար դրամ տուգանքով։

Դեռևս դեպքից հետո Մեսրոպը հայտարարել էր, որ աչքը վնասել է ուսուցիչը՝ կախիչով:

«Ես լսեցի, ինքը ոնց ա ասում՝ հեսա խփեմ, մտնես պատի մեջ: Շորերի արանքից ես նկատեցի, որ ինքը եկավ հասավ իմ վրա: Ես պատկերացրի, որ հեսա թևիցս կքաշի կհանի դուրս, ես էն մի կողմում փախնեմ: Էդ պահին կախիչը սուր կողմով մտավ աչքս: Ես տեսա, որ ինքը ձեռքով հրեց վրաս», – դեպքից հետո «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր տղան:

Մինչդեռ ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը մեղադրանքն ի սկզբանե չի ընդունել: Դեպքից հետո նա մամուլում հայտարարել է, որ գրատախտակի մոտ կանգնած աշակերտի հետ խոսելով հետքայլով մոտեցել է կախիչին ու չի հասկացել, թե ինչպես կարող էր դպրոցական ծանր, և սուր ծայրերով կախիչն ընկել իր վրա՝ վնասելով երեխային:

Մեսրոպի մայրը՝ Էլմիրա Գևորգյանը, խիստ անարդար է համարում դատավճիռը:

«Դատավճիռը ծաղր էր: Երեխայի աչքը հանելուց հետո ուսուցչուհին հանգիստ խղճով 200 հազար դրամ տուգանքը կվճարի: Դատավճիռը շատ անարդար էր, իսկ ինչ վերաբերում է ուսուցչուհուն, ինքը մի անգամ նույնիսկ չի եկել ներողություն խնդրի ու կամ կարեկցանք հայտնի: Ընդհակառակը՝ ուսուցչու ամուսինը գործով դատախազի հետ շատ մոտ է, նախկին ոստիկան է, ու իրենք հայտարարում էին, թե մեզ ոչ մի բան չեն կարա անեն»,-ասում է Գևորգյանը:

Ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում դպրոցում: Աչքը վնասած Մեսրոպը նորից նույն դպրոցն է գնում ու նույն դասարանում սովորում:

Դպրոցում աչքը կորցրած երեխայի ծնողները, սակայն, չեն պատրաստվում հաշտվել դատավճռի հետ ու բողոքելու են մինչև Եվրադատարան. «Մինչև վերջ գնալու եմ, քանի որ չի կարելի թողնել՝ անարդարությունը շարունակվի դպրոցում»:

Ըստ երեխայի մոր՝ նաև դպրոցը, տնօրինությունն ու ուսուցիչներն են մեղավոր, որ նման անարդար վճիռ եղավ:

«Ուսուցիչների սուտ ցուցմունքների արդյունքում ստացվեց, իբր անզգուշություն է եղել, բայց դա անզգուշություն չի եղել: Իբր իրենց կոլեգայի պատիվը բարձր պահելու համար, իբր օգնելու, աջակցելու համար դա արեցին, բայց եթե ամեն մարդ մտածեր, որ նույնը կարար աներ իր երեխու հետ ու էսպես անպատիժ մնար՝ 200 հազար դրամ տալով, կարծում եմ՝ նման բան չէին անի: Իմ տղեն սպորտսմեն էր, իսկ հիմա իրեն բացարձակ չի կարելի սպորտով զբաղվել, ամբողջ կյանքի որակը փոխվել ա: Էդ մարդը մտածված պատժել է իմ երեխուն, ու երեխեքն էլ են լսել, որ ասել է՝ հեսա կխփեմ, կմտնես պատի մեջ»:

Երկու ծանր վիրահատությունից հետո էլ Մեսրոպի վնասված աչքի տեսողությունն ըստ բժիշկների՝ հնարավոր չի լինի վերականգնել։

Նա մինչ այժմ բուժում է ստանում՝ աչքը պահպանելու համար:

Դեռևս դատական գործընթացի ընթացքում երեխայի հայրը՝ Կարեն Խաչատրյանը խիստ հիասթափված էր պրոցեսից ու նույնիսկ չէր էլ  մասնակցում դատական նիստերին: Աչքն անդառնալի վնասած երեխայի հայրն ամենամեծ անարդարությունն է համարում այն, որ ուսուցիչը կալանավորված չէ, «առոք- փառոք ապրում է իր տանը, իսկ իր երեխան հաշմանդամ է դարձել»:

«Հայաստանում արդարադատություն չկա: Գործի քննությունն ի սկզբանե սխալ է գնացել: Երեխաները սկզբում ցուցմունքները ճիշտ էին տվել, հետո ինչ- որ ժողովի պատճառով, թե իրենք բարիշելու են, իրանք իրար հետ պայմանավորվելու են, ձեր ինչ գործն ա, գնացեք ձեր ցուցմունքները փոխեք, ասեք՝ մենք չենք տեսել, մենք չենք լսել, ու եկել, փոխել են, տենց էլ գործը գնացել է դատարան, տենց էլ դատ են անում: Ես էլ ի՞նչ գնամ դատարան»,-դժգոհում է Կարեն Խաչատրյանը՝ հավելով, որ կբողոքի  մինչև Եվրադատարան:

Սևանի ավագ դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը հերքում է, թե դեպքից հետո ժողով է արել ու երեխաներին հորդորել փոխել նախնական ցուցմունքները:

«Նման բան չկա: Ես ի՞նչ գործ ունեմ, ո՞նց են նման բան ասում: Ես ժողով արել եմ զուտ այլ առումով, կարգապահական հարցեր եմ էնտեղ դրել: Էնտեղ 30 ծնող կար, հո մի հոգի չի՞, որ ես ասեմ այդպես չանեք, իրենք այդպես չանեն: Ես նման բան չեմ ասել, ո՜չ: Դա իմ ինչ գործն է: Երեխան դեռ հիվանդանոցում էր, ես ոնց նման բան կանեի»,- հայտարարում է տնօրենը:

Թե ինչն է պատճառը, որ Մեսրոպի համադասարանցիները փոխել են նախնական ցուցմունքները, դպրոցի տնօրենը չգիտի:

«Բայց ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ: Ես չգիտեմ՝ երեխան ինչ է ասել: Դեռ երեխան դպրոցում էր, ոստիկանությունը մտել է դպրոց»,-ասաց նա՝ չընդունելով, որ որևէ կերպ ազդել է գործի քննության վրա:

Այս դեպքը, սակայն, հայկական իրականության մեջ ո’չ առաջինն է, ոչ էլ կլինի վերջինը։

Տեր Թոդիկի մեթոդները չեն կորցնում արդիականությունը…

«Փայտե եզրագիծ ունեցող քարտեզով այնքան խփեց գլխիս, մինչև փայտը կոտրվեց»:

«Գլուխս այնքան են խփել գրատախտակին, որ գրատախտակը փոս է ընկել»:

«Գլխարկս չեմ հանում գլխիցս, որ ականջս չքաշեն»:

Սրանք դպրոցահասակ երեխաների «հուշերն» են, որոնք ներառվել են Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի կողմից դեռևս 2007-2008 թթ. իրականացված «Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը ՀՀ մի քանի մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցներում» մոնիթորինգ-հետազոտության մեջ։

Այս հետազոտությունը ևս վկայում է, որ ծեծը դպրոցներում դեռևս շարունակվում է ընկալվել, որպես դաստիարակության մեթոդ և հօդս է ցնդում «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, որում նշվում է․ «Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի /ֆիզիկական, հոգեկան և այլ/ բռությունից պաշտպանության իրավունք»։

«Երբևէ ձեր դասընկերները դպրոցում պատժվել են» հարցին  «այո» է պատասխանել 1325 աշակերտների 74%-ը, իսկ որպես պատժամիջոցների հիմնական  տեսակներ նշում են ապտակը, անկյուն կանգնեցնելը, ականջ քաշելը, գրքով գլխին հարվածելը, դասարանից դուրս հանելը, անբավարար գնահատական նշանակելը, ցուցափայտով խփելը, կավիճն աշակերտի վրա շպրտելը, իրենց և ծնողներին վիրավորելը:

Ու թեև հարցված դպրոցների գրեթե բոլոր տնօրենները պնդել են, որ չեն ընդունում երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնությունները և այն չեն կիրառում, որպես դաստիարակության միջոց, սակայն  ուսուցիչներից շատերը նշել են, որ, հաճախ, անկառավարելի աշակերտներին կարգի հրավիրելու միակ տարբերակը ֆիզիկական ճնշումն է:

Հատկանշական է, որ հարցված ծնողների գրեթե 75 տոկոսը կողմ է եղել պատժին՝ համարելով դա դաստիարակության ձևերից մեկը:

Մինչդեռ, օրենքը պահանջում է. «ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին  արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությանը նվաստացնող պատժի»:

2014 թվականին կատարված «Երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները ՀՀ-ում» հետազոտության արդյունքներն էլ փաստում են, որ «ի տարբերություն Երևանի մանկավարժների, մարզերի մանկավարժները հակված չեն որպես բռնություն դիտարկել իրենց կողմից ձեռնարկվող մի շարք գործողություններ /ականջ քաշել, սաստել ֆիզիկապես և այլն/, որոնք ըստ սահմանման՝ բռնության դրսևորում են համարվում: Ավելին, նրանք կարծում են, որ նման սահմանումները դրսից են պարտադրվում մեր հասարակությանը և հակասում են մեր ազգային հոգեկերտվածքին:

Շատերը նշում են, որ ավանդական կրթության և դաստիարակության մեթոդները՝ իրենց պատժամիջոցների համակարգով, շատ ավելի արդյունավետ են եղել, քան այն, ինչ այսօր պահանջում են մանկավարժներից»:

Հանրակրթական դպրոցների անձնակազմը առավել տարածված է համարում բռնությունը հատուկ և գիշերօթիկ հաստատություններում՝ բացառիկ համարելով այն հանրակրթական դպրոցներում: Հարցման երիտասարդ մասնակիցներն ասել են, որ  ֆիզիկական ուժ դեռահասների նկատմամբ ավելի շատ կիրառում են ավագ սերնդի մանկավարժները, որոնց համար ընդունելի կարող են լինել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ցուցափայտով, գրքով կամ այլ իրերով հարվածելը, իրեր շպրտելը, ականջից քաշելը և այլն:

Հետազոտության համաձայն՝ մարզերում առհասարակ առկա է խնդրի նկատմամբ մերժողական վերաբերմունք, մանկավարժները կատեգորիկ մերժում են դեպքերի առկայությունը, սակայն  քննարկումների ընթացքում պարզվում է, որ ֆիզիկական որոշ գործողություններ, ինչպիսիք են ականջ քաշելը կամ ապտակը բավական տարածված են:

Ուշագրավ է, որ ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների, հարցման մասնակիցները հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների թվին դասվող շատ գործողություններ իրականում բռնություն չեն համարում։

Arshak-Gasparyan

Հոգեբան Արշակ Գասպարյանն ասում է, որ բռնությունը, որպես կանոն, այլընտրանք չունենալու հետևանք է:

«Չի կարելի միանշանակ ասել, որ բռնությունն ընկալվում է որպես դաստիարակչական միջոց դպրոցներում: Այսօր դպրոցի և ընտանիքի միջև  անջրպետ կա, այսօր դպրոցում ու ընտանիքում «տարբեր լեզվով» են խոսում, ու հաճախ մեր երեխաները բռնություն իրենք են գործադրում»,-ասում է հոգեբանը։

Մասնագետի կարծիքով՝ դպրոցում առկա խրախուսանքի և պատժի մեթոդները պետք է վերանայել և դրանք մոտեցնել երեխային, երեխայի պահանջմունքին:

«Մոտեցնել խրախուսանքը կամ պատիժները երեխային՝ կնշանակի բխել երեխայի ունակություններից և հիմնվել նրա պահանջմունքների վրա: Դա կնշանակի՝ պետք է հասկանալ երեխայի պահանջմունքն այսօր, որովհետև երբեմն կրթությունը հիմնարար պահանջմունք չի լինում,-ասում է Գասպարյանը՝ հավելելով,-Մենք այսօր պետք է ունենանք ուսուցիչներ, ովքեր աշխատում են երեխայի հետ, ոչ թե՝ երեխայի գիտելիքի: Մենք այսօր դպրոցները վերածել ենք մեծ տեղեկատվական կենտրոնի: Երեխան մտնում է դպրոց՝ չհասկանալով՝ այդ դպրոցն իրեն ինչ է տալիս: Ուսուցիչն այսօր չի հասկանում՝ երեխային պիտի կրթի՞, դաստիարակի՞ որպես մարդ ու քաղաքացի, թե՞ պիտի ուղղակի մաթեմատիկական կամ պատմության գիտելիքներ տա: Մենք այսօր կորցրել ենք դպրոցի դերն առհասարա: Մենք կորցրել ենք դպրոցի երեխայամետությունը»:
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

Մեսրոպ Խաչատրյանի  լուսանկարը` Ազատություն ռադիոկայանի

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 forequalrights.armen[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031