Լրահոս
Օրվա լրահոսը

Ներիշխանական անվստահությունը կուտակվում է. «Ժամանակ»

Մայիս 11,2016 09:28

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և այն կիրառել 2018 թվականի հուլիսից: Կառավարությունն այս որոշումը պայմանավորում է իբր թե Հարկային օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ կմտնի հենց 2018-ի հունվարից:

Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այստեղ բանն ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու 2017 թվականին: Եվ եթե պարտադիր կուտակայինը կիրառության մեջ մտնի 2017 թվականի հուլիսից, ապա այդ ժամկետի, այսպես ասած, մոտիկությունն ընտրություններին կարող է հիմք դառնալ տարբեր խմբերի այդ հանգամանքը հասարակական բողոքի ակցիաների տեսքով օգտագործելու համար:

Ի վերջո, այս երևույթը մեզ անծանոթ չէ, և բոլորն են հիշում, թե ինչպես հայտնի ոչ իշխանական քառյակը կուտակային պարտադիր համակարգի դեմ քաղաքացիական բողոքին միացավ և սկսեց այն հմտորեն օգտագործել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու և Հովիկ Աբրահամյանին վարչապետ կարգելու համար: Եվ շատ հետաքրքիր է, որ հենց Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի ակցիաները, ըստ էության, մարեցին, թեև հարցը, որպես այդպիսին, մնաց չլուծված, և կառավարությունը գնաց մասնակի խորամանկության ճանապարհով՝ պարտադիրից ազատեց մասնավոր սեկտորին և սկսեց պարտադիր պահումներ կատարել պետական, բյուջետային հիմնարկների աշխատակիցներից:

Եվ ահա, կառավարությունը հանդես է գալիս պարտադիր կուտակայինը ևս մեկ տարով հետաձգելու նախաձեռնությամբ, որի նպատակը անկասկած մի կողմից սոցիալական դժգոհության պատճառները, այսպես ասած, հեռացնելն է՝ պատճառներից մեկը, իսկ մյուս կողմից՝ խնդիրը ներքաղաքական և միգուցե պարզապես ներիշխանական շահարկումների առարկա չդարձնելու համար:

Միայն թե պարզ չէ՝ Հովիկ Աբրահամյանը վախենում է, որ այս անգամ էլ խնդիրը իր դեմ կօգտագործեն իր հակառակորդնե՞րը, ինչպես ինքն օգտագործեց Տիգրան Սարգսյանի դեմ, թե՞ Սերժ Սարգսյանն է Հովիկ Աբրահամյանին հանձնարարել հանդես գալ հետաձգելու նախաձեռնությամբ՝ նրան զրկելով խնդիրը ներիշխանական հարաբերությունների գործընթացում խաղարկելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ որոշակի սաբոտաժային ռեսուրսներից զրկելու համար:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031