Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ճանաչման ուղղությամբ լուրջ դիվանագիտական աշխատանք չի տարվել

Մայիս 11,2016 17:30

Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի`
ԼՂՀ ճանաչման մասին պաշտոնական Երեւանի մի քանի անգամ հնչեցրած
հայտարարությունները մշտապես եղել են իրավիճակային ու քարոզչական բնույթի:

– Պարոն Գրիգորյան, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանը «շահագրգռված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակմամբ», «պատրաստ է ԼՂ հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների»: Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները: Մինչեւ ապրիլյան պատերազմը ակնհայտ էր, որ Բաքուն է խուսափում բանակցություններից, ի՞նչ է փոխվել հիմա:

– Նրանք որոշ դիրքեր գրավելը համարում են մեծ ձեռքբերում, որն իրենց համար առավել նպաստավոր իրավիճակ է ստեղծում` թույլ տալով բանակցությունների ընթացքում առավել վստահ լինել: Միաժամանակ պետք է ակնկալել, որ իրենց պատկերացրած «բովանդակային բանակցությունները» դարձյալ կսահմանափակվեն «տարածքի 20% օկուպացիան» դադարեցնելու եւ ադրբեջանցի բնակչության վերադարձն ապահովելու պահանջներով, ինչպես նաեւ որոշ չհիմնավորված խոստումներով:

– Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավորների` «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի շուրջ Բաքվում բարձրացած աղմուկին՝ հարկ համարեց հստակեցնել, թե «խուճապի պատճառ չկա»` նշելով, թե «Երեւանը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանի կարգով»: Սա այն դեպքում, երբ պաշտոնական Երեւանը արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Բաքուն կրկին պատերազմ սանձազերծի` Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն: Ռուսաստանը, Ձեր կարծիքով, ի՞նչ խաղ է տանում այժմ ԼՂ կարգավորման գործընթացում:

– Խնդիրն այն է, որ ԼՂՀ ճանաչման մասին պաշտոնական Երեւանի մի քանի անգամ հնչեցրած հայտարարությունները մշտապես եղել են իրավիճակային ու բացի այդ` քարոզչական բնույթի եւ լուրջ դիվանագիտական աշխատանքով չեն ուղեկցվել` ճանաչման դեպքում որոշակի միջազգային աջակցություն ստանալու համար:
Իսկ այժմ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անընդունելի են համարում միակողմանի ճանաչումը, ինչի վերաբերյալ նաեւ ԱՄՆ Պետդեպն է հանդես եկել հայտարարությամբ, եւ ճանաչումը կլիներ կարգավորման ներկա ձեւաչափից հրաժարվելուն համարժեք քայլ:

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

«Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը, ապա այն կանխատեսելի է միայն նրանով, որ Մոսկվան կշարունակի կարգավորման գործընթացը բացառապես իր համար շահավետ ճանապարհով տանելու փորձերը` շարունակելով Ադրբեջանին զենք մատակարարել, իր «խաղաղապահներին» տեղակայելու համաձայնություն ստանալու փորձերը եւ այլն:

– Ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս վկայակոչելով կառավարական աղբյուրները՝ հայտնեցին, որ կնքված պայմանագրերի հիման վրա ՌԴ-ն շարունակում է զինտեխնիկայի եւ սպառազինության նոր խմբաքանակի մատակարարումը Ադրբեջանին: Այժմ իրականացվում է 120 միլիմետրանոց ինքնագնաց ԹպվՈ հրետանային համակարգերը Ադրբեջանին փոխանցելու գործընթացը: Հայաստանը մինչդեռ Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկով սպառազինությանն է սպասում: Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կարո՞ղ է այլ երկրներից սպառազինություն գնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն նպաստել է ռազմական բալանսի խախտմանը:

– Թերեւս կարող է, բայց վաղուց պետք էր աշխատել այդ ուղղությամբ, այլ ոչ թե հասցնել ներկայիս իրավիճակին, փաստի առաջ կանգնել եւ այժմ դարձյալ իրավիճակային լուծումներ փնտրել:

– Այս փուլում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի` բանակցությունների սեղանին վերադառնալը, ինչպես նաեւ ԼՂՀ ճանաչմանը հասնելը: Հնարավո՞ր եք համարում այս հարցերում հաջողության հասնելը, Հայաստանը կարո՞ղ է դաշնակիցներ ձեռք բերել այս նպատակներով:

– ԼՂՀ ճանաչմանը հասնելը տեսականորեն հնարավոր է անգամ Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Իհարկե, դրա համար մանրակրկիտ դիվանագիտական աշխատանք կպահանջվի:

– Որքանո՞վ եք իրատեսական համարում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը:

– Դրա վտանգի առկայությունը պետք է հաշվի առնվի քաղաքականություն մշակելիս` չնայած համեմատաբար փոքր հավանականությանը: Սակայն առավել հավանական են կարճատեւ ինտենսիվ մարտերը` մասնավորապես նոր դիրքեր գրավելու նպատակով, ինչպես եղավ քառօրյա պատերազմի դեպքում. սրանց հավանականությունը կպահպանվի, հատկապես, եթե բանակցությունները չընթանան Ադրբեջանի համար նախընտրելի ուղղությամբ:

– ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկ արվեցին: Հասարակությունը մինչդեռ ավելին է սպասում` պատասխանատվության ենթարկելու հարց է առաջ քաշվում: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո հասարակական համախմբման պայմաններում պետության առողջացման հասնելու հարցում կարո՞ղ ենք ձեռքբերումներ ունենալ: Ի՞նչ քայլեր, լուծումներ եք տեսնում:

– Պատասխանատվության խնդիրն իշխանությունը չի լուծելու` յուրայիններին չհանձնելու ձգտման ու եւս մի կարեւոր հանգամանքի պատճառով. նախկին պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքում նրանց վերադասների վերաբերյալ ցուցմունքները կբացահայտեն խնդրի շատ ավելի խորը եւ բարդ լինելը: Հասարակությունը պետք է ընդունակ գտնվի իր վերաբերմունքն արտահայտել կոռումպացված քաղաքական համակարգի նկատմամբ` դրա թե՛ իշխող, թե՛ պայմանականորեն ընդդիմադիր տարրերով հանդերձ. այդպիսի հնարավորություն կարող են տալ թեկուզ 2017թ. ընտրությունները: Այլապես փոփոխություն տեղի չի ունենա:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031