Ազատամարտիկը՝ բանակի ու զորակոչի մասին
Եռաբլուրում Արցախյան հերոսամարտի մասնակից Լեւոն Թադեւոսյանից (մականունը՝ Մատաղ) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկի մասին, որ պետք է 35 տարեկան բոլոր տղամարդկանց զորակոչել, նաեւ առաջարկվում է կանանց զորակոչելու օրենք բերել: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնություն կա նաեւ տարկետումը հանել եւ 18 տարեկան բոլոր տղաներին զորակոչել: Նա պատասխանեց. «Ես Պարույր Հայրիկյանի հետ համամիտ չեմ: Այսօր մեր զորքը հերիքում է, կանանց միտք չունի տանել բանակ: Երբ որ նրանց ժամանակը գա՝ նրանք էլ կգնան: Պարույր Հայրիկյանը թող իր առաջարկները պահի իրեն: 90-ականներին մենք հանդիպել ենք նրան, թող իր առաջարկները էն ժամանակ աներ: Չեմ ուզում ավել-պակաս բաներ ասել, բայց Պարույր Հայրիկյանին էլ ենք ճանաչում, մեր սպարապետ Վազգեն Սարգսյանին էլ ենք ճանաչում»:
Մեր դիտարկմանը, որ Շուշիի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն էլ առաջարկում էր, որ 18 տարեկաններին ընդհանրապես առաջնագիծ չտանենք, ավելի փորձառու զինվորականներով առաջին գիծը պահենք՝ նա պատասխանեց. «Պայմանագրային զինծառայողները այդքան չեն հերիքի, որ ամբողջ սահմանի երկայնքով պահեն: Սեֆիլյանը սխալ առաջարկ չի արել, բայց փորձառու զինվորներն էլ այսօր արդեն 55-60 տարեկան են: Նրանք ոչ առաջ գնացող են, ոչ էլ հետ: Մեկը՝ ես, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, մահացած զինվորի հայր, ես պետք է նստեի մի բարձունքում՝ ոչ առաջ, ոչ էլ հետ, իմ հնարավորությունների սահմանում պետք է պահեի էդ բարձունքը: Մենք չունենք էդ առողջությունը, որ կարողանանք առաջ շարժվել: Սեֆիլյանը սխալ չի, բայց էդքան ուժ չկա»:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
10.05.2016