Ռուսաստանի ԱԳՆ-ի դիմաց ապրիլի սկզբին բողոքի ակցիա
անող միակ հայը՝ հայկական համայնքի մասին
Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմը բողոքի ալիք բարձրացրեց աշխարհի բոլոր հատվածներում եղած հայկական համայնքներում՝ Ղարաբաղյան խնդրի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար: Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի իր ակցիան կազմակերպեց միայն մեկ քաղաքացի՝ Վախթանգ Սարգսյանը: Բողոքն ուղղված էր այն պետությանը, որը չնայած մեր ռազմական դաշնակիցն է՝ շարունակում է զենք վաճառել մեր հակառակորդին՝ Ադրբեջանին: Վախթանգ Սարգսյանն իր պաստառով ռուսական իշխանություններին կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը «ագրեսոր Ադրբեջանին»: Ռուսաստանում ապրող հայի այս քայլը դարձավ համացանցում շատերի քննարկման թեման:
Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական ամենամեծ համայնքներից մեկում, որտեղ հայերն ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում, ամենալուրջ քննարկման հարցում, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում իր դաշնակից երկրի թշնամուն, լռում են, նախընտրում են պահպանել չեզոքություն: Այս եւ Ռուսաստանի համայնքային կյանքին վերաբերող այլ հարցերի մասին «Առավոտը» զրուցել է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա անող միակ հայի՝ Վախթանգ Սարգսյանի հետ:
Նա արդեն 17 տարի է՝ ապրում է Մոսկվայում: Իր պատմելով՝ այստեղի հայկական համայնքի հասարակական կյանքում ակտիվ մասնակցություն չի ունենում: «Ռուսաստանի Դաշնությունում կան ինչ-որ հայկական կազմակերպություններ, դրանցից ամենամեծը Ռուսաստանում հայերի միությունն է. այդ կազմակերպությունն ունի ակնհայտ իշխանական հռետորիկա, որը ես չեմ կիսում, եւ գիտեմ շատ մարդկանց, որոնք շատ կտրուկ բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի հայերի միությանը»,- ասում է նա: Եվ չկիսելով համայնքի տարբեր միավորումների մոտեցումները՝ առանց համայնքից որեւէ մեկի հետ քննարկման էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմի օրերին որոշել է միայնակ իր բողոքի խոսքը հնչեցնել: Նրան ուղեկցել են իր ընկերները, որոնք լուսանկարել եւ տեսանկարահանել են ակցիան, որ հետագայում խնդիրներ ունենալու պարագայում ապացույցներ ունենան:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ Ռուսաստանի հայկական համայնքում մարդիկ այդ օրերին փողոց դուրս չեկան՝ հարցին պարոն Սարգսյանը պատասխանում է. «Ավելի շատ մարդկանց մոտ կա ինքնապահպանման բնական բնազդ, Արեւմուտքի երկրներում մարդն իրավունք ունի արտահայտելու իր ընդվզումը, Ռուսաստանում ֆորմալ առումով եւս նման իրավունք կա՝ Սահմանադրության 31-րդ հոդվածով, կա նաեւ դաշնային օրենք, որը կարգավորում է հանրահավաքների ու ակցիաների անցկացումը, բայց իրականում այստեղ ընդդիմացողներին քարշ են տալիս բաժանմունքներ կամ տուգանում են, եւ հատկապես, եթե նրանք ազգությամբ ռուս չեն, արհեստական դժվարություններ են ստեղծում նրանց համար,- նշում է նա՝ իր քայլի մասին ասելով,- դա կոչի մի ձեւ էր, ընդվզում, իմ դեպքում, իմ դեմքով ինձ հետ էին շատ մարդիկ, իմ ընկերները…»:
Մեր զրուցակիցը ակցիայի օրից պատմում է՝ ոստիկանները մոտեցել են, պարզապես զրուցել նրա հետ: Իր ասելով՝ ակցիայից հետո որեւէ ճնշում իր եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ չեղավ: «Բայց եթե նրանք ցանկանային, ինձ բաց չէին թողնի՝ չնայած ես ամեն ինչ օրենքի շրջանակներում էի արել»:
Խոսելով Ռուսաստանում հայկական համայնքի մասին՝ պարոն Սարգսյանն ասում է. «Այո, համայնքը մեծ է, բայց այն որեւէ ազդեցություն չունի Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա, եւ չունի մի քանի պատճառներով: Տարբեր մտավախություններ ունեն, որ իրենց համար դժվարություններ կստեղծվեն. մարդիկ, որոնք գտնվում են «վերեւներում», հանրային մարդիկ (բոլորը չէ՝ իհարկե) ինչ-որ ձեւով ներգրավված են համակարգում, չեն ցանկանում փորձանքն ընկնել, բիզնեսը, իրենց դիրքը ռիսկի տակ դնել: Իսկ սովորական քաղաքացիները ազդեցության լծակ չունեն»:
Մեր այն դիտարկմանը, թե Ռուսաստանում միություններ ունեցող մարդիկ իրենց միջոցառումների ժամանակ պարբերաբար շեշտում են, որ ռուսական իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ, պարոն Սարգսյանը պատասխանում է. «Ես ռուսական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ առանձնակի վերաբերմունք չեմ նկատել, իմանալով, որ դու հայ ես՝ ոչ ոք չի շտապում քեզ գրկել. դա ինչպես պետական, այնպես էլ կենցաղային մակարդակում է: Որպես կանոն, հայերի համար Ռուսաստանում անգամ դժվար է վարձով տուն գտնելը. կա համընդհանուր վերաբերմունք, թե ավելի լավ է՝ «սեւերին», Հարավի, Կովկասի մարդկանց բնակարան չտալ»,- ասում է Վախթանգ Սարգսյանը:
Նա Հայաստանում մեծացող հակառուսական տրամադրությունների ֆոնին Ռուսաստանի հասարակության շրջանում հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի նկատում. «Ես անձամբ այդ խնդրի հետ չեմ առնչվել, բայց կարծում եմ՝ իրենց համար դա միեւնույն է, դժվար թե նրանք տեղյակ լինեն, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են առաջացել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.05.2016
Ես մի հարցում ունեմ ցուցարարին (և բոլորին).-
Գրության մեջ կա մի նախադասություն, որ Ռուսաստանը արևմտյան երկրների պես ազատ երկիր չէ: Ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ ազատ երկրներում հայ համայնքներն ու Հայ Դատի Հանձնախմբերը ցույց չեն անում ասենք՝ ԱՄՆ-ի Արտաքին Գործոց Նախարարության դեմ՝ պահանջելու զենք չմատակարարել ցեղասպան թուրքին, որ իր հրթիռները ուղղել է դեպի Հայաստան: Մի՞թե իրավունք ունի հայ քաղաքացին (որ փոխրամասնություն է որևէ երկրում) պահանջել մի բան, որի վրա ՉԻ ԿԱՐՈՂ ազդեցություն ունենալ: Ու տեսնում ենք, որ հայկական կազմակերպությունները Սփյուռքում նպատակ են դրել աջակցել Հայաստանին ու Արցախին՝ տնտեսապես, քաղաքական մարզում ու դիվանագիտական աշխատանքներում: Այս ամենը հայերի անելիքների դաշտն է: Հայերը Սփյուռքում փորձում են դրական վերաբերմունք ստեղծել իրենց ապրած երկրների ղեկավարության ու ժողովրդի մեջ՝ հայության նկատմամբ:Կարծում եմ սա կբացատրի շատ շատ հարցեր:
Մի ուրիշ հարցում.- Այս լուրը կարդալուց հետո ստացա այն տպավորությունը, որ միայն այդ անձն է ճիշտ հասկանում իրավիճակն ու անելիքները, ու Մոսկվայում ու Ռուսաստանի ուրիշ քաղաքներում ապրող միլիոնավոր հայերը սխալ են: Պարզվում է, որ միայն նա է ճիշտ ուղղության վրա և մյուսները խելոք չեն պարզապես: Ամենազավեշտալին հենց ա՛յս հարցն էր: