Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շարունակել եմ ենթարկվել երկաթուղու ղեկավարության հետապնդումներին»

Մայիս 11,2016 16:00

Մամուլի նախկին պատասխանատուն դիմել է Սերժ Սարգսյանին

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի նախկին մամուլի քարտուղար Վահե Դավթյանը 2008թ. հուլիսին ընդունվել է աշխատանքի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում, որպես մամուլի ծառայության առաջատար մասնագետ: 2009 թ. նույն ընկերությունում զբաղեցրել է մամուլի ծառայության պետի պաշտոնը, մեկ տարի հետո՝ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի, 2011-ին կառավարման եւ հաղորդակցությունների ծառայության պետի տեղակալի, իսկ 2013-ին գործերի կառավարման ծառայության պետի տեղակալի եւ գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոնները:

Ինչպես տեղեկացրել էինք, Վահե Դավթյանը հայցով դիմել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով անվավեր ճանաչել «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի 24.10.2014 թ. 153/7 հրամանը (խիստ նկատողություն), ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 2.656.000 ՀՀ դրամ, որպես գործուղումների համար չվճարված օրապահիկի գումար, հօգուտ իրեն բռնագանձել 225.000 ՀՀ դրամ` որպես երեխայի ծննդյան կապակցությամբ Կոլեկտիվ պայմանագրի 3.4.4. կետով նախատեսված եւ չվճարված նյութական օգնության գումար եւ անվավեր ճանաչել գլխավոր տնօրենի 30.10.2014 թ. հրամանը` վերականգնելով Վ. Դավթյանին նախկին պաշտոնում, վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակաշրջանի համար միջին աշխատավարձը:

Առաջին եւ երկու դատարանները մասնակի էին բավարարել հայցը, ընկերությանը պարտավորեցնելով, որպեսզի վճարի օրապահիկի, երեխայի ծննդյան կապակցությամբ Կոլեկտիվ պայմանագրի 3.4.4. կետով նախատեսված եւ չվճարված նյութական օգնության գումարը:

Վ. Դավթյանն իր նկատմամբ կատարված ապօրինությունների կապակցությամբ դիմել է հանրապետության նախագահին: Ինչպես հայցի հետ կապված նա առաջինն էր, որ դիմել էր ի պաշտոնե դատարան, այնպես էլ առաջիններից է, որ դիմել է հանրապետության նախագահին:

«2012 թ. փետրվարից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նշանակումից հետո, ինձ համար անհայտ պատճառներով իմ եւ վերջինիս միջեւ ստեղծվեցին լարված հարաբերություններ: Բանը հասել էր նրան, որ 06.08.2014 թ. Վ. Ռեբեցն իր աշխատասենյակում, գտնվելով գրգռված վիճակում, առանց որեւիցե բացատրելի, հասկանալի կամ տրամաբանական պատճառի, ինձ հասցրել է անձնական վիրավորանքներ, ապա պահանջել ազատման դիմում գրել: Չպատասխանելով վիրավորանքներին ու հայհոյանքներին՝ ես որոշեցի իրավական ճանապարհով վերականգնել իմ խախտված իրավունքները: Ընկերությունում երկար տարիների աշխատանքի փորձը հուշում էր, որ դա կարող էր լինել հիմնարկի կողմնակի անձանց կամ ընկերության որոշ աշխատակիցների դրդման պատճառը, որի շարժառիթներն ինձ հայտնի չեն: Միջադեպից հետո ես հրաժարվել եմ Վ. Ռեբեցի հետ նրա աշխատասենյակում հանդիպելուց, այնուհետեւ հիվանդության պատճառով ստիպված եմ եղել արձակուրդ գնալ` առանց աշխատանքից ազատվելու դիմումը գրելու»,- գրում է Վ.Դավթյանը:
Նրա տեղեկացմամբ, 2014 թ. օգոստոսի 9-ին ընկերության գործերի կառավարման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Առաքելյանից ստանում է գրություն, համաձայն որի՝ պահանջվում է ներկայացնել գրավոր բացատրություն Ռեբեցի աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի եւ դրանից հետո տնօրենի հրավերով չներկայանալու պատճառների մասին: «Ի պատասխան այդ գրության՝ ես ներկայացրել եմ միջադեպի մանրամասները եւ խնդրել ուշադրություն դարձնել այն անհերքելի փաստին, որ ցանկացած անձ կամ վարույթ իրականացնող մարմին պետք է ելնի այն հանգամանքից, որ Ռեբեցի կողմից ինձ անձնական վիրավորանք հասցնելը «գործատու-աշխատող» փոխհարաբերությունների արդյունք չէ, այլ Ռեբեցի անհատական, այդ պահին փոփոխված անձնական վերաբերմունքի դրսեւորում»,-հանրապետության նախագահին ուղղված նամակում նշում է մամուլի քարտուղարը:

Ի դեպ, արձակուրդում գտնվելու ընթացքում Վ. Դավթյանը աշխատանքի հրավեր էր ստացել «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերությունից՝ մարքեթինգի բաժինը գլխավորելու համար: Նա ընդունում է հրավերը, եւ 2014 թ. նոյեմբերին ազատման դիմում ներկայացնում երկաթուղուն: «Երկաթուղու տնօրենին ազատման դիմում ներկայացնելուց մի քանի ժամ անց ես տեղեկացվեցի, որ իմ հանդեպ կարգապահական տույժ է կիրառվել՝ խիստ նկատողության տեսքով, փաստորեն` հետին թվով: Հարկ է նշել, որ «Ինգո Արմենիա» ընկերությունում աշխատելիս ես շարունակել եմ ենթարկվել երկաթուղու ղեկավարության հետապնդումներին` ընկերության տնօրինությանն ուղղված զանգերի ու իմ բնութագրի գեղարվեստական ներկայացման միջոցով: Բացի դրանից, զանգեր եւ սպառնալիքներ են եղել նաեւ Հայ-ռուսական համալսարան, որտեղ ես հանդիսանում էի քաղաքական գործընթացների ու տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ավագ դասախոս»,- ահազանգում է Վ. Դավթյանը:

Ըստ ավագ դասախոսի, «Եթե «Ինգո Արմենիա»-ի դեպքում ռուսական բիզնեսը միասնություն ու փոխըմբռնողականություն ցուցաբերեց, ապա Սլավոնական համալսարանի դեպքում Ռեբեցին եւ նրա թիմակիցներին այդպես էլ չհաջողվեց սեւացնել իմ անունը»:

Ի դեպ, Վճռաբեկ դատարանի հետ կապված՝ Վ. Դավթյանը գրում է. «ՀԿԵ ղեկավարությունն այս դատավարության ընթացքում հրաժարվելով իր 8 հոգանոց իրավաբանական ծառայությունից` դիմել է «Բրեյվ» ՍՊ ընկերությանը, որի գործունեությունն ուսումնասիրելիս` բախվում ես մի շարք հետաքրքիր փաստերի հետ: Փաստերն այդ, իրենց հերթին, ինձ մոտ մտահոգություն են առաջացնում: Մասնավորապես, 2014 թ. մայիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացրեց՝ «Լեւ Գրուպ» ՍՊԸ-ից հօգուտ «Հարավկովկասյան երկաթուղու» բռնագանձել 61.7 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ իմ հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ռեբեցը նման արդյունքի հասնելու համար նույն այն իրավաբանական գրասենյակին, որն այժմ պայքարում է իմ դեմ Վճռաբեկ դատարանում, վճարել է շուրջ 46 մլն ՀՀ դրամ: Այս երկու թվերի համադրությունը մի շարք հարցեր են առաջացնում: Առավել եւս, եթե հաշվի առնենք Փաստաբանական պալատի որոշումը, համաձայն որի՝ փաստաբանական ծառայության դիմաց վճարվելիք գումարը չպետք է գերազանցի բռնագանձված գումարի 10-15%-ը, առավել եւս հաշվի առնելով երկաթուղու՝ բոլորիս հայտնի ծանր ֆինանսական վիճակը, պարբերաբար նվազող աշխատավարձը, կադրային ճգնաժամն ու անդադար կրճատումները. 2008թ.` 4800 աշխատակից, 2015թ.` 3150 աշխատակից»:

Վ. Դավթյանը ՀՀ նախագահին ուղղված նամակում գրել էր նաեւ, որ «Բրեյվ» ՍՊԸ-ի բողոքը շուրջ 4 ամիս իր մոտ պահելով` Վճռաբեկ դատարանն ապրիլի 19-ին վարույթ է ընդունել. «Եվ սա այն դեպքում, երբ իրավունքի տիրույթում այլեւս պարզելու կամ իրավունքի զարգացմանը նպաստելու առումով սույն գործով քննարկելու որեւիցե բան չկա: Այսպիսով, ակնհայտ է անձնավորված, կողմնակալ ու ոչ իրավաչափ մոտեցումը»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Վահե Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե շարադրվածը զուտ անձնական հարց չէ: Եվ դիմելով նախագահին, գիտակցելով երկաթուղում տիրող ազգային խտրականությունը, վախի մթնոլորտն ու շատ դեպքերում ճչացող հակապետական մոտեցումները` ստիպված էր դիմել, որպեսզի կասեցնի ապօրինի ղեկավարման մեթոդների ու ազգային խտրականության արմատացումն այդ հիմնարկում. պարտադրվի այդ կազմակերպությանը պետության ներսում սեփական բարքերն ու կարգերը ներդնելու փոխարեն՝ հարգելու ՀՀ օրենքներն ու ՀՀ կառավարության որոշումները:

 

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031