ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի համար օֆշորային գոտում հայտնված Հայաստանի 37 քաղաքացու թիվը մեծ չէ:
«Ես այդ հրապարակված 37 քաղաքացիների ցանկին ծանոթ չեմ, համենայնդեպս, այդ մարդկանց կապել անօրինական, ֆինանսական գործարքների, մեքենայությունների հետ, քիչ հավանական եմ համարում: Օֆշորային գոտում գումարներ ունենալը հո չի՞ նշանակում միլիարդներ ունենալ, երեսունյոթ քաղաքացին մեծ թիվ չէ: Գուցե օֆշորում գրանցված գումարներ ասելով խոսքը վերաբերում է 150-200.000 դոլարի մասին, իսկ որեւէ կայացած գիտնական դրսում աշխատանք կատարելիս իր տարիների հոնորարներով կարող էր այդքան իրեն թույլ տալ, եթե ոչ ավելի շատ»,- կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Հետքը» հրապարակել է ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում:
Այդ ցանկում են նաեւ ակադեմիկոսներ:
Կարդացեք նաև
«Ես այդ գիտնականներին չեմ ճանաչում, նրանց գիտական գործունեությանը ծանոթ չեմ: Կդժվարանամ մեկնաբանել: Բայց եթե նրանք ունեն դրսում կատարած աշխատանքներ,, շատ հնարավոր է, որ այդ աշխատանքները նաեւ լավ վարձատրվել են եւ Գիտության ոլորտի՝ հատկապես բնագիտության բնագավառի ներկայացուցիչը կարող էր դրամական միջոցները օֆշորներում պահել: Քիչ հավանական եմ համարում, որ այդ կոնտինգենտը զբաղված է եղել կապիտալի արտահանմամբ, անհավանական եմ համարում նաեւ, որ այդ անուններն օգտագործվել են ինչ-որ մեկի կողմից ու կեղծ են: Մի բան ակնհայտ է, երբ ասում ենք օֆշորային սկանդալ, բոլորս էլ մտածում ենք՝ կհայտնվեն այնպիսի դեմքեր՝ քաղաքական կամ պետական պաշտոններ զբաղեցրած, որոնք կարող են օգտագործել իրենց քաղաքական ու պետական հնարավորությունները սեփական նպատակների համար:
Չգիտեմ՝ ինչ թվերի մասին է խոսքը, գուցե եթե իմանայի ու համեմատեի այդ մարդկանց գործունեության արդյունքների հետ, հնարավոր կլիներ վերլուծել: Բայց միայն այն, որ նրանք օֆշորային գոտիներում հաշիվներ ունեն բացած, չի կարելի դա համարել դատապարտելի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լավ կարելի է այս ասդիճան տեպիլություն դուրս տալ? Եվ սա ասում է “ՀՀ նախկին վարչապետը”