Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Պանամայի փաստաթղթերի մասին. Սա ամբողջ ցուցակը չէ

Մայիս 10,2016 20:07

Ինչպես հայտնի է, «Հետք»-ը հրապարակել է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների անունները, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում:

Aravot.am-ը այս մասին խոսեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Նա նշեց, որ սա համաշխարհային խնդիր է, եւ պատահական չէ, որ երեկ երեք հարյուր հայտնի տնտեսագետներ, այդ թվում նաեւ նոբելյան մրցանակիրներ, դիմել են իրենց երկրների ղեկավարներին, որ իրենց երկրների տարածքում օֆշորային հասկացությունը վերացնեն. «Այնպես չէ, որ խոսում ենք միայն  Վիրջինյան կղզիների մասին, Կիպրոսի եւ այլն, եւ այլն, բայց նույնիսկ Ամերիկայում Միացյալ Նահանգներում կա, Շվեյցարիայում կա, Անգլիայում կա, Գերմանիայում կա, այսինքն՝ այդ հնարավորությունները երկրներում էլ են տվել: Ժամանակին, ամենայն հավանականությամբ, հիմնական նպատակը եղել է ներդրումներ ապահովել այդ երկրներում»:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ եթե ժամանակին դա արվում էր իրավական դաշտում անկախություն ստանալու համար, հիմա, քանի որ կան տարբեր միջազգային  համաձայնագրեր, որոնք լուծում են ոչ միայն տեղական նշանակության հարցեր, այլ նաեւ միջազգային նշանակության: Այժմ դրա նշանակությունը չկա, այդ իսկ պատճառով տնտեսագետները եկել են այն կարծիքով, որ օֆշորային գոտիները համաշխարհային տնտեսության վրա արդեն բացասական ազդեցություն են թողնում:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ Պանամայի փաստաթղթերի հետ կապված պարզվեց, որ ահաբեկչական կազմակերպությունները կարողանում են օֆշորային գոտիների միջոցով միջազգային սանկցիաներից խուսափել եւ իրենց գործը կատարել, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների միջոց է դարձել. «Լավ նպատակը ծառայեց վատ գործի, եւ մենք հիմա էլ այդ խնդրի առաջ ենք կանգնած, որովհետեւ տեսնում ենք մեզ մոտ հիմնականում այն բիզնեսները, որոնք որ ռիսկային են, օրինակ՝ հանքարդյունաբերությունը, այնտեղ բոլորը բացի մի կազմակերպությունից գրանցված են օֆշորային գոտիներում:

Մեր օֆշորային սկանդալը յուրօրինակ պատմություն ուներ, որով մենք սկսեցինք ավելի մանրամասն առնչվել, Տիգրան Սարգսյանի հետ էր կապված, Փայլակ Հայրապետյանի, բայց ըստ էության, սխեման դա է՝ դա հնարավորություն է տալիս մարդկանց առանց իրենց անունը նշելու կամ առանց մանրամասների, օրինակ՝ Պանամայինը շատ հետաքրքիր էր, հիմա շատ մանրամասներ են գրում, որ դուք կարող եք մտնել մի շենք այնտեղ հազարավոր ընկերություններ կան, այնտեղ կարող եք առանց որեւէ լրացուցիչ ինֆորմացիաների, ձեր անունով կամ մեկի անունով կազմակերպություն գրանցեք, դառնաք Պանամայի հարկատու, բայց միաժամանակ կարողանաք տնտեսական գործարքներ կատարել: Իհարկե՛, ես կսպասեմ, որ այդ Պանամայի փաստաթղթերը մինչեւ վերջ հրապարակվեն, որովհետեւ հիմա նախնական է»:

Վահագն Խաչատրյանը համարում է, որ պետք է տարանջատել մի հանգամանք՝ երբ այդ ցուցակներում հայտնվում են գործարար շրջանակները եւ պետական պաշտոնյաներ. «Եթե ինչ-որ մի տեղ գործարարներին կարելի է հասկանալ, դա իրենց իրավունքն է, ամեն մի երկիր պետք է փորձի իր օրենքներով փակել այդ աղբյուր, եւ երկրորդը՝ պետական պաշտոնյաները, ինչն անընդունելի է: Եվ պարզվում է, հիմնականում այդ կղզյակներից սկսում են օգտվել պետական չինովնիկները, որոնք իրենց երկրներում տարբեր խնդիրներ ունեն, չեն կարող հրապարակել իրենց եկամուտները, հարկերը, բայց տնտեսական անօրինական գործունեությամբ են զբաղվում:

Բիզնեսը մի քիչ ուրիշ է, թեկուզ մեզ մոտ բիզնեսը եւ իշխանությունը սերտաճած են, իրարից չեն տարբերվում: Այդ առումով, եթե բիզնեսով հետաքրքրվում ես նաեւ իշխանության պաշտոնյաններով էլ ես հետաքրքրվում, հիմա մեր երկրում սա է, դրա վերջն էլ պետք է տրվի»:

Վահագն Խաչատրյանը համոզված է, որ սա ամբողջ ցուցակը չէ, ըստ նրա, եթե Պանամայով չավարտվի, ապա հայկական նախասիրությունները փոխվել են դեպի ուրիշ գոտիներ, օրինակ՝ Շվեյցարիա: Պետք է դեռ սպասել:

Անդրադառնալով հայկական շուկայի վրա ազդեցությանը Վահագն Խաչատրյանն ասաց, որ առաջին հերթին բիզնեսը բաց կդառնա, իշխանությունն ու բիզնեսը կտարանջատվեն. «Այսինքն՝ մենք հնարավորություն կունենանք նաեւ լրացուցիչ մեր բյուջեի եկամուտներն ավելացնել: Մի բացատրություն կա, որ շատ դեպքերում արդարացնում են օֆշորայինը, որ մարդը օֆշորից գալիս, քո երկրում ներդրումներ է անում, բայց դա կարճաժամկետ էֆեկտ  է տալիս, երկարաժամկետ առումով դա ամբողջ տնտեսության մեջ ոչ մրցակցային մթնոլորտ է ստեղծում, եւ ով որ առավելություն է ստանում կախված չի լինում իր բիզնես ունակություններից, դա կապված է լինում այդ տիպի գործոններով՝ անվերահսկելի միջոցներ, չվճարված հարկեր, մի խոսքով՝ անհավասար պայմաններ: Երկարաժամկետ առումով դուք տարիներ հետո տեսնում եք, որ ձեր երկրում լուրջ խնդիրներ կան»:

Aravot.am-ի նկատառմանը, որ ցուցակում կար նաեւ Ռուբեն Վարդանյանի անունը, Վահագն Խաչատրյանը ասաց, որ դա արդեն Ռուսաստանի Դաշնության խնդիրն է. «Բայց բոլոր դեպքերում կարծում եմ լրացուցիչ բացատրության կարիք կլինի: Եթե գնում են այնտեղ են գործարքներ անում, ուրեմն՝ մի բան այն չէ, կարող է լավ բան այն չէ: Բայց բոլոր դեպքերում այդ ցուցակում հայտնվելը չեմ կարծում, որ հաճելի է, նամանավանդ, այն դեպքում, երբ մարդիկ կան Ռուսաստանից, որոնց մասին իրենց երկրի ղեկավարը բացատրություններ տվեց, որի անվան հետ կապում են միլիարդավոր դոլարներ:

Հիմա այս մարդիկ ժամանակին գնացել են այդ քայլին, համապատասխան բիզնես շահեր, բիզնես եկամուտներ են ստացել: Հիմա, եթե խնդիրներ են առաջանում, իրենք պարտավոր են նաեւ դրա բացատրությունները տալ»:

Վահագն Խաչատրյանը համարում է, որ պետք չէ դատավոր դառնալ, պետք է յուրաքանչյուրին յուրովի գնահատական տալ, ինչպես օրինակ՝  Պանամայի փաստաթղթերի հրապարակման արդյունքում Իսլանդիայի վարչապետը հրաժարական տվեց, իսկ Մեծ Բրիտանիայինը՝ ոչ. «Պետք է գայթակղությունների մեջ չընկնենք, դա խանգարում է օբյեկտիվ լինելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031