Եվրամիությունը զգուշանում է Հայաստանում ատոմային ռումբի առկայության մասին լուրերից, իսկ եվրոպացի պաշտոնյաները զգուշանում են այս կապակցությամբ որևէ հայտարարություն կատարել։ Այս մասին հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը։
Հայաստանում ատոմային ռումբի առկայության մասին խոսել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Եվրամիության դիվանագիտական հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը ասել է, որ իրենք պետք է ստուգեն այս լուրերի իսկությունը. «Դուք գիտեք մեր վերաբերմունքը ատոմային զենքի չտարածման վերաբերյալ։ Մեր վերաբերմունքը հստակ է, բայց ես դեռևս պետք է ստուգեմ»։
Հիշեցնենք, որ 2016թ. ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հայաստանը ատոմային զենք ունի, ինչպես նաև բոլոր հնարավորությունները՝ այն արտադրելու համար։