Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի խոսքերը, որ ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ, քանի դեռ չի ճանաչել Հայաստանը ԼՂՀ անկախությունը: Նա պատասխանեց. «Հայաստանը եւ ՌԴ-ն ռազմավարական գործընկերներն են, յուրաքանչյուրը, իր պետական շահերից ելնելով պետք է զարգացնեն երկկողմ դաշնակցային հարաբերությունները: Մենք պետք է զարգացնենք այդ հարաբերությունները, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները բխում են նախ եւ առաջ մեր շահերից: Այս տարիների ընթացքում, բոլոր խնդիրներով հանդերձ, Ռուսաստանն է եղել այն երկիրը, որը շատ լուրջ չափաբաժնով եւ մատչելի, շատ լավ պայմաններով Հայաստանին տրամադրել է զինամթերք, սպառազինություն: Իսկ թե քարտուղարն ինչ է ասել, ոնց է ասել՝ քարտուղարը չի որոշում որեւէ դեսպանատան՝ Արցախն անկախ է, թե անկախ չէ: Արցախն անկախ է»:
Ինչ վերաբերում է Վոլինկինի հարցին՝ փաստաթուղթ ունե՞ք, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, ըստ Շարմազանովի, դա գոնե այս պահին ապացույցն է այն բանի, որ հիմա ՌԴ-ն չի վաճառում զենք մեր հակառակորդին. «Ես չեմ կարող ասել՝ շարունակելու է վաճառել, թե չի շարունակելու, ՌԴ-ն ինքնիշխան պետություն է»:
200 մլն վարկի դիմաց զենքը, Շարմազանովի խոսքերով, շուտով կհասնի. «Մի մտահոգվեք»:
Նա ասաց. «Որեւէ երկիր այդքան ռազմական օժանդակություն այդպիսի պայմաններով մեզ չի ցուցաբերել, որքան Ռուսաստանը, եւ մենք պետք է սլաքներն ուղղենք ոչ թե Ռուսական, ֆրանսիական կամ ԱՄՆ համանախագահության կողմ, այլ սլաքները պետք է ուղղենք Արեւելք՝ Ադրբեջանին, Արեւմուտք՝ Թուրքիային»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ