Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մայիսի 10-ին ներկայացվեց «Զորավոր Ավետարանը» գիրք-ալբոմը, որը նվիրված է «Զորավոր» անունը ստացած հրաշագործ Ավետարանին: Մատենադարանի գիտաշխատողների` պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի եւ Արփինե Սիմոնյանի հեղինակած գրքում ամփոփված են Ավետարանի ընդօրինակման, տարբեր վայրեր փոխադրվելու մասին պատմությունները, փորձագետների ուսումնասիրությունները, «Զորավոր» կոչվելու ավանդությունը եւ հրաշագործությունները:
Ավետարանի մասին ամփոփ աշխատություն ստեղծելու նախաձեռնության հեղինակը ԱՀԹ Երեւանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն է:
«Զորավոր Ավետարանն այժմ պահվում է Մատենադարանում: Երևանի կենտրոնում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցին, որտեղ ժամանակին պահվել է Ավետարանը, ստացել է «Զորավոր» անունը: Գրքում ընթերցողը կգտնի նաեւ «Զորավոր» Ավետարանի հետ կապված հրաշագործությունների վկայությունները, բժշկության դեպքերի մասին պատմությունները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տեր Գրիգորը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ մայիսի 14-ին՝ Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրը, Մատենադարանից հրաշագործ Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի:
Տեր Գրիգորը նաեւ նշեց, որ առաջիկայում նախատեսվում է տպագրել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու վիմագրությունների մասին գիրք:
Լուսանկարները` արխիվային
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ