Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմտահայոց ազգային համագումարը» դադարեցրել է Թուրքիայի պետական մարմինների հետ համագործակցությունը

Մայիս 10,2016 17:19

«Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպությունը դադարեցրել է համագործակցությունը Անկարայի իշխանությունների հետ: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը տեղեկացրեց, որ «Արևմտահայոց ազգային համագումարը» ստեղծել է Ազգային փոքրամասնությունների դաշինք։

Իրենց` Թուրքիայի պաշտոնական մարմինների հետ համագործակցության դադարեցման մասին պատգամավորն ասաց. «Թուրքիայի վարչակազմը որդեգրել է պանթուրքիստական հանցագործ գործելաոճ, միջամտում է երրորդ պետությունների գործերին: Միևնույն ժամանակ «Արևմտահայոց ազգային համագումար»-ն ակտիվացրել է ընդդեմ Թուրքիայի միջազգային դատավարություն կազմակերպելու աշխատանքները` Փոքր Ասիայի հալածյալ ազգերի հետ միասնական ուժերով»:

Պարոն Ախոյանը ներկայացրեց նաև կազմակերպության հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Նկատի ունենալով Թուրքիայում բնակվող քուրդ և այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ բռնությունները, ԼՂՀ և ՀՀ սահմաններին ադրբեջանական բանակի զորամասերի կողմից սանձազերծվող հարձակումները, որոնք ուղեկցվում են խաղաղ հայ բնակչության վրա հարձակումներով` որոշել ենք ստեղծել Ազգային փոքրամասնությունների դաշինք»:

Պատմական գիտությունների դոկտոր Վահան Մելիքյանը նշեց, որ դաշինքի նախագծում ներկայացված են մի շարք պահանջներ Թուրքիայից, մասնավորապես Թուրքիայի իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջում են Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի քրդերի նկատմամբ հալածանքները, ՀՀ և ԼՂՀ հանցավոր շրջափակումը դադարեցնել:

Հարցին` հակաթուրքական դաշինքի ստեղծումը չի՞ բորբոքի առանց այդ էլ լարված կրքերը, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Ուզում եմ ընդգծել, որ առավելապես շարունակում ենք նոր թափով երկխոսությունը քաղաքացիական հասարակության հետ: Դրա համար Թուրքիայում հիմա ստեղծված են նպաստավոր պայմաններ: Ե՛վ ԱՄՆ-ին, և՛ ՌԴ-ին ձեռնտու է, որ այսօր Էրդողանի վարչակարգը որքան հնարավոր է շուտ դուրս գա ասպարեզից: Սա ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս, որ քաղաքացիական հասարակության և Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ համագործակցությունը խորանա»:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե «Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»: Արագած Ախոյանը հարցրեց` հետաքրքիր է ո՞ւմ է նկատի ունեցել, որ այսպիսի կարծիք է հայտնել. «Ուրեմն նրա`թոշակի գնալու ժամանակն է, նման հայտարարություն չի կարելի անել, թող գնա ակտիվ հանգստի»:

Վահան Մելիքյանը փորձեց պարզաբանել` երևի Ռադիկ Մարտիրոսյանը նման եզրակացություն է արել` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, բայց նաև շեշտեց, թե նրան հարիր չէ նման հայտարարությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031