Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սոցիալական դժգոհության այս պայմաններում ռեֆորմի կիրառումը պետք է հետաձգել»

Մայիս 10,2016 17:03

Կուտակային հիմնադրամների ռեֆորմի վերաբերյալ ցանկանում եմ նախ հիշեցնել Հայ Ազգային Կոնգրեսի գնահատականները: Չէի ուզի նաեւ մոռացության մատնել այն հանգամանքը, որ ռեֆորմին դեմ էինք քառյակով միասին. Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը եւ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Այսօր, ինչքան հասկանում ենք, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, դառնալով ՀՀԿ հետ կոալիցիոն գործընկեր, այլեւս դեմ չէ: Այլապես հավանություն չէր տա նման նախագծին, որը հետաձգելով ռեֆորմի փուլերից մեկը, այնուամենայնիվ պահպանում է հավատարմությունը ռեֆորմի ընդհանուր էությանը:

Ինչո՞ւ էինք մենք դեմ այս այսպես կոչված բարեփոխմանը: Չէ՞ որ մենք հասկանում ենք, թե ինչ կարեւորություն ունի տնտեսության ակտիվացման համար կապիտալի շուկայի զարգացումը եւ կարեւորում ենք այնպիսի տնտեսական գործիքների ստեղծումը, որոնք նպաստում են երկիր տնտեսության մեջ երկար փողերի առաջացմանը: Բայց մենք դեմ էինք այդ ռեֆորմի իրականացմանը այն կոռուպցիոն միջավայրում, որ գոյություն ունի Հայաստանում, տնտեսության մենաշնորհացման պայմաններում, իշխանության նկատմամբ ժողովրդի կողմից անվստահության պայմաններում:

Մենք ասում էինք, որ ապօրինի մենաշնորհների եւ օֆշորային հանցավոր սխեմաների պայմաններում հնարավոր չի լինի ապահովել նման հիմնադրամների գործունեության թափանցիկությունն ու արդյունավետությունը, իսկ դա իր հերթին կվարկաբեկի կուտակային հիմնադրամների ստեղծման ամբողջ գաղափարը, անվստահություն կառաջացնի ժողովրդի մեջ բուն այդ ինստիտուտի նկատմամբ, ինչը հնարավորություն չի տա գոնե ապագայում, այս անգամ ճիշտ ռելսերի վրա, կատարել նույն այդ ռեֆորմը:

Լավ, գնացիք այդ քայլին, ստեղծեցիք այդ կուտակային հիմնադրամները, մի՞թե պարզ չէ, որ ռեֆորմի հաջողության համար կառավարությունը պետք է լուսաբաներ այդ հիմնադրամների գործունեությունը, ցույց տար «հաջողության պատմություններ» /success story/, թափանցիկորեն ներկայացներ ներդրումների զամբյուղը, պարզաբանելով, թե այդ ներդրումները ինչ ծրագրերի մեջ են կատարվում եւ ինչ արդյունք են տվել: Ճիշտ է, մեր հարցումներին ի պատասխան նշեցիք, որ այսօր գոյություն ունեն երկու կուտակային հիմնադրամներ, մեկը ֆրանսիական եւ մյուսը համատեղ ավստրիական-գերմանական եւ միասին տնօրինում են 36 մլրդ հասնող կապիտալ, բայց ավելի մանրամասն տեղեկություններ այդ հիմնադրամների գործունեության մասին կառավարությունը հանրությանը չի տրամադրում: Եվ սա պետք է լիներ ոչ թե ի պատասխան հարցերի, այլ հենց կառավարության նախաձեռնությամբ՝ հանրության մոտ վստահություն ձեւավորելու նպատակով: Նման բան լսել ե՞ք, որեւէ քայլ այդ ուղղությամբ նկատել ե՞ք, որեւէ հրապարակում այդ մասին տեսել ե՞ք, թե վճարում կատարող այդ քաղաքացիները ինչպես են տեղեկացվել իրենց հաշիվների կառավարման մասին: Ոչ, եւ այդ ոչը ցույց է տալիս, որ իշխանությունը շարունակում է անտեսել ռեֆորմի գլխավոր շարժիչ ուժը՝ հանրության վստահությունը կուտակային հիմնադրամների նկատմամբ եւ ամբողջ հույսը դնում քաղաքացիների կամքին հակառակ վճարումների մեխանիզմի վրա:

Հիմա, իհարկե բերել եք մի նախագիծ, որով մասնավոր ընկերություններում աշխատող քաղաքացիների նկատմամբ օրենքի կիրառումը հետաձգվում է: Կարո՞ղ ենք մենք դեմ լինել այդ հետաձգմանը, իհարկե՝ ոչ: Մի բան, որ մենք համարում ենք վատ մեր երկրի եւ ժողովրդի համար, եթե դա հետաձգվում է մեկ տարով, մենք դրան դեմ լինել չենք կարող: Բայց մենք չենք կարող դրան նաեւ կողմ լինել երկու կարեւոր պատճառով:

  1. Նախագիծը ցույց է տալիս, որ դուք, ըստ էության, ինքներդ էլ չգիտեք թե ինչ ռազմավարությամբ եք ցանկանում շարժվել այս ռեֆորմի հարցում: Դես ու դեն այս հուսահատ շարժումները ցույց են տալիս, որ դուք խճճվել եք այս հարցում, բայց միեւնույն է, պահպանում եք Ձեր հավատարմությունը այս չարաբաստիկ ռեֆորմին: Իշխանությունների նման պահվածքի համար պատասխանատվություն ստանձնել մենք չենք կարող:
  2. Եվ երկրորդ պատճառը: Պարտադիր վճարների 1 տարով հետաձգման անլուրջ հիմնավորումները ցույց են տալիս, որ իրական պատճառը լրիվ այլ է: Իսկ որ հիմնավորումները անլուրջ են, պարզ ցույց տվեց հենց ձեր կողմից տրամադրված մի տեղեկություն: Երբ ես առաջարկեցի կուտակային հիմնադրամների ծրագրավորման եւ հարկային համակարգի ծրագրավորման ձեր իսկ կողմից ոգեկոչված անհամատեղելիության խնդրի լուծումը, դուք հակադարձեցիք, ասելով, որ 2011թ. հարկային օրենսգրքի ընդունումից հետո պահանջվեց 1.5 տարի համապատասխան ծրագրավորում գրելու նպատակով: Ձեր ասածը ուղղակիորեն ապացուցեց, որ առանց համապատասխան ծրագրավորման ուղիղ 1.5 տարի կամ ավելին իրականացրել եք անհրաժեշտ վարչարարությունը: Այստեղից բխում է մի բան. որ այս հետաձգումը ծրագրավորման անհամատեղելիությամբ պայմանավորելը քողածածկույթ է ավելի լուրջ պատճառների համար: Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ դուք էլ եք գիտակցում Հայաստանում ստեղծված ծանր սոցիալական վիճակում նման պարտադիր վճարների կիրառման անհնարինությունը:

Դուք էլ եք հասկանում, թե դժգոհության ինչ մեծ ալիք դա կառաջացնի եւ այս քայլով խոստովանում եք, որ այն մարսել չի լինի: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու չեք կարող այս մասին ուղիղ խոսել: Շատ ավելի ազնիվ կլիներ, որ ծիծաղաշարժ պատճառաբանությունների փոխարեն ժողովրդին պարզ ասեիք, որ գիտակցում եք ստեղծված վիճակի ծանրությունը, գիտակցում եք, որ սոցիալական դժգոհության այս պայմաններում ռեֆորմի կիրառումը պետք է հետաձգել:

Ամեն դեպքում, վերոշարադրյալից պարզ է, որ Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ժողովրդի սոցիալական ծանր իրավիճակը էլ ավելի բարդացնող քայլերի հետաձգմանը, միեւնույն ժամանակ չի կարող, կողմ քվեարկելով, պատասխանատվություն ստանձնել անհետեւողական, չհիմնավորված եւ ժամանակավրեպ այս ռեֆորմի իրականացման համար, ուստի մենք ձեռնպահ կքվեարկենք ներկայացված օրինագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031