Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական Քիլիս քաղաքի բնակիչներին հորդորել են նամազով «խուսափել» ԻՊ-ի հրթիռներից

Մայիս 10,2016 16:25

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը մայիսի 10-ին «Զարկերակ» մամուլի ակումբում տեղեկացրեց, որ թուրք-սիրիական սահմանին գտնվող 120.000 բնակչություն եւ 100.000 սիրիացի փախստական ունեցող թուրքական Քիլիս քաղաքը հունվարի 10-ից անընդհատ հրթիռակոծվում է Սիրիայի տարածքից` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից. արդեն մահացել է 21, վիրավորվել` 70-ից ավելի մարդ:

«Ժողովուրդն ահաբեկված է, ով հնարավորություն ունի` լքում է քաղաքը, որովհետեւ կյանքն ապահով չէ: Քաղաքացիները դիմել էին նահանգապետին` ասելով, որ երեխաներին չեն կարողանում դպրոց ուղարկել, չեն կարողանում խանութ բացել, որովհետեւ չգիտեն` վաղը քանի հրթիռ է ընկնելու իրենց վրա: Նահանգապետն էլ ասել է, թե տանից դուրս գալուց նամազ արեք, եւ աշխատեք չմնալ այն սենյակներում, որոնց պատուհանները նայում են սիրիական սահմանին»,-ասաց Չաքրյանը:

qilis 2

Նա նշեց, որ սա ոչ թե նահանգապետի խնդիրն է, այլ Թուրքիայի զինված ուժերի, որովհետեւ Թուրքիան ԻՊ-ն «կրթել» է, հովանավորել, զինել, իր հիվանդանոցներում բուժել եւ ռազմաճակատ վերադարձրել վիրավոր զինյալներին: «Հիմա Թուրքիան Արեւմուտքի ճնշման տակ չի կարողանում առաջվա պես օգնել ԻՊ-ին, զինյալներն էլ զայրացել են` գիտեք, ինչ կարգի շիզոֆրենիկներ են…Նրանց համար ով իրենց հետ չէ, ուրեմն իրենց թշնամին է: Հիմա թուրքերն իրենց հետ չեն, հետեւաբար` իրենց թշնամին են, այդ պատճառով էլ զինյալներն ամեն օր 4-5 հրթիռ են նետում Քիլիսի վրա: Հրթիռակոծությանը թուրքերը պատասխանում են հրանոթներով, հետո էլ հայտարարում, թե այսքան ԻՊ-ական սպանեցին: Օրեր առաջ էլ մեկնաբաններից մեկն ասաց` հրանոթի վրա հեռադիտա՞կ են կապել, որ ասեն, թե քանի ԻՊ-ական են սպանել, ո՞ւմ են խաբում»,-նկատեց թուրքագետը:

qilis

Նրա դիտարկմամբ` ԻՊ-ի հրթիռակոծության դեմ պայքարի տարբերակն ահաբեկիչների դիրքերը կործանիչներով ոչնչացնելն է, բայց թուրքական ինքնաթիռները չեն կարող օդ բարձրանալ, քանի որ Ռուսաստանը Թուրքիայի կողմից իր կործանիչի խոցվելուց հետո զգուշացրել է` եթե թուրքական ռազմական ինքնաթիռները 10 կմ մոտենան Սիրիայի սահմանին, կխոցվեն ռուսական ավիացիայի կողմից: Այստեղից էլ թուրք-ռուսական հարաբերությունում էլ ավելի մեծ լարվածություն է առաջանում:

Հակոբ Չաքրյանը նաեւ հայտնեց, որ Քիլիսի հրթիռակոծության հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թվում նաեւ երեխաներ կան:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031