Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով` քոսոտ երկիր չկա, կան քոսոտ մարդիկ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ի պատասխան «ՀԺ»-ի դիտարկմանը, թե ՀՀ-ում բավարար ներուժ կա ռազմական արդյունաբերությունը զարգացնելու համար, արձագանքել էր. «Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաբայանն իր մտահոգությունը հայտնեց այս առիթով. «Ցավոք, մեր գաղափարները կոչված են յոլա տանել կյանքը: Բայց յոլա տանելով, թե մենք խեղճ ենք, մյուսն էլ ասում է քոսոտ ենք, ընդ որում, գիտությունների ազգային ակադեմիան ղեկավարող մարդը, հնարավոր չէ»:
Կարդացեք նաև
Գրականագետ Դավիթ Գասպարյանը միջամտեց. «Ոչ մի գիտություն, նա թալանչի է: Հետո՞ ինչ ղարաբաղցի է, վաղուց նրան պետք է փոխած լինեին, ուրեմն պիտի գիտությունը թաղի՞: Բարով-խերով ուղարկեք թոշակի: Նման հայտարարությունները մեր գիտության իրական վիճակն է ցույց տալիս: Եթե նա նման բառ է օգտագործել, ուրեմն ինքը պիտի բուժի, իր արածն է, ինքն է ստեղծել: Գիտությունը, եթե իր տեղում լինի, երկիրն առողջ կլինի»:
Ռուբեն Բաբայանը հավելեց. «Քոսոտ երկիր գոյություն չունի, կան քոսոտ մարդիկ, որոնք իրենց սեփական անձը տարածում են երկրի վրա: Արդարացնում են իրենց, թե երկիրն այդ տեսակ է: Երկիրն այդ տեսակ չէ, դու ես այդ տեսակ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ