Լրահոս
Օրվա լրահոսը

«Փի էս Այ» ընկերության ծրագրերի պատասխանատու. «Ոչինչ կախարդական փայտիկով չի տեղադրվելու սահմանին»

Մայիս 10,2016 15:36

«Փի էս Այ» ընկերության ղեկավար Սամվել Գեւորգյանն օրերս ասել էր , որ պաշտպանության ոլորտում օգտագործվող այնպիսի սենսոր են ստեղծել, որը զգայունությամբ 10 անգամ գերազանցում է շուկայում գոյություն ունեցողներին, նաեւ նշել էր, թե 2013 թ. ծրագրի իրականացման համար Գիտության պետական կոմիտեի միջոցով «Փի էս Այ» ընկերությանը փոխանցվել է շուրջ 6 միլիոն դրամ, սակայն դրանից հետո համագործակցությունը չի շարունակվել: Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն էլ Aravot.am-ին պարզաբանել էր, որ «Փի էս Այ»-ը հրաժարվել է սենսորը պաշտպանության նախարարությունում փորձարկելուց:

Aravot.am-ը կապվեց «ՓԻ ԷՍ ԱՅ» ընկերության ծրագրերի պատասխանատու Վարդան Գեւորգյանի հետ, որն ասաց, թե առանձնապես հակված չեն տեղեկատվություն տրամադրել, քանի որ խուսափում են թեմայի վերաբերյալ սկանդալային քննարկումներից ու մանր կոնֆլիկտներից, ինչ վերաբերում է իրենց սենսորներին, ասաց, որ ամբողջական տեղեկությունը զետեղված է ընկերության www.psi.am կայքէջում:

Վարդան Գեւորգյանից հետաքրքրվեցինք իրենց սենսորի զգայունությամբ՝ պայմանավորված հողի որակով: «Գիտության մեջ սեյսմիկ սենսորների զգայունությունը բնականաբար կախված է, թե ինչ տիպի հողի մեջ է թաղված այն, այսինքն` հողի որակից կախված՝ սենսորի զգայունությունը փոխվում է, չոր, քարքարոտ հողի մեջ դա մի բան է, փափուկ հողում՝ մեկ այլ, անապատի ավազի մեջ ուրիշ»,-ասաց Վարդան Գեւորգյանը:

Նաեւ հավելեց, որ տարբերակելն էլ ծրագրային մեթոդով է լինելու՝ դիցուք շո՞ւն անցավ թփերի միջով, թե՞ մարդ: «Ֆիքսված հեռավորության վրա է զգայուն, ավելի հեռու այլ սենսորներ են կիրառվում»,-ասաց նա:

Վարդան Գեւորգյանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե իրենց ընկերությունը հրաժարվել է սենսորները պաշտպանության նախարարությունում փորձարկելուց: «Փաստեր կան, այդ թվում՝ ֆոտո, վիդեո, որ բազմակի անգամ փորձարկվել է պաշտպանության նախարարության հետ համատեղ, անտեղ եղել են սրտացավ մարդիկ: Միասին տարիներ առաջ փորձել ենք ինչ-որ բաներ անել, եթե պետք լինի կարող ենք փաստեր, արձանագրություն ներկայացնել: Հայտարարությունները, որ ընկերությունը հրաժարվել է փորձարկել, իրականությանը չեն համապատասխանում…Պաշտպանության նախարարության հետ ինչ-որ բանի մերժում եղել է ամենավերջում՝ բազմակի անգամ համատեղ փորձարկումներից հետո: Պարզապես եկել ենք նրան, որ ինչքան փորձարկումներ արել ու էներգիա ենք ծախսել, բավարար է, պետք է համագործակցության մեխանիզմներ գտնել:

Ընդ որում, այդ մեխանիզմները պայմանավորված են մասնավոր ընկերություններ-պաշտպանության նախարարություն համագործակցության օրենսդրական կարգավորմամբ, որի մասին մի 10 օր առաջ բարձրաձայնել է նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա ասել է, որ այդ խնդիրները կապված չեն մեկ կամ երկու ընկերության հետ, ընդհանուր կա մեխանիզմները բարելավելու կարիք, որպեսզի ստացվի պաշտպանության նախարարություն եւ մասնավոր ընկերություններ համագործակցությունը: Եվ եթե մի ընկերության հետ համագործակցությունը չի ստացվել, դա այդ ընկերության մեղքը չէ, այլ հնացած մեխանիզմների խնդիրն է»,- շեշտեց «Փի էս Այ» ընկերության ծրագրերի պատասխանատուն:

Վարդան Գեւորգյանը համամիտ չէ այն դիտարկմանը, թե օրերս են սկսել խոսել իրենց սենսորների մասին, ասում է՝ Դիջիթեք էքսպոներին դրանք մի քանի տարի ցուցադրվել են: «Հիմա էլ եթե փորձենք ինչ-որ բան անել, կախարդական փայտիկով չի ստեղծվելու ու միանգամից տեղադրվի սահմանին, 1,5-2 տարի ժամանակ է անհրաժեշտ՝ մեծաքանակ արտադրության համար: Իսկ թե ինչու ոչ մի գիտանորարարական ընկերության եւ ՊՆ-ի համագործակցություն չի ստացվել, խնդիրը, ինչպես Կարեն Վարդանյանն է ասում, կապող մեխանիզմների մեջ է, որոնք չեն աշխատում: Մասնավոր ընկերությունները չեն կարող գնալ այն պայմաններին, որ դրվում են համագործակցության մեջ» ,- ասաց պարոն Գեւորգյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031