Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունան Պողոսյանը դիտավորություն չի ունեցել վիրավորել Արգիշտի Կիվիրյանին»

Մայիս 10,2016 15:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ շարունակվում էր ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի, Արգիշտի Կիվիրյանի՝ «Պատվի եւ արժանապատվության մասին» հայցադիմումի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը հարցեր ուղղեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Արմեն Սիմոնյանին: Նա հետաքրքրվեց, թե երբ Հունան Պողոսյանը հայտարարել է՝ «գնացեք այնտեղից հանեք խառնակիչներին ի դեմս Նախախորհրդարանի, Սեֆիլյանի թիմի, արգիշտիկիվիրյանների. նրանք ընդհատակյա աշխատանք են կատարում, տարբեր խառնակիչներին, ստահակներին: Բռնություն չենք կիրառելու, օրենքով սահմանված մեր գործառույթներն ենք կատարելու», ո՞ւմ նկատի ուներ ասելով խառնակիչներին եւ ստահակներին:

Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ պատասխանողները գործել են ի պաշտոնե եւ ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի բացառվեն որեւէ միջադեպեր, այդ պատճառով կոչեր են հնչեցվել հավաքի մասնակիցներին. «Այդ արտահայտությունները, ըստ էության, հավաքական իմաստով են արտահայտված եւ կոնկրետ դիտավորություն չունեն, նպատակ չեն հետապնդել որեւէ անձի, այդ թվում նաեւ հայցվորի, պատիվն ու արժանապատվությունը վիրավորել, այլ կոչեր են եղել: Նրանց նպատակը եղել է ուղղակի կանխել հնարավոր անօրինական գործողություն, սադրանք, եւ որեւէ դիտավորություն չեն ունեցել վիրավորելու որեւէ կոնկրետ անձի»:

Արգիշտի Կիվիրյանի մյուս ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե երբ հավաքի մասնակիցներին ասում են գնացեք, հանեք խառնակիչներին, ինչպե՞ս պետք է գնային հանեին «խառնակիչներին», եւ ինչպիսի՞ օրինական գործողությամբ նրանք պետք է դա անեին: Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ ձեւերը, մեթոդները չեն ասվում, ուղղակի զգուշացում է, որպեսզի հավաքի մասնակիցները զերծ մնան անօրինական գործողությունից, ընդհարումներից: Լուսինե Սահակյանը նշեց, որ իր հարցի պատասխանը չստացավ:

Նա հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք «ստահակ» բառը վիրավորակա՞ն է, թե՞ ոչ, Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ նման հայցադիմում հայցվորը չի ներկայացրել, հայցի առարկայի մեջ նման բան չկա: Չնայած այդ հանգամանքին, Արմեն Սիմոնյանը պատասխանեց հարցին եւ ասաց, որ ե՛ւ ստահակ բառը, ե՛ւ խառնակիչը, ե՛ւ սադրիչը գրական հայերենում հաճախակի օգտագործվող բառեր են: Նա հորդորեց բոլոր գործողությունները գնահատել ամբողջության մեջ, նման արտահայտությունները հստակ ուղղված չեն Արգիշտի Կիվիրյանին, նպատակ եւ դիտավորություն չունեն վիրավորել նրան:

Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե բառը ժարգոն կամ օտարալեզու պետք է լինի, որպեսզի վիրավորական լինի՞, նա հավելեց՝ արդյոք Հունան Պողոսյանը շոյված կլինե՞ր, եթե նրան «ստահակ» անվանեին: Արմեն Սիմոնյանը պատասխանեց, որ եթե կողմը ապացուցի, որ այդ արտահայտությունները ուղղված են եղել Արգիշտի Կիվիրյանին, այդ դեպքում կպատասխանի հարցին, իսկ Հունան Պողոսյանը պարզապես վերացական հայտարարություններ է արել:

Դատավոր Ռուբեն Ափինյանը նկատեց, որ հայցադիմումում «ստահակ» բառը նշված չէ, Արամազդ Կիվիրյանը պատասխանեց, որ դա սկզբնական հայցադիմումն է, իրենք ցանկանում են այդ մասով ճշգրտում կատարել եւ այնուհետեւ լրացնել հայցադիմումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031