Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մենք միասին պետք է պայքարենք դրամահավաքության արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ»

Մայիս 10,2016 15:17

Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մայիսի 27-ին վերջին զանգի միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետը 12 վարչական շրջանների ղեկավարներին, կրթության, ինչպես նաև մշակույթի վարչություններին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ տանել և զեկուցել ընթացքի մասին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել դպրոցներում ուսումնական տարվա ավարտի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ նման որևէ դեպք հայտնաբերելու դեպքում  պատասխանատուները խստագույնս կպատժվեն:

«Ավարտական դասարաններում սովորող մեր աշակերտների ու նրանց ծնողների համար սա սպասված և կարևոր ժամանակաշրջան է: Բայց, ցավոք, երեխայի դպրոցն ավարտելը ծնողի համար հաճախ նաև ֆինանսական լրացուցիչ ծախսերի ու անհանգստության պատճառ է դառնում: Այս օրերին ծնողները պետք է ուրախանան իրենց երեխաների ձեռքբերումներով ու ապագայի պլաններով զբաղվեն, ոչ թե մտածեն, թե ինչպես են գումար հայթայթելու ինչ-որ անհասկանալի ծախսերի համար, որպեսզի հանկարծ երեխան չընկճվի ուսուցչի կամ դասընկերների մոտ: Ամեն տարի վերջին զանգի միջոցառումներից ու ավարտական քննություններից առաջ խստորեն հորդորում եմ դպրոցների տնօրեններին բացառել դրամահավաքության հնարավոր դեպքերը: Այս տարի ևս բացառություն չի լինի, ու հանրակրթության վարչությանը հանձնարարում եմ մեկ անգամ ևս հիշեցնել բոլոր տնօրեններին հորդորիս մասին և խստորեն նախազգուշացնել, որ բացառեն դրամահավաքության ցանկացած փորձ, այլապես կպատժվեն հենց տնօրենները՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ծնողներին ևս հորդորեք, որ որևէ պատրվակով գումար չվճարեն: Մենք միասին պետք է պայքարենք այս արատավոր երևույթը կրթական մեր հաստատություններից վերացնելու ուղղությամբ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը  մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին էլ հանձնարարել է նախապատրաստվել Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև կազմել մայրաքաղաքում անցկացվելիք «Երևանյան ամառ» ծրագրի միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը, նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի առթիվ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031