Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գործարարը Լոս Անջելեսում թուրքական արտադրանքը բոյկոտելու արշավ է սկսել. «Արևելք»

Մայիս 10,2016 15:02

Ինչպես տեղեկացրել էինք, Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:

Նախաձեռնության հեղինակներն իրենց կոչերը տարածել են սոցիալական ցանցերում, իսկ ինչպես «Արևելքին» տեղեկացրեց արշավի նախաձեռնողներից մեկը, արդեն տպագրվել է թուրքականը մերժող 1000 հատ թերթիկ-կոչ, որոնք փակցնելու են Լոս Անջելեսի բոլոր այն հայերի խանութների ցուցափեղկերին, որտեղ թուրքական ապրանք է վաճառվում:

Նախաձեռնության հեղինակը՝ Հայաստանից Վահան Կարախանյանը, ԱՄՆ-ում նույնպես խանութ ունի, և «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ թուրքական ապրանքի դեմ իր բոյկոտը սկիզբ է առնում դեռևս Հայաստանում բնակվելու տարիներից: «Մենք ամբողջ ընտանիքով երբեք թուրքական ապրանք չէինք գնում, եթե նույնիսկ դա հայտնի ապրանքանիշ էր, բայց բավական է՝ տեղյակ լինեինք, որ Թուրքիայում է արտադրված, մենք մերժում էինք: Մինչև հիմա էլ՝ Հայաստան իմ այցերի ժամանակ ես ստուգում եմ՝ իմ բարեկամներն արդյո՞ք թուրքական մաքրման միջոցներ կամ այլ կենցաղային իրեր չեն օգտագործում»,-նշում է Վահան Կարախանյանը, ավելացնելով, որ ոչ մի կերպ չի նպաստի թուրքական զենքի ձեռքբերմանը, քանի որ այդ զենքը մի օր մեր դեմ է ուղղվելու:

Վահան Կարախանյանը Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացրած Ալբերտ Կարախանյանի որդին է: Նա ասում է, որ հայրը, իբրև շինարարական կազմակերպության ղեկավար, Մատենադարանի մասնաշենքի շինարարությունը իրականացնելուց առաջ պայման է դրել, որ ոչ մի գրամ թուրքական շինանյութ չօգտագործվի:«Բնականաբար այդպես էլ եղավ, որովհետև պատկերացնո՞ւմ եք նման բան՝ Մատենադարանում, դա արդեն մշտական պղծման պես մի բան կլիներ»,-ասում է արդեն կյանքից հեռացած հայտնի շինարարի որդին:

Վահան Կարախանյանը զարմանում է հայաստանցի այն գործարարների վրա, որոնք թուրքական ապրանք են ներմուծում, նշելով, որ միշտ էլ, ցանկության դեպքում կարելի է գտնել այլընտրանքը և չներմուծել ու չգնել թուրքականը:

«Երբ Երևանում էի, Տիգրան Մեծ պողոտայի վրա խանութ տեսա՝ գրված էր «Թուրքական ապրանք. ներմուծված է անմիջապես արտադրողից»: Չեմ հասկանում դրա առավելությունը կամ այդ մասին հպարտությամբ հայտարարելը: Անձամբ ինքս միշտ մոտենում և զրուցում եմ նման խանութի տերերի հետ, փորձում եմ առանց ստիպելու, պարզապես զրուցելու և հասկացնելու միջոցով փոխել նրանց մտածողությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031