Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը թափանցիկության պակաս է տեսնում Արցախին օգնելու գործընթացում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Բախշյանը նշեց. «Ես շատ եմ վստահում Արցախի կառավարությանը, սակայն նա էլ բավարար չափով թափանցիկ տեղեկություններ չի տրամադրում»:
Ըստ տիկին Բախշյանի` պետությունը բնակարաններ պետք է հատկացնի ոչ միայն զոհվածների, այլ նաև վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
Նա խմբակցության անունից նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում նշված է, թե հաշվի առնելով ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների և հարևանների ցանկությունները՝ առաջարկում ենք Երևանի Արաբկիր 45-րդ փողոցը կոչել հերոսի անունով: Նման բանավոր առաջարկ կա նաև հերոսաբար զոհված Ուրֆանյան Արմենակի հարևաններից. Արմենակը բնակվում էր Երևանի Գաջեգործների 40 շենքի 16-րդ բնակարանում:
Տիկին Բախշյանը նաև տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ որոշ վիրավոր զինծառայողներ բուժման նպատակով տեղափոխվեն արտասահման:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանն օրերս մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի մոտ հրավիրված վիրավոր զինծառայողների հարցերով քննարկմանը։ Նա այս առիթով մանրամասնեց. «Ասում են՝ նպատակահարմար չէ հիմա տեղափոխել արտասահման՝ տղաների վիճակից ելնելով։ Բայց եղել են բժիշկներ, որ նայել են, ասել են՝ շտապ պետք է տեղափոխել։ Այսինքն՝ կա երկու կարծիք։ Բայց հիմա գործընթաց է գնում, որ նախարարն ինքը համոզվի, որ զինվորների՝ արտերկրում բուժման կարիք կա»:
Տիկին Բախշյանի կարծիքով` հարցը կլուծվի հօգուտ տեղափոխման։ Նա նաև հավելեց, որ թե՛ Արման Լազգիյանի, թե՛ Ռուբեն Առաքելյանի բուժման համար բացված հաշվեհամարներին գումար է փոխանցվում:
Այնուհետև տեղեկացրեց. «Լազգիյան Արմանի հորեղբայրն արդեն տունն է հանել վաճառքի։ Ամեն ինչ անելու են, որ տանեն արտասահման, որպեսզի 19 տարեկան տղան կարողանա ինքնուրույն լինել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ