Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Նույնն է, որ գյուղի անասունից ծնունդ ընդունողին թույլ տանք, որ մարդուց ծնունդ ընդունի»

Մայիս 10,2016 14:44

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով՝ փաստաբան դառնալու համար իրավաբանը պետք է նախ ընդունվի փաստաբանական դպրոց, մեկ տարի սովորի, որից հետո որակավորման քննություններ հանձնի փաստաբանների պալատում։ Պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իսկ դա դատարաններում կարելի է կազմակերպել փաստաբանների միջոցով. «Եթե համեմատություն անենք բժշկության հետ, ապա դա նույնն է, որ հեքիմին թույլատրվի վիրահատություն կատարել, քանի որ բժիշկների քանակը քիչ է, կամ հիվանդները վճարունակ չեն: Նույնն է, որ գյուղի անասունից ծնունդ ընդունողին թույլ տանք, որ մարդուց ծնունդ ընդունի»: Այս պատկերավոր համեմատություններն Արա Զոհրաբյանինն արեց խորհրդարանում, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:

Tigran UrixanyanՊատգամավորն առաջարկում է հետեւյալ փոփոխությունը. «Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը անվճար հիմունքներով կարող է իրականացնել չափահաս ՀՀ քաղաքացին իրեն նոտարական վավերացմամբ լիազորագիր տված ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար, իսկ դատական ներկայացուցչության կազմակերպումը, որպես վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն, կարող է իրականացնել միայն փաստաբանը, բացառությամբ`

1) մերձավոր ազգականի, այդ թվում` ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբոր կամ քրոջ, պապի, տատի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար ներկայացուցչություն իրականացնելու դեպքերի.

2) մերձավոր ազգականին (ազգականներին) կանոնադրական կապիտալի կեսից ավելի բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի»:

Ըստ հիմնավորումների, սույն փոփոխության շահառուներն անվճարունակ քաղաքացիներն են, որոնք չեն կարողանում օգտվել փաստաբանների ծառայություններից, գումարի պատճառով: Պատգամավորն առաջարկում է «դաշտը բացել», փաստելով, որ փաստաբանական ծառայությունները միջինը 300 հազար դրամի սահմաններում են:

Elinar Vardanyan Stepan Demirchyan«Նման վիճակագրություն նույնիսկ Փաստաբանների պալատը չի տիրապետում»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը` հավելելով, որ տարբեր փաստաբանների ծառայությունները տարբեր արժեն` 50-200 հազար դրամ:

Նա նշեց, որ գոյություն ունի Հանրային պաշտպանի գրասենյակ, որտեղ 13 կետով սահմանված խավերը, այդ թվում նաեւ բավարար եկամուտ չունեցող մարդիկ, կարող են սպասարկվել: Փաստաբանների պալատի նախագահը կարծում է , որ պատգամավորի մտահոգությունների դաշտում գտնվող մարդիկ կարող են Հանրային պաշտպան գրասենյակի ծառայություններից օգտվել:

«Սա հնարավորություն է տալիս փաստաբանական կրթություն չունեցող իրավաբաններին փաստաբանական գործունեությամբ զբաղվել: Այս հնարավորության դեպքում, լուրջ խնդիր ունենք, կոռուպցիոն ռիսկերի մասով»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Նրա հետ համամիտ էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Կառավարությունն էլ նախագծին բացասական եզրակացություն է տվել, քանի որ պետությունը նաեւ տարբեր միջազգային նորմերով քաղաքացիներին որակյալ փաստաբանական ծառայություններ մատուցելու պարտավորություններ է ստանձնել: «Հայտնի չէ`սա թվացյալ խնդիրը կլուծի՞, թե հավելյալ խնդիրներ կստեղծի»,- ասաց նախարարը:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն էլ նույն կարծիքը հայտնեց:

Նախագծի քննարկումը հետաձգվեց:

Քննարկումը կայացավ հիմնական զեկուցողի բացակայությամբ: Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում այլ հանդիպման էր: Երբ եկավ, քննարկումն արդեն ավարտվել էր: «Փաստում ենք, որ նիստին ներկայացել եմ, ԱԺ աշխատանքները չկազմակերպելու պատճառով գործառույթս չեմ իրականացրել»,- հայտարարեց պատգամավորը:

Հանձնաժողովի 11 պատգամավորներից չորսն էին ներկա նիստին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031