Այսօր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված նպաստի հետ կապված ուսումնասիրություններ են կատարել եւ ներկայացրել են արդեն վարչապետին: Հանձնարարականներ են տրվել այդ առումով բոլոր պետական մարմիններին:
Մեր հարցին՝ ի՞նչ ծավալի նպաստի մասին է խոսքը՝ նախարարը պատասխանեց. «Գումարները սահմանված են օրենսդրությամբ: Զոհվածների ընտանիքներին միանվագ ապահովագրական գումարը տրամադրվում է 2 մլն դրամի չափով, 1 մլն 400 հազար դրամի չափով տրամադրվում է հուղարկավորության կատարման եւ եւս 700 հազար դրամ գերեզմանների բարեկարգման համար: Այս բոլոր գումարները միանվագ տրամադրվում են զոհվածների ընտանիքներին: Կենսաթոշակներ են նշանակվում՝ ամսական չափով, դա պայմանավորված է՝ զինծառայողը սպայակա՞ն կազմի է, թե՞ շարքային: Տարբերակված մոտեցում է լինելու: Նաեւ ունենք պարգեւավճարի ինստիտուտը, որն ի լրումն կենսաթոշակների, ընտանիքներին է տրամադրվում միասնական եւ ընտանիքի առանձին անդամներին՝ առանձին չափերով, որոնք տարբերակված են. Երեխաների համար ընտանիքի այլ անդամների համար: Այս աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Նախարարն ասաց՝ կապ չունի, որ արդեն հուղարկավորություններն արել են, դա որեւէ բան չի փոխում, գումարը տալու են:
Մեր հարցին՝ պիտի անպայման զոհվածների հարազատները դիմե՞ն, որ ստանան այդ նպաստները, որովհետեւ զոհվածների շատ ընտանիքներ ասում են, որ չեն պատրաստվում դիմել, պետք չէ՝ նախարարը պատասխանեց. «Դրա համար մենք ընդգրկել ենք սոցիալական աշխատողների, որոնք այդ բոլոր ընտանիքների հետ կապված համապատասխան աշխատանք տանեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ