Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում ավարտվեց երկրում իշխող «Կորեայի աշխատավորական» կուսակցության 7-րդ համագումարը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
«Կորեայի աշխատավորական» կուսակցության 7-րդ համագումարի ավարտի կապակցությամբ երկրում կազմակերպվել են տոնական միջոցառումներ։ Սկզբում ամբիոն է բարձրացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որը ողջունել է հավաքվածներին, այնուհետև ելույթ է ունեցել երկրի խորհրդարանի ղեկավար Կիմ Յոն Նաման։ Իր խոսքում Նաման հայտարարել է. «Բանակն ու ժողովուրդը լի են վճռականությամբ կատարել այն խնդիրները, որոնք իր առջև դրեց կուսակցության 7-րդ համագումարը»։
Կարդացեք նաև
Երկրի խորհրդարանի խոսնակն իր խոսքում ներկայացրել է նաև Հյուսիսային Կորեայի գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Նրա խոսքերով՝ չնայած Հյուսիսային Կորեայի հանդեպ սահմանված են մի շարք պատժամիջոցներ, բայց երկիրը շարունակում է անշեղորեն առաջ ընթանալ։
Այս ելույթից հետո մեկնարկել է մասսայական քայլերթը։ Ուսանողները, կանայք և երթի այլ մասնակիցները կրել են ազգային հագուստներ, բղավել են կուսակցության լոզունգներն ու իրենց հետ ունեցել են երկրի առաջնորդներին ողջունող պաստառներ։ Ամբողջ երթի ընթացքում մասնակիցները անդադար բղավել են «Ուռա´, ուռա´, ուռա´»։
Կազմակերպված երթի ամբողջ ընթացքում հնչել են ռազմական նվագախմբի կատարած ստեղծագործությունները։ Տոնական միջոցառումները տևել են շուրջ 40 րոպե։