Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայրենասիրական մրցավազք» vs իրատեսական քաղաքականություն

Մայիս 10,2016 22:00

Արցախի միակողմանի եւ անհապաղ ճանաչում պահանջելը դեռ չի վկայում վճռականության եւ քաջության մասին, իսկ այդ քայլից ձեռնպահ մնալը՝ այդ վճռականության եւ քաջության բացակայության մասին:

Քառօրյա կամ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը հայկական քաղաքական դաշտում կրկին արթնացրեց Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման-չճանաչման նպատակահարմարության հարցը:

Կարծես թե խոսքը է գնում պարզ բանի մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք կա՝ հաշվի առնելով, թե ինչ աստիճանի են խճճված բոլոր հանգամանքները եւ պատկերացումները:

Նախ՝ իշխանությունները նոր թափ հաղորդեցին խնդրին՝ կառավարության նիստին քննարկման հարց դարձնելով, որին հետեւեց ռուսական մամուլի անհասկանալի աժիոտաժը, ապա պարոն Լավրովը ստանձնեց բոլորին «խուճապից» փրկողի դերը, իսկ պարոն Պեսկովը շտապեց հայտարարել, որ Երեւանը «Մոսկվայի հետ չի համաձայնեցրել» ԼՂՀ ճանաչման հարցը: Իսկ թե Երեւանն ինչու պետք է դա համաձայնեցներ Մոսկվայի հետ ռուս-ադրբեջանական դավադրությունը խափանելուց հետո՝ ոչ ոք այդ հարցը չտվեց… Անցնենք առաջ:

Այս ամենը հասկանալի կլիներ, եթե Հայաստանում նորից չթարմանար բանավեճը՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել ներկա փուլում ԼՂՀ անկախությունը, ինչից պաշտոնական Երեւանը ԼՂ հակամարտության ողջ ընթացքում ձեռնպահ է մնացել:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը հարցին իր հերթին խթանեց եւ սրեց բանավեճը: Այո՛, թե առաջին նախագահը, թե գործող իշխանությունը կողմ չեն միակողմանի ճանաչմանը: Եվ եթե իշխանությունն ուղղակի լուռ հանդիմանում է՝ իր դիրքորոշումը պայմանավորելով «եթե»-ով, այն է՝ եթե Ադրբեջանը կրկին ագրեսիա սանձազերծի ԼՂՀ-ի դեմ, ապա Տեր-Պետրոսյանը նաեւ նշում է, թեկուզ առանց մանրամասնելու, թե ինչ վտանգներով է հղի միակողմանի ճանաչումը:
Իրոք որ, կասկածից վեր է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը վաղ թե ուշ ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքը հանրաքվեի ճանապարհով անկախ պետություն ստեղծելու գործընթացն անկասելի է: Ադրբեջանի քաղաքականությունը թե 1918-20թթ., թե խորհրդային, թե հետխորհրդային տարիներին ցույց տվեց, որ այդ ուղին պարզապես այլընտրանք չունի, հնարավոր բոլոր տեսական այլընտրանքները վերացել են: Ինքը՝ Ադրբեջանը, այլընտրանք չի թողել: Եվ Բաքվի պատկերացրած «տարածքային ամբողջականությունը» հավասարազոր է նոր Հայոց ցեղասպանության, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում, ինչը հայ ժողովուրդը չի հանդուրժի եւ թույլ չի տա: Լ. Տեր-Պետրոսյանն այդ մասին մատնանշեց իր հոդվածում՝ հիշեցնելով նաեւ «անջատում հանուն փրկության» (remedial secession) սկզբունքի եւ դոկտրինի մասին, ըստ որի՝ երբ որեւէ պետություն իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական եւ այլատյացության հողի վրա սիստեմատիկաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլեւս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար՝ հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից:

Սակայն երբ նշվում են ազգային փոքրամասնությունների անկախացման հաջողված փորձերը, որոնք տեղի են ունեցել միջազգային հանրության կամ գերտերություններից մեկի աջակցության շնորհիվ, եւ ի շարս դրանց՝ Կոսովոյի, Էրիթրեայի, Արեւելյան Թիմորի կողքին նշվում են Ղրիմը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, ապա այստեղ, մեղմ ասած, հարցեր են առաջանում: Նախ՝ այդ վերջին երեքը ոչ միայն միակողմանի ճանաչման, այլեւ այդ քայլի բոլոր վնասակար հետեւանքների ամենավառ օրինակն են, այլ ոչ թե հաջողված փորձ: Սրանց, անշուշտ, պետք է գումարել եւս մեկ այդպիսի «հաջողված» օրինակ. Հյուսիսային Կիպրոսը:

Կասկածից վեր է, որ այս օրինակները չեն կարող ուղենիշ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ նրա ապագայի համար: Արցախը, ինչպես եւ Կոսովոն, ի տարբերություն Էրիթրեայի եւ Արեւելյան Թիմորի կամ Հարավային Սուդանի, Եվրաատլանտյան տարածքի անբաժանելի մասն է, եւ այդ պատճառով էլ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ մանդատը ստացած Մինսկի խումբը՝ հանձինս երեք համանախագահների:

Բազմիցս է ասվել թե՛ իշխանության, թե՛ փորձագիտական հանրության կողմից, որ հայկական կողմերի համար Մինսկի խմբի միջնորդական ձեւաչափն այլընտրանք չունի, քանզի նախ՝ այն լավագույնս բալանսավորված է, եւ հետո՝ ՄԽ առաջարկությունները՝ ուղղված պատերազմի վերսկսման բացառմանը (շփման գծի մշտադիտարկում տեխնիկական միջոցներով, հետաքննության միջազգային մեխանիզմներ), նրանք են, որոնք բխում են թե՛ հայկական կողմերի, թե՛ հակամարտության կարգավորման շահերից: Այսինքն՝ այս կետում են հատվում եւ համընկնում հայկական կողմերի եւ միջազգային հանրության շահերը, սա՛ է այն ելակետը, որտեղից կարող է մեկնարկել «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրականացման գործընթացը, որի անհրաժեշտության հիմքերն ամբողջացան ս.թ. ապրիլյան պատերազմով:

Եվ ի՞նչ: Միակողմանի ճանաչումն ի՞նչն է բարելավում հայկական կողմերի դիրքերում: Ոչի՛նչ: Ավելին: Սա մի նվեր է Բաքվին եւ նրա հովանավոր Կրեմլին, որը Հայաստանի եւ Արցախի անկախության թիվ մեկ թշնամին է: Այդ քայլն ուղղակի կպայթեցնի ԵԱՀԿ Մինսկի խումբը, կտանի հայկական կողմերին դեպի միջազգային մեկուսացում, իսկ Մոսկվային կդարձնի հակամարտության գլխավոր օպերատոր: Սա այն է, ինչի մասին Ռուսաստանը երազում է: Նրան այդ հարցում դաշնակցում են Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք ՄԽ նկատմամբ իրենց անհանդուրժողականությունն այլեւս չեն էլ թաքցնում: Եվ ուղղակի «հիանալի՛» գաղափար կլինի, եթե այդ «հրաշալի եռյակն» իր ուզածին հասնի հայերի ձեռքով, որից հետո կհանձնվենք Մոսկվայի ողորմածությանը, որ նա միջնորդի, որպեսզի, ասենք, Նաուրուն, Վանուատուն եւ, գուցե, Զիմբաբվեն ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Եվ ի՞նչ է, իզո՞ւր է ՌԴ դեսպանատան պաշտոնյան ուղիղ տեքստով հայտարարում, որ առանց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման «ոչ մի զենք Ղարաբաղ չի գնա»… Կրկին ռուսական ծուղակ… Սա՞ եք ուզում…

Այո՛, ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված անկախությանը հասնելու ճանապարհը մեկն է՝ դա Կոսովոյի ճանապարհն է: Ուղղակի պետք է լավ գույքագրել, թե ովքեր են մեր իրական դաշնակիցները եւ թշնամիներն այդ ճանապարհին, եւ ինչ են նրանք ուզում այս կողմերում:
Եվ ճանաչել-չճանաչելու կեղծ երկընտրանքին տրվելով՝ մենք շեղվում ենք այս փուլի գլխավոր խնդրից. ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանին, 1994-95թթ. զինադադարի ռեժիմի մասին համաձայնագրերի վերահաստատում, պատերազմի վերսկսման բացառման միջազգային մեխանիզմների ներդրում: Եվ, իհարկե, կենսականորեն անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կվտանգեն այս քայլերի հաջողությունը:

Ի վերջո՝ դադարեցնել է պետք այս անառողջ «հայրենասիրական մրցավազքը» եւ հաշվի նստել միջազգային հարաբերությունների՝ «երթեւեկության կանոնների» հետ, որքան էլ որ հակառակը լինի գայթակղիչ կամ «վճռական», կամ «քաջաբարո»: Սխալի գինն անընդունելի է, սխալվելու հետեւանքը՝ անուղղելի: Ադրբեջանը կարող է սխալվել եւ պարտվել եւս մի քանի անգամ, իսկ մենք՝ ոչ մի եւ ոչ մի դեպքում: Բեն Ֆրանկլինն ասում էր. «Երազեք անհնարինի մասին, գործեք իրատեսորեն, այդ ժամանակ անհնարինը կդառնա հնարավոր»: Եվ չպետք է թույլ տալ, որ այս պատասխանատու ժամանակաշրջանում մեզ դավաճանի իրատեսության զգացումը: Եվ այստեղ է հնարավոր դավաճանությունը, այլ ոչ թե ճանաչել-չճանաչելու ֆալստարտային խոսակցությունների տիրույթում:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031