Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի եւ մեր վեճը հասավ ՀՀ վճռաբեկ դատարան։ Օրերս «Հրապարակ» օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը բողոք են ներկայացրել ընդդեմ վերաքննիչ դատարանի վճռի, որով անփոփոխ էր թողնվել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ հանել Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը hraparak.am կայքից եւ հերքում տպագրել նախարարի կնոջ վերաբերյալ որոշ լրատվամիջոցների տարածած լուրերի մասով։
Ուրեմն, ըստ վերաքննիչ դատարանի դատավորների, որոնք մեր գործով որոշում են կայացրել, եթե լրագրողը միջոցներ է ձեռնարկում՝ ճշտելու տեղեկատվության իսկությունը, ու անձից տեղեկանում է, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, իսկ վերջինս ասում է՝ ոչ, ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա լրագրողը չպետք է տվյալ նյութը գրի, անգամ եթե նշում է պատասխանողի տեսակետը։
Լուսինե Հակոբյանը վճռաբեկ բողոքում պատկերավոր օրինակ է բերում. «Դիցուք, հեղինակավոր «Վաշինգտոն փոստ»-ի լրագրողը տեղեկացել է, այսպես կոչված, պանամական սկանդալի մասին եւ այդ սկանդալում Իլհամ Ալիեւի կլանի ներգրավվածության մասին եւ հարցում է ուղարկում Ալիեւներին այն մասին, թե արդյոք նրանք իրո՞ք հսկայական միջոցներ ունեն օֆշորային գոտիներում, ինչի վերաբերյալ լուրեր են տարածվում, եւ ինչի կապակցությամբ նրանց անունը շոշափվում է հայտնի պանամական սկանդալում, եւ Ալիեւները պատասխանում են, որ չունեն։ Ստացվում է, որ «Վաշինգտոն փոստը» նյութ չպե՞տք է հրապարակի այս մասին՝ թեկուզեւ նշելով, որ Ալիեւները հերքում են իրենց մասնակցությունը նշված իրադարձություններին։ Եթե իրավաչափ ենք համարում այս տեսակետը, ապա գրչի մի զարկով պարզապես խաչ ենք քաշում համաշխարհային լրագրության հանրաճանաչ սկզբունքների եւ, առհասարակ, խոսքի ազատության վրա»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում