Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը ոչ թե իր օֆիսում նստած է վերլուծություններ անում, ինչպես այս օրերին մեր վերլուծաբաններից շատերը, այլ՝ առաջնագծում դիրքավորված։
– Ժամանակին Ղարաբաղում մեծ վստահություն կար Ռուսաստանի եւ Պուտինի հանդեպ, հիմա, կարծես թե, այդ վստահությունը կորել է։ Ճի՞շտ եմ նկատել։
– Ղարաբաղի ռուսապաշտության մասին լեգենդը չգիտեմ ում կողմից է հորինված։ Ղարաբաղում կան մարդիկ, ովքեր իրենց աչքերով են տեսել «Կոլցո» օպերացիան կամ ականատես են եղել, թե ինչպես են հայաթափվում Շահումյանի շրջանի եւ Հյուսիսային Արցախի գյուղերը։ Հակառուսական սենտիմենտը միշտ էլ գոյություն ունեցել է Ղարաբաղում։ Բայց քառօրյա պատերազմից սկսած՝ հակառուսական տրամադրություններն այստեղ հասել են աննախադեպ մասշտաբների, եւ նույնիսկ նրանք, ում համար մինչեւ պատերազմը Ռուսաստանը Հայաստանի պես մի հայրենիք էր, ավելի
«հակառուսական» են դարձել, քանի որ նրանք կարծում էին, որ Ռուսաստանն իրենց եղբայրն ու դաշնակիցն է, եւ այս էմոցիոնալ ֆոնի վրա Ռուսաստանի ուխտադրուժ քայլերը ստիպել են նրանց լիովին վերանայել իրենց աշխարհայացքը։
Կարդացեք նաև
– «Ուխտադրուժ քայլեր» ասելով՝ ի՞նչը նկատի ունեք։ Զենքի վաճառքը, խաղաղարարների տեղակայման եւ այլ ծրագրե՞րը։
– Այո, զենքի, միլիարդների զենքի վաճառքը՝ առաջին հերթին։ Մի քանի տարի առաջ այդ նույն մարդիկ, նույնիսկ Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, նշում էին, որ այդ զենքը չի կրակի, որ դա բիզնես է։ Սակայն երբ քառօրյա պատերազմի ընթացքում այդ զենքից խաղաղ բնակիչներ զոհվեցին եւ 18-ամյա զինվորներ, տեսակետները փոխվեցին։
Գոյություն ունեն նաեւ ոչ բացահայտ մոտիվներ։ Շատերի համար պարզ է, որ պատերազմը ռուս-ադրբեջանական համագործակցության արդյունք է, որի նպատակը մի քանի օրվա ընթացքում Արցախում լուրջ հաջողությունների հասնելն էր, եւ դրա փոխարեն Ռուսաստանը պետք է փրկչի կերպարով մտներ հակամարտության գոտի եւ տեղակայեր իր խաղաղապահ ուժերը։ Այսօր շատերն են սա գիտակցում, եւ կարելի է ասել, որ հակառուսական տրամադրությունները գագաթնակետին են հասել։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ