Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սովորելը երբեք ուշ չէ

Մայիս 10,2016 10:04

Այս օրերին մոդայիկ են Հայաստանի եւ Իսրայելի համեմատությունները: Բացարձակացնել նմանությունները նույնքան սխալ է, որքան հրաժարվել որեւէ զուգահեռներից: Մենք, իհարկե, շատ տարբեր ենք. մասնավորապես, պետությունները ստեղծվել են բացարձակապես տարբեր հանգամանքներում: Մենք ունենք ռուսական, իսկ այնուհետեւ՝ խորհրդային կայսրության մեջ ապրելու երկարատեւ պատմություն, որը բացասաբար է անդրադարձել մեր պետական մտածելակերպի վրա, իսրայելցիներն այդ բեռից ազատ են, նրանք պետություն են ստեղծել «զրոյից»: Կարեւոր տարբերություն եմ համարում նաեւ այն, որ հավատը, կրոնը մեզանում, ի տարբերություն Իսրայելի, պետականաստեղծ նշանակություն չի ունեցել: Իհարկե, պետք է նաեւ ընդունել, որ զարգացած երկրներում, առաջին հերթին Միացյալ Նահանգներում, պետական որոշում ընդունողների շարքերում հայեր չկան, իսկ հրեաները շատ են:

Դա չի նշանակում, որ մենք Իսրայելից ընդօրինակելու բաներ չունենք: Նախեւառաջ, իհարկե, «ոչ բարյացակամ» շրջապատում գտնվող պետության կառավարման արեւմտյան ժողովրդավարության մոդելների ներդրումը՝ լեգիտիմ, բնակչության մեծամասնության անվերապահ վստահությունը վայելող իշխանության ձեւավորումը: Մենք բոլորս ՝ իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական ուժերը, հասարակությունը պետք է հասկանանք, որ ընտրությունների կեղծումը մի քանի տասնյակ «Սմերչ» է եւ «Սոլնցեպյոկ», որոնք արդեն 21 տարի է՝ կրակում են մեր պետության վրա: Ես զարմանում եմ, որ մեր «դղյակատերերի» մոտ բացակայում է ինքնապահպանման տարրական բնազդը, մի՞թե նրանք կարծում են, որ թշնամին խնայելու է իրենց կամ իրենց դղյակները:
Երկրորդը՝ կոռուպցիայի դեմ պայքարն է: Այնպես չէ, որ Իսրայելում այդ երեւույթը չկար: Սակայն այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դատվեցին կոռուպցիայի համար, այդ արատը զգալիորեն նահանջեց: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Միացյալ Նահանգները Իսրայելին տարեկան 10 միլիարդ դոլար է տալիս, մեզ էլ կտա (սկզբում՝ ավելի քիչ), եթե գողությունը վերացնենք:

Երրորդը՝ հասարակության մշտական մոբիլիզացիան է, որը երկարատեւ (տասնամյակներ տեւող) հաջող դիմադրության հիմքն է: Իսրայելցիները գիտեն, որ իրենց երկրի սահմանի որեւէ տեղում ցանկացած պահի կարող են սկսվել ակտիվ մարտական գործողությունները եւ պատրաստ են հզոր հակահարված տալ դրան: Այդ ամենը չի խանգարում այդ երկրին զարգացնել գիտությունը (նախեւառաջ, իհարկե, ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված), կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, զբոսաշրջությունը՝ այն աստիճանի, որ աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ գնում են բուժվելու, հանգստանալու եւ տեսարժան վայրեր դիտելու:

…Հայաստանը Իսրայել չի դառնա, եւ պետք էլ չի: Պարզապես մենք այդ երկրից սովորելու շատ բան ունենք: Իսկ ո՞վ ասաց, որ մենք ընդօրինակելու բան չունենք Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից: Անգամ Թուրքիայից:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Վիքիպեդիայից.
    Իսրայելի Հանրապետության պաշտոնական հռչակումից առաջ՝ 1948 թվականի մայիսի 14-ին, «Հագանա» հրեական ինքնապաշտպանական կազմակերպության շրջանակներում 1942 թվականից գոյություն ուներ «Շերուտ եդիոտ» միասնական ծառայություն, որն այլ կերպ անվանում են «Շայ», կատարում էր հետախուզական և հակահետախուզական գործառույթներ:
    «Մենք շրջապատված ենք թշնամիներով, ովքեր գերազանցում են մեզ թվային տեսանկյունից: Այդ պատճառով մենք ստիպված ենք առաջ մղել մեր հետախուզությունը ինչքան հնարավոր է հեռու: Նա մեզ համար որպես երկար ձեռք է ծառայում՝ օգնելով փոխհատուցել ժամանակի և տարածության բացակայությունը:»
    -«Մեմունե»
    Հարելը համարում էր, որ Մոսադը պետք է օգնի երկրին փոխհատուցել Իսրայելի և նրա թշնամիների միջև եղած ռեսուրսների տարբերությունը:
    Իսկ ի՞նչ արեցին Տեր-Պետրոսյանն (“«Դավիթ Բեն Գուրիոն»”) ու Սերժ Սարգսյանը (“«Իսսեր Բեերի»”):

  2. Երվանդունի says:

    Դե, իհարկե՝ Հայաստանի ու Իսրայելի ներսում իրավիճակի գնահատելը կամ պետականաշինության գործընթաց սկսելը՝ հիմնված, կոնկրետ ազգային և ռազմա֊քաղաքական շահերի վրա, համեմատելի չեն։ Դրանք, այս պահին, շատ հեռու են իրարից։ Մեկ օրինակ, ընդամենը․ ինչ՞ արեցին հրեաները 2֊րդ համաշխարհայինից հետո՝ ունենալով 6 մլն․ ցեղասպնված։ Շատ արագ կազմակերպվեցին, հասկացան, որ համարյա ոչնչացման եզրին են։ Նրանք, ընդամենը, մոտ 500 հազար բնակչությունով, ավազների վրա կարուցեցին իրենց երկիրը։ Լսելով, հարգելով և օգնելով միմյանց, նրանք կարողացան ետ վերադարցնել իրենց սփյուռքում ապրող հայրենակիցներին, նույնիսկ արդեն ասիմիլացվածներին, որպես երկրի կառուցման և պաշտպանունակությանը նպաստող և մասնակցող հզոր ռեսուրս։ 30 տարի առաջ, ամեն մի հրեա, վերադառնալով հայենիք, հենց օդանավակայանի սահմանապահ կետից անցնելով, ստանում էր որոշակի գումար։ Հրեաները շատ շուտ գտան ելքը՝ ստեղծեցին լավ պայմաններ ներսում և կարողացան տարբեր երկրների կառավարությունների հետ “պայմանավորվել” , որպեսզի հրեաների համար, կոպիտ ասած, ստեղծվի “վատ պայմաններ”, դրանով իսկ ապահովելով հայրենադարձությունը Իսրայել։ Իսկ ինչ՞ ենք մենք անում Հայաստանում։ Անում ենք տրամագծորեն հակառակը։ Օրինակ, էսօր կան “հայեր”, (ոչ հայտնի) Ռուսաստանում, որոնք, արդեն բացահայտ, չեն ճանաչում Հայաստանի շահը՝ ասելով, որ իրենք Ռուսաստանի քաղաքացի են և կպաշտպանեն այդ երկրի շահը։ Խնդերմ՛։ Էնպես որ՝ անհամեմատելի ու անհամատեղելի բաներ շատ կան։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031