Հարցազրույց պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ
-Պարոն Բաբայան, արդեն հայտնի է, թե ինչ անվանում է ունենալու ձեր նորաստեղծ կուսակցությունը: Ինչո՞ւ «Ռեֆորմիստական»:
-Ճիշտն ասած, սա դեռ վերջնական անվանումը չէ: Կուսակցության համագումարից առաջ հայտարարությամբ հանդես կգանք, եւ անվանումը հստակ կլինի, բայց բնույթով այն ռեֆորմիստական է լինելու:
Մեր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը թելադրում է գնալ բարեփոխումների ճանապարհով, այլ ոչ թե դատարկ հեղափոխական կոչերով: Մենք պետք է կարողանանք ոչ միայն սատարել բարեփոխումները, այլեւ մասնակից դառնանք այդ գործընթացներին:
Կարդացեք նաև
Եվ քանի որ մեզ համար կուսակցություն ստեղծելն ինքնանպատակ չէ եւ սոսկ անվանումներ չենք փնտրում կուսակցության համար, ապա այստեղ կարեւորը կուսակցության հիմնական գաղափարներն ու գաղափարախոսություններ են:
Իսկ քաղաքագիտական առումով ռեֆորմիզմն այն գաղափարախոսությունն է, որ մերժում է հեղափոխությունները, դրանց միջոցով երկրում իշխանափոխություն կատարելը: Կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի մի ուժ, որը կլինի ոչ միայն իշխանության ձգտող, այլեւ աշխատող, աջակցող եւ մասնակցող: Սոսկ դատարկ կոչերով հարց չի լուծվում:
Այս գաղափարախոսությունը մենք որեւէ կուսակցության մոտ չենք նկատել: Եվ եթե հիմա նոր կուսակցություններ ստեղծվում են, ապա ստեղծվում են իշխանափոխություն իրականացնելու, կտրուկ ինչ-որ բաների կողմնակից լինելու համար:
-Հայաստանում բազմաթիվ են կուսակցությունները: Ո՞րն է լինելու այն հիմնական խայծը, ինչը մարդկանց կդրդի ձեր շարքերը համալրել:
-Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի՝ մենք առանց «դաբրոների» ու առանց փողերի ենք սկսում: Սկսում ենք զրոյից, սկսում ենք միասնաբար: Սկսում ենք այն մարդկանցով, որոնց անունները գուցե այս պահին դեռ ոչինչ չեն ասում: Բայց շուտով նրանք բոլորն էլ հայտնի անհատներ կդառնան քաղաքական դաշտում:
Մեր քաղաքական թիմում գերակշռելու են այնպիսի մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում պահանջվող քայլերն են ձեռնարկելու, թարմություն են բերելու եւ նոր ռեֆորմներ են իրականացնելու Հայաստանում: Ռեֆորմիզմն ինքնին արդեն թարմություն ու նոր ուժերի ի հայտ բերում է նշանակում:
-Այսինքն՝ ձեր կուսակցության հիմնական կորիզը երիտասարդնե՞րն են լինելու:
-Այո: Թարմություն է պետք, եւ երիտասարդների ներգրավվածությունը հենց սրանով է պայմանավորված: Մենք փորձառու քաղաքական, հասարակական, պետական գործիչների խորհուրդներին միանշանակ ականջալուր ենք լինելու, բայց հիմնական ներուժը լինելու են երիտասարդ բարեփոխիչները:
Նրանք գրեթե բոլորը սովորել են արտասահմանում, լավ մասնագետներ են, կյանքում կայացած մարդիկ են: Եվ մեր կուսակցությունը լինելու է կայացած մարդկանց կուսակցություն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում