Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում մայիսի 9-ը, շնորհիվ գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանի, տոնվեց ըստ արժանվույն: Առավոտյան գյուղապետարանում հավաքվել էին Խաշթառակից սերված աշխատանքի վետերաններ, որոնց թվում էր գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Զավեն Ավետիսյանը:
Խաշթառակից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 364 հոգի,որոնցից 167-ը զոհվել է: Մեծ Հայրենականի մասնակից միակ կենդանի խաշթառակցին 94-ամյա Նապոլեոն Թիրաբյանն է, ով 2 անգամ վիրավորվել է, արժանացել Կարմիր դրոշի շքանշանի: Գյուղապետարանում Արտակ Քամալյանը, գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը եւ «Պրոգրես» ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանը դրամական նվերներով ծրարներ հանձնեցին Նապոլեոն Թիրաբյանին: Գյուղապետարանի առջեւի հրապարակում հնչում էին զուռնան եւ դհոլը: Նապոլեոն Թիրաբյանը դեն նետելով ձեռնափայտը` երիտասարդական ավյունով պարի շրջան մտավ:
Այնուհետեւ տոնական միջոցառումը շարունակվեց գյուղի Խաչի յալ տարածքում, ուր գտնվում է Հայրենական մեծ պատերազմում զոհված խաշթառակցիների հուշարձանը: Օրվա խորհրդի մասին խոսք ասացին Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, Հայաստանի անասնաբուժական ծառայության Տավուշի մարզային բաժնի պետ, Խաշթառակի նախկին գյուղապետ Սերյոժա Քամալյանը: Նրանք կարեւորելով Մեծ Հայրենականում հաղթանակը, շեշտեցին նաեւ մերօրյա ազատամարտում հայ ռազմիկների քաջությունը: Այնուհետեւ իրենց երգով ու ասմունքով հանդես եկան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները: Խաշթառակ գյուղում գործող Այկիկենդո մարզաձեւի խմբակի սաները հանդես եկան ցուցադրական տպավորիչ ելույթով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ