«Ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենքի վաճառքը»,- այսօր լրագրողներին ասել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ խուսափելով հարցից, թե ՌԴ-ն ինչու է շարունակում զենք վաճառել Ադրբեջանին:
Դեսպանի այս հայտարարությունից տպավորություն է, որ ՌԴ-ն այլեւս զենք չի վաճառում Ադրբեջանին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է ՌԴ-ն դադարեցրած լինի Ադրբեջանին զենք վաճառել. «Չեմ կարող ասել՝ ՌԴ-ն ինչ կաներ, չէր անի, մի բան ակնհայտ է, որ կոնկրետ Ադրբեջանը վերջին օրերին փորձում է տպավորություն ստեղծել, որ ինչ-որ մեծ քանակությամբ զինատեսակներ է գնում, խոսվում է ոչ միայն ՌԴ-ից գնումների, այլեւ Իրանից գնումներ կատարելու մասին: Ակնհայտ, ցուցադրական հայտարարեցին, որ ծախսվածի փոխարեն նոր զինատեսակներ են գնում»:
Փորձագետը նոր զինատեսակներ գնելու մասին լուրը համարեց տեղեկատվական հոգեբանական գործողություններ ադրբեջանական կողմից՝ ուղղված հայկական լսարանին. «Չի կարելի բացառել, որ հայկական կողմի բավականին կոշտ արձագանքը զենքի վաճառքի վերաբերյալ ազդեցություն ունեցել է վաճառքի դադարեցման հարցում, բայց մինչեւ Wikileaks չլինի, դժվար ասել՝ արդյոք ՌԴ-ն շարունակո՞ւմ է վաճառել, թե՝ ոչ: Մի բան հաստատ է, որ դեռ պայմանագրեր ունեն, որոնք մինչեւ վերջ կատարված չեն, եւ չեմ կարծում, որ ՌԴ-ն հետաձգի պայմանագրերի իրագործումը: Սպառազինության լայնածավալ գնումների մասին պայմանագրերը շատ հազվադեպ է լինում, որ հենց սկզբից պայմանավորված ամսաթվերով են արվում, ըստ այդմ, չեմ կարող ասել՝ գուցե ինչ-որ բաներ ուշացնեն կամ ընդհանրապես չլինեն: Բայց մնում եմ այն կարծիքին, որ դժվար թե ՌԴ-ն միանշանակորեն հրաժարվի այդ պայմանագրերը կատարելուց: Այլ հարց է, որ գուցե հետաձգի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ