«Եթե այդ պաշտոնյաները թերացել են, իրենց պաշտոնական դիրքն անցել ու որոշ գործողություններ են կատարել, որ իրավունք չունեին կատարել կամ ընդհակառակը որոշ գործողություններ չեն կատարել, որ պարտավոր էին կատարել, դրանք քրեական օրենսգրքով ամրագրված արարքներ են: Առավել եւս, եթե այդ գործողությունների արդյունքում քաղաքացիներին, հանրությանն ու պետությանը էապես վնաս է հասցվել»,- այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլյան դեպքերից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեցին ԶՈՒ միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա: Ալիկ Միրզաբեկյանը` պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը,
գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը` զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն ու գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը` զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետը:
Անդրադառնալով ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ վերջերս պաշտոնանկ արված երեք պաշտոնյաները պատասխանատվության չեն ենթարկվի՝ Դանիել Իոաննիսյանն շարունակեց. «Դժվար է ասել, թե պաշտոնանկ արված այս երեք պաշտոնյաները կոնկրետ ինչ խախտումներ են արել. միգուցե կային կադրեր, որոնք իրենցից ավելի կոմպետենտ էին, թե իրենք թերացել են, ամեն դեպքում, եթե թերացումներն այնպիսին էին, որ այդ թերացումները չլինելու դեպքում ավելի քիչ կորուստներ կունենայինք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Բայց Հայաստանի ուժային կառույցները չեն սիրում հանրությանը հաշվետու լինել, պատասխան տալ: Այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց համար են եւ ոչ թե հանրության: Հավանաբար, այդպես էլ պաշտոնապես չեն ասի՝ ինչու երեք պաշտոնյաները պաշտոններից ազատվեցին, բայց պատասխանատվություն չկրեցին:
Կարդացեք նաև
Ամեն դեպքում, ԶՈւ-ում բազմաթիվ խախտումներ, բազմաթիվ մսխման դեպքեր են հայտնի եւ այդ դեպքերով այդպես էլ մեղավորները պատասխանատվության չենթարկվեցին: Հիշում ենք այնպիսի դեպքեր, երբ զորամասերից մեկում զինծառայող սպանվեց, որը փորձում էր խոչընդոտել իրեն վերադաս զինծառայողի կողմից վառելիքի գողությունը: Այդ գործով նույնիսկ պատշաճ քննություն չի արվել: Առհասարակ զինված ուժերում արդարադատության համակարգը շատ վատ է աշխատում: Ամենավատ արդարադատության համակարգով գործող կառույցն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ