«Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին»,- այս լուրը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի հայտնել են Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, որոնք չորեքշաբթի օրը խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հանձնաժողովի անդամներից Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն «Ազատության» հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունը, այլև նշեց, որ ադրբեջանական կողմը Նախիջևանի սահմանին նոր ռուսական հրանոթներ է տեղակայել:
Խաչատուր Քոքոբելյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց, թե ինքը փակ քննարկումից տեղեկություններ է տրամադրել լրատվամիջոցներին, ինչ վերաբերում է «Ադրբեջանը զորքեր և զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին» լուրին, ասաց, որ այդ տեղեկությունը եղել է նաեւ մինչեւ փակ քննարկումը.
«Դրա մասին խոսել ենք մինչեւ քննարկումը: Բացարձակ, հակառակը, ես ինքս խոսել եմ այն մասին, որ չէր կարելի պատմել հանդիպման մասին, չէր կարելի բարձրաձայնել հանդիպման ներքին խնդիրներն ու դրանք դարձնել հանրային քննարկման նյութ, բայց ես խոսել եմ այն մասին, որ ինքս եմ նկատել, որ շատ մանրամասնություններ դրսում քննարկվել են: Չեմ կիսում այն կարծիքը, որ փակ քննարկումների օրակարգային խնդիրները դարձվեն հրապարակային, այլապես ստացվում է՝ քննարկումը փակ չէ: Ցանկացած պայմանավորվածություն պետք է պահպանվի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՊՆ նախարարն այսօր հայտնել էր. «Այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել մանրամասներ փակ քննարկումից, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում»:
Խաչատուր Քոքոբելյանը նաեւ հավելեց, որ պարկեշտ չի համարում քննարկման ձեւաչափի խախտումը. «Բայց քննարկման մասնակիցները միայն պատգամավորներ չեն եղել, նույնիսկ կդժվարանամ ասել, արդյոք պատգամավորներն են տեղեկատվության հոսք թույլ տվել: Ես ինքս հրաժարվել եմ լրագրողների հետ հարցազրույցներից այդ թեմայով՝ նույն պատճառաբանությամբ, որ պարկեշտ չեմ համարում քննարկել այն հարցերը, որոնք քննարկվել են փակ օրակարգում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ