Պաշտպանության նախարարության երկու աշխատակցի համար Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը պաշտպանության նախարարի արդեն նախկին տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, որը նաեւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետն էր, գնել է յուրաքանչյուրը 205 հազար դրամով: Երկու ավիատոմսի համար ՊՆ-ն վճարել է 410 հազար դրամ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության մեկ անձից գնումներ բաժնից, ավիատոմսը պարոն Միրզաբեկյանը ձեռք է բերել «Ավիատուր Գրուպ» ընկերությունից:
Պայմանագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 21-ին, երբ մայիս ամսվա համեմատությամբ ավիատոմսի գներն ավելի ցածր էին: Երեկ ավիատոմսերի վաճառքով զբաղվող 5-6 ընկերություններից փորձեցինք ճշտել, թե Երեւան-Մոսկվա-Երեւան ավիատոմսն ինչ արժե: Չնչին տարբերությամբ, ավիադրամարկղի աշխատակիցները նշեցին, որ Երեւան-Մոսկվա եւ հետադարձի ավիատոմսն արժե 126-136 հազար դրամ, որոշ ընկերություններ նշեցին նաեւ 153 հազար դրամ արժեքը` կախված նրանից, թե բեռ ունես թե ոչ կամ Մոսկվայի ո’ր օդանավակայանում է վայրէջքը: Ի դեպ, մեզ հետ զրույցում ավիատոմսերով զբաղվող ընկերությունների աշխատակիցները նշեցին, որ ապրիլ ամսին դեպի Մոսկվա ավիատոմսն ավելի մատչելի է եղել` 110-120 հազար դրամ:
Ուշագրավ է, որ գրեթե նույն ժամանակահատվածում, ապրիլի 13-ին, ոստիկանությունը նույնպես նույն ընկերությունից` «Ավիատուր Գրուպ»-ից Երեւան-Մոսկվա էկոնոմ կարգի ավիատոմս է ձեռք բերում 153 հազար դրամով:
Թե ինչու է ՊՆ-ն մոտ 80-85 հազար դրամ ավելի վճարում ավիատոմսերի համար, թերեւս մեր երկրի վերահսկող, վերստուգող ու նմանատիպ հազար ու մի մարմինների ուսումնասիրության թեմա է:
Կարդացեք նաև
Ալիկ Միրզաբեկյանը Երեւան-Մոսկվա-Դուշանբե-Մոսկվա Երեւան ավիատոմսը, որը կրկին ձեռք է բերել «Ավիատուր Գրուպ»-ից գնել է 470 հազար դրամով: Այսինքն` էկոնոմ կարգով թռչելու համար ՊՆ-ն երեք պաշտոնյայի թռիչքի համար վճարել է մեկ միլիոն 410 հազար դրամ, այն դեպքում, երբ այս ուղղությունը ամենաթանկ գներով, հաշված մեկ անձի համար արժե 359 հազար դրամ: Ըստ ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող գրասենյակի աշխատակցի, եթե ընտրես առանձին-առանձին տարբերակը, այսինքն` Երեւան-Մոսկվա եւ ապա Դուշանբե-Մոսկվա եւ Մոսկվա-Երեւան, ապա տոմսի արժեքն ավելի մատչելի կստացվի` 336 հազար դրամ:
Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը մեկ այլ ուղղությամբ էլ` Բրյուսել-Վիեննա-Երեւան մեկ անձի համար ավիատոմս է գնել 390 հազար դրամով:
Ավիատոմսը ձեռք է բերվել ապրիլի 22-ի համար` «Տրինիդատ» ընկերությունից: Այս ավիատոմսի դեպքում էլ, պաշտպանության նախարարությունը, նույնպես ուռճացված գնում է կատարել: Նշյալ ուղղությունն այս պահին արժե 324 հազար դրամ, ինչպես մեզ հետ զրույցում վստահեցրին ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող աշխատակիցները գումարած-հանած 6-10 հազար դրամ տարբերությամբ: Սակայն պարզեցինք, որ, եթե ավիատոմսը վերցվեր ոչ մեկ ուղղությամբ, ինչպես ՊՆ-ի գնում էր, այլ հետադարձ տարբերակով, անկախ նրանից հետադարձի խնդիր կար թե ոչ, ապա Բրյուսել-Վիեննա-Երեւան եւ հետադարձ ուղղությունն ավելի մատչելի է ստացվում` 266 հազար դրամ, ինչպես որ հավաստեցին ավիադրամարկղի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոններից ազատվեցին ՊՆ երեք բարձրաստիճան պաշտոնյա, որոնց թվում էր նաեւ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, որի հայտարարագիրն ուսումնասիրելիս Aravot.am-ը պարզել էր , որ Ալիկ Միրզաբեկյանն ամենահարուստ փոխնախարարներից է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ