Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պետական այրերը պետք է ծնկի գան էս երեխեքի ծնողների առաջ». Զինվորի մայր

Մայիս 09,2016 18:04

Հաղթանակի օրը Եռաբլուրը մարդաշատ էր: Զոհված հերոսների շիրիմին այցելելու եւ նրանց Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորելու էին եկել բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիներ:

Քառօրյա պատերազմի մեր նորօրյա հերոս Ռոբերտ Աբաջյանի՝  մոնումենտցի Կյաժի գերեզմանի մոտ մի կին թաշկինակը ձեռքին հեկեկալով լացում էր: Երբ հարցրեցինք՝ Ռոբերտի հարազատների՞ց եք, նա պատասխանեց՝ «Չէ, տղայիս ընկերն է եղել: Միասին են ծառայել: Հեռախոսով, ինչ-որ կապի միջոցով արգելվում է որեւէ բան հաղորդել, երեխեն որ չկար, քանի օր էր՝ տղաս անհանգիստ էր, ասեց՝ մամ, Կյաժը չկա: Ամսի 5-6-ն էր, Կարմիր խաչը որ մտավ այդ սահմանագիծը անթույլատրելի, նոր էնտեղից Կյաժի դիակը գտան: Վա՜յ, ոսկի տղա էր, ոսկի երեխա՜»,- ասաց կինն ու արտասվեց: Մարտակերտում ծառայող Խաչիկ Ավետիսյանի մայրն էր՝ Ռուզաննա Ավետիսյանը:

Նա պատմեց, որ Ռոբերտը արձակուրդ էր պատրաստվում գալ, իսկ ծնողները ՌԴ-ում էին. «Ասեցի՝ Ռոբ ջան, ինչ կլինի, արի մեր տունը մնա, ի՞նչ տարբերություն, մայրը մայր չի՞, գոնե երեխուս կարոտը քեզնից կառնեմ: Ասում էր՝ անպայման գալու եմ: Ճիշտ է, այստեղ պառկած բոլորն էլ մեր երեխեքն են, բայց որ իրեն ճանաչել եմ, իր մարդ տեսակին, ինքը լրիվ ուրիշ էր»:

Նա ասաց, որ Ռոբերտ Աբաջյանի ծնողներին չի ճանաչում, չի էլ կարողացել Ռոբերտ Աբաջյանի մահվանից հետո այցելել նրանց. «Ուժ չունեմ, նույնիսկ ամսի 8-ին երեխու հուղարկավորությունն էր, ասի՝ ես չեմ կարող գնալ, գնամ ի՞նչ տենամ»:

Կինը պատմեց, որ որդին դեռ դիրքերում է. «Ինչ ասես՝ տեսան մեր երեխեքը: Նրանց աչքերը ինչ դաժանություն, վայրագություն ասես չտեսան, խեղաթյուրված կյանք են ապրելու: Բոլորի մեջ վրեժ կա՝ վրեժ, վրեժ, իրենց ընկերներն են զոհվել: Իմ տղան ասում է՝ չեմ գա: Հունվարին պիտի զորացրվի, բայց կասկածում եմ, որ հունվարից հետո կգա: Իմ տղան պայմանագիր էր կնքել, որ գնար ՌԴ-ում ռազմական ինստիտուտում սովորեր կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ասեց՝ չէ, ես պետք է գնամ բանակ ծառայելու: Բայց ի՞նչ անենք, եթե յուրաքանչյուրն իր երեխային քաշի իր փեշի տակ, պատկերացնո՞ւմ եք մենք ուր կհասնենք: Մեր պետական այրերը պետք է ծնկի գան էս երեխեքի ծնողների առաջ, որ իրականում մեծ մարդ են դաստիարակել: Կարող է չեն հասցրել բարձրագույն կրթության, բայց մարդ են մեծացրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031