Այսօր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում Aravot.am-ը Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներից մեկին՝ Մրդոյին, խնդրեց մի դրվագ վերհիշել հերոսամարտից:
«1992 թվականի մայիս 7-ի լույս 8-ի գիշերը, երբ իրենց «Ուազիկ»-ը մոտեցավ մեր դիրքերին, մենք խփեցինք, ու պատերազմը սկսվեց… Մեզ սպասում էին այդ տարածքում, տեխնիկան վրեքս էկավ, ու մենք սկսեցինք պատերազմել մոտ 6-7 ժամ: Իրենք մոտ 2000 հոգի էին, մենք 54, թափով դուրս եկանք՝ իհարկե, տալով 12 զոհ, 18 ծանր վիրավորներ, բայց փառքով մեր առաջադրանքը կատարեցինք էն ժամանակ, երբ որ մեր մյուս կողմի զորամիավորումները մտան Շուշի: Մենք չհասցրեցինք Շուշի մտնել, բայց մեր առջեւ դրված ծրագիրն էն էր, որ օգնության եկող իրենց զորքին շեղեինք իրենց նպատակից, մենք էլ արեցինք դա»:
Մեր հարցին, թե հաճախակի է խոսվում այն մասին, որ հայ զինվորի ոգին տեղն է, բայց մեր տեխնիկան հին է, ազատամարտիկն ասաց. «Մի լսեք, մեր զորքը հզոր է, տեխնիկան էլ հզոր է, մենք սրանով էլ Բաքու կգնանք, եթե թողնեն»:
Ազատամարտիկն ասաց, որ եթե ադրբեջանցիները վարձկաններ չունենան, մեր ազգի դեմ չեն կարողանա կռվել: «Մեր 18-20 տարեկանները մեզնից հզոր են, նույնիսկ մենք իրենց ձեռքին չենք կարող ջուր լցնել, մենք էդ ժամանակ 28-30 տարեկան հասակում ենք կռվել, իսկ իրենք 18-20 տարեկան են: Ինչ մի սերունդ են, ինձ մի պահ թվում է, թե այլմոլորակային են, իրենց մայր չի բերել, իրենց համար վախ բառը գոյություն չունի: Ազատ սերունդ է, մենք ինչ-որ ժամանակ վախենում էինք, խորհրդային դաստիարակություն ենք ունեցել, վայ՝ սա մայոր է, միլիցիա է, պիտի վախենանք, բայց իրենք չեն վախենում», -մեր զինվորներին այսպես բնութագրեց ազատամարտիկը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ