Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ` Սլոյանի գլխի հետ լուսանկարված դիվերսանտի մասին. նա «Գորշ գայլերի» ազգայնական էր

Մայիս 09,2016 17:41

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  ըստ Ալեն Ղուլյանի «ֆեյսբուքյան» էջում հայտնված տեղեկատվության` Արցախի բանակի զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցի դիվերսանտներից մեկը` Ախունդով Աբդուլմեջիդը, հայկական ուժերի կողմից ոչնչացվել է հենց ապրիլյան պատերազմի օրերին:

Aravot.am-ն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ադրբեջանական մամուլում եւ սոցցանցերում ինչ տեղեկություններ կան տվյալ զինծառայողի մասին:

ashot-movsisyan

«Ադրբեջանական բանակի` Սումգայիթ քաղաքից զորակոչված ժամկետային զինծառայող Աբդուլմեջիդ Ախունդովը քառօրյա պատերազմի ժամանակ սպանվել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածք ներխուժելու ժամանակ, այդ պատճառով վերջինիս դին գտնվել է հայկական կողմում։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ տեղի ունեցած դիերի փոխանակման ժամանակ, վերջինիս դին հանձնվել է ադրբեջանական կողմին։ Ադրբեջանական կողմին փոխանցված որևէ դիակի վրա չեն եղել խոշտանգման հետքեր, այդ թվում` այս զինվորի»,-ասաց Աշոտ Մովսիսյանը:

Ինչպես նշվել էր, լուսանկարում Աբդուլմեջիդ Ախունդովը մատներով ցույց է տվել թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ «Սպանված զինծառայողը ցույց է տալիս «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության նշանը, որը խորհրդանշում է գայլի գլուխ։ Գայլը համարվում է թյուրքական ցեղերի տոտեմը»,-պարզաբանեց Մովսիսյանը եւ հավելեց, որ «Գորշ գայլերը» թուրքական ազգայնամոլական ձախակողմյան կազմակերպություն է. «Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի նախագահության ժամանակ թուրքական ազգայնամոլական շարժումը սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել Ադրբեջանում և մասնակցել նաև Արցախյան պատերազմին։ Այսօր Ադրբեջանի հանրության մոտ մեծ տարածում ունի «Գորշ գայլեր» շարժման գաղափարախոսությունը։ Ադրբեջանական և թուրքական ազգայնամոլության համատեղ թիրախ է հանդիսանում հայկականությունը, ուստի «Գորշ գայլերի» գաղափարական ազդեցության տակ գտնվող զինվորականներն, անշուշտ, առկա են ադրբեջանական բանակում: Այս ամենը կատարվում է Բաքվի իշխանությունների թողտվությամբ: Իհարկե, սրանով սիրաշահվում է նաև Թուրքիան»։

Մեր զրուցակցի խոսքով` Ադրբեջանում 25 տարի շարունակ քարոզվող հակահայկականությունը եւ ադրբեջանցի երեխաներին դեռեւս օրորոցից «մատուցվող» հայերի հանդեպ ատելության հետեւանքներն այսօր ավելի քան ակնառու են. «Ադրբեջանի ազգայնամոլների մոտ հայի մարմինը խոշտանգելն ընկալվում է որպես հերոսության և խիզախության նշան, և սա հովանավորվում է նաև երկրի ղեկավարության կողմից։ Դրա ապացույցները շատ են՝ Ռամիլ Սաֆարով, Իբադ Հուսեյնով… Վերջին ռազմական գործողությունների ժամանակ կատարված վայրագությունները ցույց տվեցին, որ այդ ալիքն ավելի է ուժգնանում։

Անշուշտ, հայոց բանակի զինվորների մարմինների խոշտանգումը միտումնավոր քայլ է, և այդ ամենի` սոցիալական ցանցերում հայտնվելը պատահական չէ: Դրանով առաջին հերթին փորձ է արվում վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության և հայ զինվորների շրջանում: Սրանով Բաքուն փորձում է խնդիր ստեղծել նաև մեր համար։ Ըստ իրենց՝ Հայաստանում ապրող ծնողները, տեսնելով այս ամենը, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի իրենց զավակները ծառայության չանցնեն Լեռնային Ղարաբաղում, ինչը, կարծում եմ, ձախողված ծրագիր է։

Բացի այդ, այս կերպ Բաքուն իր ներքին լսարանի համար փորձում է ստեղծել նոր «հերոսներ»՝ ի դեմս այդ դահիճների»:

Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե նման վայրագությամբ հրճվելն ու դա հերոսացնելը քաղաքակրթական ինչպիսի բնութագրի մասին է վկայում. «Միանշանակ, սա ապացուցեց, որ բավական չէ աշխարհին պարզապես ասելը, որ «Իսլամական պետության» զինյալները ահաբեկիչներ են, քանի որ սպանում են խաղաղ բնակչությանը և գլխատում գերիներին՝ թե զինվորական, թե քաղաքացիական։ Մենք ականատես եղանք, որ այդ նույն ուղով է առաջ գնում նաև մեր թշնամին, որի համար զինվորին գլխատելը հերոսություն է։ Մեր համար սա ոչ թե «ԻՊ»-ի ձեռագիրն է, այլ հենց Բաքվի. երբ Ադրբեջանում հայերի դեմ ժամանակին այսպիսի վայրագություններ էին իրականացվում, «ԻՊ»-ն չկար»,-եզրափակեց Աշոտ Մովսիսյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031