Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հիմա Ադրբեջանի` պատերազմ սկսելը սխալ քայլ կլինի» (Տեսանյութ)

Մայիս 09,2016 15:33

«Եթե բանակցությունները վերսկսվեն, դրանց պետք է մասնակցի նաեւ Արցախը: Ադրբեջանը փորձում է չեզոքացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը, ինչը նրան չհաջողվեց: Դա խոսում է այն մասին, որ միջնորդները տեսնում են Արցախին որպես բանակցային կողմ եւ չեն ցանկանում, որ Արցախը քաղաքական գործոն չլինի: Հայկական կողմը հնարավորություն ստացավ նաեւ Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, եւ այդ կետերից ինձ համար ամենակարեւորը Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելու պահանջն է, այսինքն` միջազգային հանրությունը պետք է հստակ նշի, թե ով է եղել ռազմական գործողությունները վերսկսողը: Եթե այդ պահանջը հաջողվի բավարարել, բանակցային սեղանին Ադրբեջանի հետ շփվելու ենք որպես ագրեսոր եւ ռազմական հանցագործություն իրականացրած կողմի հետ»,-մայիսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում, խոսելով ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը մինչ այսօր ամեն ինչ արել է բանակցային գործընթացը չվնասելու համար, եւ Արցախի ճանաչումը այդ նպատակով է մինչ օրս հետաձգվել. «Այսինքն, փորձում էինք չվնասել բանակցային գործընթացին: Այս պահին հարցը բերվեց քաղաքական օրակարգ` որպես Ադրբեջանին զսպող մեխանիզմ: Ադրբեջանը հասկացավ` եթե հարվածի, կլինի ճանաչում, այլ պետությունների կողմից եւս ճանաչումներ կլինեն, հետեւաբար, Ադրբեջանը կկորցնի բանակցային սեղանին իր համար առավելություններ ստանալու հնարավորությունները: Ըստ էության, սա աշխատեց. այն օրերին, երբ սպասում էինք ադրբեջանական հարվածին, դա տեղի չունեցավ»:

Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով, վերջինիս օրինակին կհետեւեն նաեւ այլ պետություններ. «Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ այդ ճանաչումն ինքնանպատակ չլինի եւ «շղթայական ռեակցիան» ապահովվի: Սա խելամիտ մոտեցում է եւ կարող է աշխատել, եթե Ադրբեջանը սխալվի: Պատերազմի ջատագով չեմ, բայց կարծում եմ, որ հիմա Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելը սխալ կլինի, եթե վերջինս որոշի վերսկսել այն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031