Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես իմ տղերքից անգամ սեր չեմ մուրացել, ուր մնաց՝ պաշտոնյաներից». Դուշման Վարդանի մայրը՝ Եռաբլուրում

Մայիս 09,2016 15:17

Այսօր Եռաբլուրի պանթեոն էին այցելել Արցախյան գոյամարտում զոհված մեր հերոսների հարազատները, զինվորականներ, ազատամարտիկներ:

Erablur_7Մի փունջ ծաղիկ ձեռքին որդու շիրիմին մոտեցավ Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի մայրը՝ Զարիկ մայրիկը:

«Ես հաղթանակը հասկանում եմ ամեն վայրկյան, ամեն ժամ: Ազգովի հաղթանակ ունենանք եւ զոհ չտանք, որ մայրերը չլացեն: Ազատագրական զոհերը հերոսներ են, եւ մայրերն իրավունք չունեն լացելու: Մենք քանի պատերազմի մեջ ենք, քանի լիովին չենք հաղթել մեր թշնամուն՝ մայրերը չպետք է լացեն: Մենք հաղթանակներ ունեցել ենք եւ պետք է ունենանք: Փառք ու պատիվ հաղթանակով նահատակված մեր հերոս տղաներին: Փառք ու պատիվ այն տղաներին, որոնք այս պահին սահման են պաշտպանում եւ փառք ու պատիվ այն մայրերին, որ ծնեցին, մեծացրեցին տղաների, որոնք կարողացան դիմակայել մինչեւ ատամները զինված թշնամուն»,- Հաղթանակի տոնը շնորհավորեց հերոսի մայրը:

ZarikՆրա խոսքերով՝ «Թշնամին չի փոխվելու, թշնամին ծնվել է, սնվել է այդ արյունով եւ այդպես էլ պետք է շարունակի: 20 տարեկան տղաները կարողացան հաղթանակներ տանել, փառք նրանց մայրերին, խոնարհում նրանց: Ժամանակին Վարդանս ասեց՝ մամա, կտեսնես նոր սերունդն ինչ ուժեղ սերունդ է լինելու եւ արդեն ապացուցում են: Իհարկե, նոր սերնդի այդ հերոսական ոգու մեջ ներդրում ունի եւ՛ թուրքի դուշմանը՝ Վարդանս, եւ ամբողջ Եռաբլուրի տղաները: Այս պահին էլ, համոզված եմ, հայոց ազատագրված հողի վրա հերոսներ են ծնվում՝ վաղվա հաղթանակների համար: Մեր պայքարն ազատագրական է, զավթողական չի, եւ մենք միշտ պետք է հաղթենք ու աշխարհին ցույց տանք, որ կանք ու կմնանք ու կհաղթանակենք»:

Zarik StepanyanԱրցախի ազատագրական պայքարից հետո հարցադրումներ են անընդհատ հնչում, որ տեսեք ովքեր են մարտի դաշտում անձնվիրաբար կռվել, իրենց կյանքը զոհել ու ովքեր են այսօր վայելում, իրենց երկրի տերը զգում: Մեր հարցին՝ դուք այդտեղ ի՞նչ եք զգում, անարդարություն չե՞ք տեսնում՝ նա պատասխանեց. «Այդ անարդարությունն ինձ չի հետաքրքրում: Իմ որդուն իր իրավաբանական կրթությամբ, իր գրագիտությամբ մի շարք պաշտոններ են առաջարկել, բայց նա միշտ հայտարարել է՝ ես զինվոր եմ, իմ տեղը մարտի դաշտում է: Հիմա ինձ չի հետաքրքրում, ես ապրել եմ համեստ, իմ աշխատավարձով, իմ որդիների հետ: Ապրում եմ իմ թոշակով: Բայց ժամանակն է ուշքի գալ, եթե գումարներ ունեն, թող սնեն մեր բանակը, ուժեղացնեն զենքով, զրահով: Մեր նպատակն է մեր հողերը հետ բերել: Ինձ ուրիշ բան չի հետաքրքրում, թեկուզ քաղցած, ոտքի վրա կարող եմ կանգնել, բայց իմ նպատակը հայրենիքի համար սերունդ դաստիարակելն է: Ինձ չի հետաքրքրում, ինչ ուզում են, թող այն էլ անեն: Վերջը մի օր ուշքի կգան: Ես իմ տղերքից անգամ սեր չեմ մուրացել, ուր մնաց՝ պաշտոնյաներից»:

Erablur_11 Erablur_10Զարիկ մայրիկն ասաց, որ Երեւանի 12 դպրոցների սաներ որոշել են Վերջին զանգից հետո քեֆ չանել, դրա փոխարեն այցելել Դուշման Վարդանի թանգարան. «Քեֆ չեն անելու, որովհետեւ մենք կորուստներ ունենք: Գտնում են, որ իրենց եղբայրներն են զոհվել, գալու են Դուշման Վարդանի թանգարան»:

Զարիկ մայրիկն այսօր ափսոսում է, որ ընդամենը 1 Վարդան Ստեփանյան է ունեցել. «Ափսոս, ջահել չէի, մի 5 հատ Վարդան բերեի հայոց հողի համար: Եթե երեխա ես ունենում, ավելի լավ է ընկնի հայ հողի վրա, քան թե ուրիշի ոտքերի տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031