«Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիան պետք չէ բացառել, այն ավելի քան սպասելի է»,-կարծում է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը: «Ադրբեջանն այսօր պատերազմ վերսկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, որովհետեւ ապրիլյան պատերազմում ունեցած ձախողումը նրան զրկեց քաղաքական լուրջ հաղթաթղթերից: Այսուհետեւ Ադրբեջանը բանակցային սեղանին պատերազմ չվերսկսելը չի կարող ներկայացնել որպես «զիջում», չի կարող հիմնավորել իրեն տարածքներ հանձնելու պահանջը»,-մայիսի 9-ին «Հայացք» մամուլի ակումբում ասաց նա:
Մելիք-Շահնազարյանը փաստեց, որ Ադրբեջանը նաեւ ներքին լուրջ խնդիրներ ունի. «Տարիներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությանը վստահեցնում էր, որ կարճ ժամանակահատվածում կարող է հասնել Ստեփանակերտ, բայց պարզվեց, որ այդքան ռազմական ծախսերն ապարդյուն էին. Ադրբեջանը չունի ռազմական գերակայություն»:
Բանախոսի գնահատմամբ` պաշտպանության ոլորտում հայկական կողմն իր «տնային աշխատանքը» լավ է կատարել. «Ինչ-որ չափով զգոնությունը թուլացել էր, բայց տեսանք, որ չորս օրում կասեցվեց թշնամու գրոհը, հայկական ուժերն անցան հակահարվածի եւ վերադարձրեցին տարածքային կորուստները: Զինվորի ոգին էլ է կարեւոր, բայց երբ գերժամանակակից զենքով` «Սմերչ»-ով, «Տոս»-ով են հարձակում, եւ դրան դիմադրում են, նշանակում է, որ «տնային աշխատանքը» լավ է կատարվել: Սա այն նույն «տնային աշխատանքն» է, որը ժամանակին լավ էր կատարվել Շուշիի դեպքում»:
Մելիք-Շահնազարյանը մեկնաբանեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը` ասելով. «Դաշնակիցները ձեւավորվում են ըստ իրավիճակի: Պետք է ոչ թե համախոհ-դաշնակիցներ որոնել, այլ իրավիճակը դարձնել այնպիսին, որ բոլորը հասկանան` օբյեկտիվ ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանը նշել էր. «Քանի դեռ Հայաստանը զուրկ է թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ ԼՂ անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»:
Քաղաքագետն անդրադարձավ նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնանկություններին. «Հասարակության սպասելիքները շատ էին, բայց չգիտեմ` որն է ճիշտ ուղին, չգիտեմ` այդ պաշտոնյաների գործունեության մեջ քրեական պատասխանատվություն ենթադրող գործողություններ կա՞ն, թե՞ ոչ: Բացի այդ, պատերազմը չի ավարտվել, ամեն վայրկյան կարող են լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսվել, ուստի այս փուլում ավելի մեծ նշանակություն ունի արտաքին վտանգի չեզոքացումը, հետո` ներքին խնդիրների լուծումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ