Մայիսի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Նույն օրը Բակո Սահակյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արկադի Ղուկասյանն այցելել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը մասնակցել հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդ» ֆոտոցուցահանդեսի բացմանն ու «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին եւ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցած մոմավառությանը:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն