Մայիսի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը հանդիպեց ռուսաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում ուսանող և վերապատրաստում անցնող ՀՀ ՊՆ սպայական անձնակազմի հետ:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպված հանդիպմանը դեսպան Եսայանը ներկաներին շնորհավորեց Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա առթիվ:
Դեսպան Եսայանն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի համար եռատոնի նշանակությանն ու խորհրդին ՝ վկայակոչելով հավերժ փառք և խոնարհում Հայրենական պատերազմի հաղթանակին և Շուշիի ազատագրմանը կյանքը նվիրաբերած հայ զինվորականներին: ՀՀ դեսպանն ընդգծեց նաև, որ Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության տարբեր սերունդների համար մայիսի 9-ը դարձավ արիության, Հայրենիքի հերոսական պաշտպանության և ազգային վերելքի կարևորագույն պատմական էջերից մեկը:
Կարդացեք նաև
Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած իրադարձություններին՝ հանգամանալից ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը, դիվանագիտական հարթակում ընթացող գործընթացները, դեսպանության գործունեությունը, Ռուսաստանի հայ համայնքի կողմից ԼՂՀ-ին ցուցաբերվող օգնությունը և, ընդհանուր առմամբ, ԼՂ հիմնախնդիրը:
Դեսպան Եսայանը հանդիպմանը ներկա 3 հայ բարձրաստիճան սպայի հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալներ:
ՀՀ ԱԳՆ