Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյան. «Շուշիից հետո գեղեցիկ է գարունը Ղարաբաղում»

Մայիս 09,2016 16:00

1995-ի մայիսի 9-ին ի նշանավորումն Շուշիի ազատագրման երրորդ տարեդարձի եւ Հայրենական մեծ պատերազմի 50-ամյակի՝ Ստեփանակերտում զորահանդես տեղի ունեցավ, անպատմելի մի իրադարձություն, որին ներկա էր Վազգեն Սարգսյանը: Երկու տարի անց դարձյալ Վերածննդի հրապարակում հանդիպեցի Սպարապետին, Շուշիի ազատագրման 5-րդ տարեդարձն էր, մինչ զորահանդեսը կսկսվեր՝ մի քանի հարց ուղղեցի նախարարին: Այդ օրվանից 24 տարի է անցել, Ղարաբաղի գարունը կարծես անհաղորդ հայերիս ապրիլյան գերագույն լարումին՝ այսօր էլ շատ գեղեցիկ է, Շուշիի ազատագրման օրն էլ՝ անփոփոխ…

– Ինչպե՞ս կբնութագրեիք հայկական բանակի ստեղծումը: Երեւի հեշտ չէ՞ր:

– Ինչպե՞ս կարող էր հեշտ լինել: Ամեն բան զրոյից էինք սկսում, պատերազմին համընթաց, ռազմական գործողություններին զուգահեռ մեր ժողովուրդը ստեղծում էր իր բանակը, որն այսօր ամենամարտունակն է հետխորհրդային տարածքում: Կարեւորը բանակի ոգին է, մնացածը կտեսնեք զորահանդեսի ժամանակ: Վատ բանակով անհնար է լավ զորահանդես անցկացնել:

– Ի՞նչ տվեց հրադադարի երեք տարին Ղարաբաղին, Հայաստանին:

– Խաղաղության երեք տարիների ընթացքում Ղարաբաղը ամրացրեց իր անկախությունը, իսկ Հայաստանը ձեռք բերեց ինքնահարգանքի զգացողություն: Մեր ժողովուրդը հասկացավ, որ կարող է ոչ միայն ողբալ իր անցյալը, ոչ միայն պաշտպանել իր հողը… լավ պաշտպանել, այլեւ հաղթանակներ տանել: Ղարաբաղի ժողովուրդը հաղթող ժողովուրդ է: Եվ վստահ եմ` հավերժ հաղթող: Աշխարհում չկա որեւէ ուժ, որ կարող է հաղթել այս ժողովրդին: Բանակը ժողովրդի հենարանն է, իսկ ժողովուրդն ու բանակը Ղարաբաղում միասնական են: Անհնար է կորցնել այն, որ ձեռք բերվեց բանակի կողմից մեծագույն տառապանքով: Անհնար է կորցնել:

– Պարոն նախարար, հնարավո՞ր եք համարում պատերազմական գործողությունների վերսկսումը:

– Կարծում եմ, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի: Եվ ղարաբաղցիները, եւ ադրբեջանցիները քաջ գիտակցում են, որ պատերազմի վերսկսումը ոչ մեկին ձեռնտու չէ: Ղարաբաղի բանակը պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի շահերը եւ հակահարված տալ հակառակորդին, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում պատերազմական գործողությունները չեն վերսկսվի: Առնվազն երկու-երեք տարի:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, եւ արդյո՞ք այն Ադրբեջան-Թուրքիա համագործակցությա՞նն է առնչվում:

– Ռուսաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը խորը արմատներ ունի: Եվ ոչինչ չի կարող դրան խանգարել: Անշուշտ, կան ուժեր, քաղաքական հոսանքներ, որոնք դեմ են այդ համագործակցությանը, բայց գլոբալ իմաստով նրանք խանգարել այդ հարաբերությունների զարգացմանը չեն կարող: Նույնը կարելի է ասել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության վերաբերյալ: Գեները հզոր ուժ են: Բոլոր իշխանավորները պիտի հաշվի նստեն դրա հետ: Իսկ հակադրել մի համագործակցությունը մյուսին չարժե:

– Ձեր կարծիքով՝ այսօրվա զորահանդեսը քաղաքական ենթատեքստ ունի՞, թե՞ ոչ:

– Անշուշտ, յուրաքանչյուր զորահանդես ունի նաեւ քաղաքական իմաստ: Բայց այսօրվանը անհրաժեշտ է առաջին հերթին նրա համար, որ ժողովուրդը տեսնի, թե ինչի է հասել 5 տարիների ընթացքում, ուր են գնում նրա ավանդները եւ ամենակարեւորը` որքանով են պատրաստ նրա զավակները պաշտպանել Ղարաբաղի ժողովրդի շահերը, պետության սահմանները եւ բարձր պահել ժողովրդի ոգին:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Շուշիի ազատագրման 50-րդ տարեդարձը:

– Ես պատկերացնում եմ ոչ միայն Շուշիի ազատագրման 50-ամյակը, այլեւ 500 եւ 5000-ամյակները: Շուշին միշտ եղել է եւ այսուհետ էլ կլինի հայկական:

– Պարոն նախարար, արդոք ավելի ճիշտ չէ՞ր լինի զորահանդեսին եւ Ռուսաստանից հրավիրված երգիչների (Հաղթանակի օրվա տոնին Ստեփանակերտում նրանց մասնակցությամբ մեծ համերգ տեղի ունեցավ-Ա. Բ.) համար ծախսած գումարը տալ ժողովրդին, չէ՞ որ ղարաբաղցիները շատ դժվար են ապրում: Ոմանք նույնիսկ սոված են:

– Ոչ, ես այդպես չեմ կարծում: Ղարաբաղի ժողովուրդը արժանի է, որ այստեղ գան ոչ միայն երգչուհի Ալյոնա Ապինան, այլեւ Ալլա Պուգաչովան, Դեմիս Ռուսոսը…

– Բիլ Քլինթո՞նը:

– (Նախարարը բարձր ծիծաղում է): Այո: Իսկ ինչո՞ւ ոչ: Ասեմ ձեզ, զորահանդեսին ծախսված գումարները շատ քիչ են նորմալ երկիր կերակրելու համար: Իսկ Ղարաբաղը ես այդպիսին եմ համարում: Բայց երբեմն հոգեւոր սնունդը հացից կարեւոր է: Ղարաբաղցիները, իրոք, դժվար են ապրում, բայց փառք Աստծո, սոված չեն: Գոնե սոված չեն: Ժողովուրդը ապրում է բոլոր հետխորհրդային ժողովուրդների պես: Ես չեմ ուզում կրկին խոսել շրջափակման, պատերազմի եւ այլնի մասին: Բայց ստեղծել նման հզոր բանակ եւ միաժամանակ հարուստ ապրել` նույնպես անհնար է: Իսկ ինչպիսի բանակ ենք ստեղծել` կտեսնեք զորահանդեսի ժամանակ: Այդ ամենը մեծ գումարներ են պահանջում:

– Պարոն նախարար, Ձեր կարծիքով՝ ո՞վ կլինի ԼՂՀ հաջորդ նախագահը:

– Ղարաբաղում հրաշալի թիմ է աշխատում: Երբ ԼՂՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր (Ռոբերտ Քոչարյանը արդեն որպես Հայաստանի վարչապետ էր ներկա տոնական հանդիսություններին, ղարաբաղցիները պատրաստվում էին նոր նախագահի ընտրությունների-Ա. Բ.), կարելի էր ասել, որ ի դեմս նրա՝ Ղարաբաղն ուներ բացարձակ լիդեր: Այսօր այստեղ հրաշալի թիմ է աշխատում, բոլորն էլ ինձ համար հարազատ, շատ մոտ մարդիկ են: Եթե թիմում ինչ-որ փոփոխություն է տեղի ունեցել, ապա դա էական փոփոխությունների պատճառ չի դառնա: Ղարաբաղը կառավարող թիմը կազմում են համախոհներ, որոնք գիտակցում են՝ հանուն ինչի են աշխատել, ինչ է նրանց հաջողվել անել եւ ինչը դեռ պետք է արվի:

– Գարուն է, Հաղթանակի տոն… Ի՞նչ զգացողություններ եք ապրում:

– Շատ գեղեցիկ գարուն է Ղարաբաղում ու շատ պայծառ օր: Երեկ այստեղ, Վերածննդի հրապարակում, տեսա Ղարաբաղի ժողովրդին… Շքերթը հրաշալի է լինելու: Բայց ժողովրդի ոգեւորությունը, ուրախությունը ամեն ինչ արժեն: Այս օրը ապրելու համար արժեր, որ հինգ, վեց տարի ամեն տեսակի դժվարությունների միջով անցնեինք:
«Հայք», 16 մայիսի 1997թ.
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031