Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էր՝ պա՛պ, կգամ, ուս ուսի կտանք, մեջք մեջքի կտանք ու կտեսնես՝ ինչքան լավ կլինի…»

Մայիս 09,2016 15:30

Ընտանիքը՝ Մարտակերտում զոհված զինծառայող Անդրանիկ Զոհրաբյանի մասին

Վեդի քաղաքի բնակելի շենքում ենք, աստիճաններով բարձրանալիս՝ ինձ ուղեկցողն ասում է՝ այս քաղաքի ամենահամեստ ու պարկեշտ ընտանիքներից են, գլխով եմ անում, մտածում՝ ներս մտնելիս՝ ինչպե՞ս եւ ի՞նչ պետք է ասել տան միակ տղային կորցրած ծնողներին: Իսկ այնտեղ գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, որ նա հնարավորինս իրեն հարմարավետ ու ազատ զգա:

Գնում ենք քառօրա պատերազմի ամենաթեժ կռիվներից մեկի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի տուն: Ներսում մեզ սպասում են նրա մայրը՝ տիկին Ալլան, եւ հայրը՝ պարոն Ատոմը՝ իրենց երկու դուստրերի հետ:

Անդրանիկ Զոհրաբյանի 20-ամյակը մայիսի 1-ին է լրացել: Նա իր ծննդյան օրից մեկ ամիս առաջ կյանքի ու մահվան կռիվ տվեց թշնամու դեմ, ու չնայած ընկավ՝ հերոսանալով, նրա մասին միայն ներկա ժամանակով պետք է խոսենք. Զոհրաբյանների ընտանիքն այդպես է անում: Մարտակերտի շրջանում է ծառայել, ամռանն էլ պետք է զորացրվեր, սակայն ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատուհասած պատերազմը շատ բան փոխեց:

Andranik_Zohrabyan_2
Անդրանիկ Զոհրաբյանի կորստի մասին լուրը իմացվեց ապրիլի երեքին. կռվել է թշնամու համար կարեւորագույն համարվող դիրքերից մեկում՝ Արմենակ Ուրֆանյանի ջոկատում, մինչեւ վերջ, առանց նահանջի, պայքարել է թշնամու դեմ, չի լքել հրամանտարին, իր ընկերներ՝ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին, Քյարամ Սլոյանին: Զոհրաբյանների ընտանիքում մի համոզմունք կա. չորս քաջերը, ձեռք ձեռքի բռնած, բարձրացան երկինք, այնտեղից էլ իրար թեւ-թիկունք կանգնած մեզ են հետեւելու:

Որդու մասին ավելի շատ խոսում է հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, տիկին Ալլան՝ դժվարանում է. «Տեսակի հարց է, ինքը չի խոսում. նա մի բան է արել Անդրանիկի համար, երեխեքի համար՝ Մարիի, Սաթենիկի համար. ինքը միշտ աշխատել է, որ լավ մամա լինի, առանց խոսքերի, առանց ինչ-որ բանի»:

Զգում ես՝ այս ընտանիքում ոչ մի կերպ չեն համակերպվում որդուն կորցնելու մտքի հետ, հայրն անընդհատ փորձում է պատճառներ ու մեղավորներ գտնել, այնքան, որ փորձը վերածվում է ինքնամեղադրանքի: «Ես աշխատել եմ իմ կյանքը նորմալ ապրել, մասնագիտությունս էլ այնպիսի մասնագիտություն է (բժիշկ է- Հ.Հ), որ դրանով պետք է մարդկանց օգնեմ, պետք գամ: Աշխատել եմ ոչ մեկին չնեղացնել, չցավացնել, այլ հակառակը, փորձել եմ օգնել ինչով կարող եմ: Ամուսնացել ենք, երեխա ենք ունեցել, մեր երեխեքին նորմալ դաստիարակել ենք, չափի մեջ: Փորձել ենք միշտ դրական ապրել, բայց դրա դիմաց միշտ ունեցել ենք խնդիրներ… Այդպես պիտի չլիներ… Գոնե իմ տեսակի մարդը չպիտի նման խնդիրներ ունենար: Պահել, երեխա ենք դաստիարակել, որը…,- ասում է Անդրանիկի հայրը, ու լռում, հետո ավելացնում,- մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես ճի՞շտ եմ ապրել ես: Ինձ թվացել է, որ ես ճիշտ եմ ապրում, ու կգա մի օր, իմ տղան կգա բանակից, մենք այդ էջը շուռ կտանք՝ մեր ապրած այդ ծանր օրերի, այդ ամեն ինչը շուռ կտանք ու իմ բալի հետ… ես այլեւս բան չէի ուզում, ուզում էի իմ երեխու հաջողություններով ուրախանալ, բայց կյանքը ինձ այդքան երես չտվեց… ինքն էլ էր ասում՝ պապ, կգամ, ուս ուսի կտանք, մեջք մեջքի կտանք ու կտենաս ինչքան լավ կլինի…Ես մեծ հույսեր ունեի, շա՜տ մեծ, շա՜տ լավատես էի, բայց այսօր ես պետք է զրոյից սկսեմ՝ չնայած փոքր չեմ, արդեն 50 տարեկան եմ, արդեն առողջական խնդիրներ ունեմ…»:

Andranik_Zohrabyan_3
Հայրը հպարտանում է տղայի վճռականությամբ. Անդրանիկը որոշել էր իր վրա վերցնել քրոջ ուսման վարձի խնդիրը: «Ասում էր՝ Սաթենիկի հետ կգնանք-կգանք: Մանկավարժականի «Մշակույթի» ֆակուլտետի շենքն ու Ֆիզկուլտինստիտուտն իրար կողքի են, ուրախացել էր, ասում էր՝ պապ, քո գործը չի, ես իմ ու Սաթի վարձը կփակեմ, կաշխատեմ, վարձը կտամ… բայց հիմա ես իմ մեջ ուժ պետք է գտնեմ, ամեն ինչ զրոյից սկսելու, աղջիկ երեխեքի ցանկությունները պետք է իրականացնեմ»,- ասում է պարոն Ատոմը:

Անդրանիկը զուսպ էր, հանգիստ ու հավասարակշռված: «Իր մոտ միշտ անօգտակար ժամանակի բացակայություն է եղել. այն, ինչը որ արել է իր ժամանակի մեջ, աշխատել է, որ իր համար օգտակար լինի, մանկության տարիներին կլիներ խաղը, հետո ուսումը, ինքը միշտ օգտակար ժամանակի ձգտում է ունեցել»,- պատմում է հայրը: Ուշադիր էր բոլորի նկատմամբ, երբեք չի ցանկացել անհանգստացնել որեւէ մեկին. «Վեց տարեկանում էր, որ ձեռքը կոտրեց: Մենք դաշտում գործ էինք անում, ինքն էլ բակում խաղում էր, ընկել էր առվի մեջ, ձախ թեւը կոտրել էր: Բերինք հիվանդանոց, ոչ էլ լացեց, սու՜ս: Ինքն էր ասում՝ մամա, տե՛ս, ոչ մի բան չի եղել, չի ցավում: Միշտ էլ այդպես է եղել… պատահում էր, որ նեղվում էինք, կամ ես զայրացած էի լինում, զգում էր, որ հնարավոր է՝ զայրույթս այլ հունով ընթանար, նայում էր ինձ, ասում՝ պա՞պ, ու վերջ»:

Չնայած Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղում Անդրանիկը Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ էր սովորել, սակայն նրա մեծ երազանքներն ու նպատակները սպորտի եւ ֆուտբոլի հետ էին կապված, մարզվում էր, արդեն պատրաստվել էր Ֆիզկուլտինստիտուտի քննություններին: «Ասում էր. «Լավ մարզիչ եմ դառնալու, պապ, հենց Վեդիում, լավ երեխեք կան, ուրիշ տեղեր էլ որ չլինի, հենց Վեդիում թիմ կհավաքեմ այս երեխեքից, կաճացնեմ, տես ինչ թիմ եմ սարքելու: Մենք չդարձանք, մեր հետ չզբաղվեցին, բայց ես կանեմ»,- պատմում է հայրը: Ժամանակն անիմաստ չկորցնելու մղումով էլ՝ սովորել էր նաեւ խոհարարություն: «Սիրում էր խառնել տարբեր ուտելիքներ, նոր բան ստանալ»,- տիկին Ալլայի հազվադեպ միջամտություններից է:

Մայրը հիշում է, որ վերջին անգամ որդու հետ մարտի 29-ին է խոսել. «Վերջին շրջանում որ խոսում էինք, շատ տխուր էր: Որ հարցնում էի՝ ինչի՞ ես ուշ զանգում, ասում էր՝ մամ, ես քեզ սովորեցնում եմ: Ասում էի՝ ինչի՞ն ես սովորեցնում… ասում էր՝ դե որ ուշ-ուշ զանգեմ»:
Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանն էլ ներկայացնում է որդու հետ կատարվածից մանրամասներ. «Չորսն էլ (նկատի ունի՝ Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ Աբաջյանին, Քյարամ Սլոյանին եւ իր որդուն) շատ վնաս են հասցրել թուրքին, դրա համար փորձել են նրանց հետ շատ դաժան վարվել… հետո Աբաջյանին ու իմ տղուն փորձել են տանել չեզոք գոտուց, բայց չեն կարողացել:

Վերջին անգամ Ռոբերտ Աբաջյանի հետ է հնարավոր եղել կապ հաստատել, ասում են՝ նա զանգել, ասել է՝ Անդոն էլ չկա, ես մենակ եմ, բայց ինքն էլ է մտածել, որ չի լինի, գոռացել է՝ մենք չորսս էլ ընկանք….»:

Andranik_Zohrabyan_4
Հայրը որդու հայրենասիրական զգացմունքների մասին հստակ պատկերացումներ ունի: «Ուռա-հայրենասեր չի եղել, վայ-հայրենասեր էլ չի եղել, հողապաշտ չէր… Ինքը այդ մասին չէր խոսում: Իր հետաքրքրությունները, իր կյանքը ավելի ուրիշ էր, նյութապաշտ չէր: Կյանքում լավ բաներ էր սիրում: Եթե երկրում լավ բաներ էր կատարվում, դա՛ էր իր հայրենիքը, դա՛ էր ինքը սիրում, մանր բաներ. լավ միջոցառումներ, լավ մարդկանց հետ շփում, լավ ընկերներ, դրանք հավաքվում էին՝ լավ որակ էին տալիս,- ասում է պարոն Ատոմը, ավելացնում,- հայրենիքն իր համար եղել է իր տունը, իր ընտանիքը՝ ծնողները, հանգիստ պայմանները, այն միջավայրը, որտեղ ապրում էր: Նա մինչեւ այդ Մարտակերտի տեղը չի իմացել, Ղարաբաղի տեղը չի իմացել, այդ հող ու ջրի վրա չի ապրել, բայց այդ հող ու ջրի համար ինքն իր կյանքը տվեց. ինչի՞ համար, որովհետեւ մտածել է, ոչ թե հեռվում ինչ-որ լեռներ, սարեր, հող կամ եսիմ ինչ կա, այլ հետեւում իր պապան է, իր մաման է, իր քույրերն են. թուրքը չպիտի անցնի, թուրքը եթե անցնի, կարող է իր տանը, իր քույրերին, իր ծնողներին վտանգ լինի: Ավելի շատ ինքն այդպես է մտածել: Ինքն այդ մտապաշարի երեխա էր, չէր կարող թողնել… Փոքր քրոջն ասում էր՝ Ճուտս, ինքը իր փոքր քրոջ մասին էր մտածում, որ հետեւում Ճուտն է, բա որ հանկարծ թուրքի ձեռքը հասնի քրոջը: Դրա համար ինքը մնացել է, ինքը կանգնել է. սա էր իր հայրենասիրությունը…»:

Որդու կորստի հետ չհամակերպվող ընտանիքում վստահ են՝ Անդրանիկը միշտ իրենց հետ է լինելու, իրենց կողքին, զրուցելիս էլ աչքներն անընդհատ լուսանկարից խաղաղ հայացքով նայող որդու կողմն է: «Ես գիտեմ, որ ինքը միշտ մեր կողքին է լինելու, ոնց որ ասում էր՝ ուս ուսի ենք լինելու: Ինքը այնպիսի բան է արել… իր արածը մեզ միշտ ապրեցնելու է, ես վստահ եմ՝ երեխեքն էլ իրենց նպատակին հասնելու են: Ինքը մեր ընտանիքի համար շարժիչ ուժ է լինելու,- ասում է նա, նշում, որ որոշում է կայացրել, իր ընտանիքին էլ հայտնել,- որոշել ենք ապրել միայն Անդրանիկի համար, շատ ու շատ բաներից մենք արդեն մեզ հեռու ենք պահելու: Ինձ թվում է՝ դա սխալ չէ, ճիշտը դա է. ապրենք մեր Անդրանիկի համար, մեզ համար, մեր երեխեքի համար, որ երեխեքն իրենց ճիշտ ճանապարհ ընտրեն: Այսօր իմ խնդիրը իմ բալեն է, որ այն, ինչ ինքը արեց, մենք կարողանանք բարձր պահել: Ինքը լավ կզգա, իր հոգին երեւի հանգիստ կլինի, որ տեսնի, որ այն տունը, որից դուրս է եկել՝ իր ծնողները, իր քույրերը՝ նորմալ, համախմբված ապրում են»:

Զոհրաբյանների ընտանիքն արդեն փորձում է վերականգնվել, անցնել կյանքի բնականոն ռիթմին, մի հստակ որոշում էլ են կայացրել. «Ապրելու ենք այս երկրում, հաստատ է արդեն: Ժամանակին ինչ-որ բաներից նեղվել եմ, տարբեր պատճառներից, դուրս գալու տրամադրություն եղել է, բայց հիմա հաստատ գիտեմ, որ այստեղից չեմ գնալու: Մենք այնպիսի կապող բան ունենք այստեղ, որ այլեւս մեր մտքով չի անցնի՝ դուրս գալ… Մի բան եմ ընդամենն ուզում, որ այս երկրում մարդկայնորեն ամեն ինչ ճիշտ արվի: Մեր երկրում մեր հասարակության մեջ ամենատարրական կանոններն էլ չի պահպանվում, շատ բան չենք ուզում… նորմալ աշխատանք, որ կարողանաս քո ընտանիքը պահել, մի քիչ բարեկեցություն, մի քիչ հանգստություն, մի քիչ հարմարավետություն, ուզում եմ, որ էս երկրում երբեք մարդը ծանր մտքերով չքնի ու վատ մտքերով չարթնանա»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031