Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանների հրավառություն՝ Թալալյանական փառատոնում

Մայիս 09,2016 15:00

Մայիսի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով արդեն 7-րդ անգամ կմեկնարկի Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան երաժշտական փառատոնը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց փառատոնի գործադիր տնօրեն, «Արս Լունգա» դուետի դաշնակահար, «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի համահիմնադիր Ջուլիետա Վարդանյանը, թեեւ փառատոնը հանրապետական է, բայց ավանդույթի համաձայն՝ միշտ էլ հյուրեր են ունենում «դրսից»: Այս տարի Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան երաժշտական փառատոնը կհյուրընկալի 4 երաժիշտների:

«ԱՄՆ-ից դաշնակահար Դմիտրի Նովգորոդսկին է, որը ելույթ կունենա բացման համերգին՝ Մոցարտի կոնցերտով, մյուսը Գերմանիայից ժամանած ջութակահարուհի Անի Աղաբեկյանն է: Նա եւս փառատոնի բացմանը ելույթ կունենա: Տիգրան Հախումյանը (Գերմանիա) կմասնակցի երկրորդ համերգին՝ Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Ես, «Արս Լունգա» դուետի թավջութակահար Արամ Թալալյանը եւ Տիգրան Հախումյանը կհնչեցնենք Կոկժաեւի Տրիոն, նաեւ կձայնագրենք ու Անթոլոգիայի մեր ցուցակի մեջ կներառվի այս ստեղծագործությունը: Չորրորդ հյուրը ջութակահար Տիգրան Մահտեսյանն է Բելգիայից, որի հետ մի քանի անգամ համագործակցել ենք: Մասնակցել ենք իր փառատոնին, այս տարի էլ ինքը կմասնակցի մեր փառատոնին եւ մայիսի 29-ին Տիգրան Մահտեսյանը ելույթ կունենա դաշնակահար Արմեն Բաբախանյանի ու Արամ Թալալյանի հետ»,- հայտնեց Ջուլիետա Վարդանյանը:
Նա ներկայացրեց իրենց փառատոնի կարեւոր շեշտադրումները. «Մենք ամեն տարի Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան երաժշտական փառատոնի շրջանակում կոմպոզիտորների հոբելյաններ ենք նշում: Այս տարի այնպես է ստացվել, որ հիմնական ծրագրում հոբելյաններ ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ են հնչելու, ընդ որում՝ ոչ միայն հայ, այլեւ եվրոպական կոմպոզիտորների երկեր: Այս տարվա փառատոնը, ըստ էության, նվիրված է Բաբաջանյանի ծննդյան 95, Միրզոյանի 95, Կոկժաեւի 70, Գերոնտի Թալալյանի 90, Շոստակովիչի 110, Բարտոկի 135, Մոցարտի 260-ամյակներին: Բոլորի ստեղծագործություններն էլ, բնականաբար, կհնչեն փառատոնի ժամանակ: Հայաստանում այդքան ընդունված չէ, բայց արտասահմանում նշվում են նաեւ մահվան տարելիցները, այնպես որ, մեր փառատոնի շրջանակում նման տարելիցներ էլ կնշվեն: Այս տարի դարձյալ կհամագործակցենք Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ մասնավորապես փակման համերգին: Ընդհանուր առմամբ, 5 համերգ կլինի: Փառատոնը կփակվի հուլիսի 5-ին, ծրագրում էլ կլինի Վիվալդի, Հայդն, Տուրինա, Միրզոյան»:

Փառատոնի գործադիր տնօրենը նորից շեշտեց, որ փակման համերգը նվիրված է Գերոնտի Թալալյանի ծննդյան 90-ամյակին, ու քանի որ փառատոնը Թալալյանական է, այդ հատուկ համերգն էլ կազմակերպիչների համար անչափ կարեւոր է: Փառատոնի վերջին համերգին Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան 12-13 տարեկան թավջութակահարներ, եզրափակումն էլ կկայանա «Արս Լունգա» դուետով:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` «Արս Լունգա» դուետի անդամներ
Ջուլիետա Վարդանյանը եւ Արամ Թալալյանը:

 

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031