Կոմիտասը երբ հավաքչությամբ համակարգում էր հայ երգը, այդ թվում՝ մանկական, գիտակցում էր, որ դա հայ պրոֆեսիոնալ երաժշտության հիմքն էր դառնալու: Մինչդեռ դժվար է ասել՝ 1912թ. Արմեն Տիգրանյանը, երբ Ալեքսանդրապոլում իր ռեժիսուրայով բեմադրում էր «Անուշը» (դիրիժոր՝ Գ. Բուրկովիչ), մտածո՞ւմ էր, որ այդ օպերան կարժանանար նույն ճակատագրին: Փաստորեն՝ այո. «Անուշը» 1935 թվականից տարբեր ռեժիսորական լուծումներով չի իջնում Ազգային օպերային թատրոնի բեմից:
Ավելին՝ օպերային այսօր անդրադարձել են կոմպոզիտորի անունը կրող երեւանյան երաժշտական դպրոցի սաները, նույնիսկ այն եւ «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացումը ցուցադրել ԱՄՆ-ի «Ալեքս» թատրոնում:
«Առավոտը» հանդիպեց Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գեւորգյանի հետ: Խնդրեցինք ներկայացնել ոչ միայն ԱՄՆ-ում ապրիլի 2-ից մայիսի 2-ը իր սաների հյուրախաղերը, այլեւ ինչպես հղացավ անդրադարձը Կոմիտասյան եւ Տիգրանյանական ստեղծագործություններին:
Տնօրենը հայտնեց, որ 2015թ. Եղեռնի 100-ամյա տարելիցի եւ իրենց դպրոցի հիմնադրման 65-ամյակի առիթներով երկու նախագծերի հեղինակ եւ ռեժիսոր Գոշ Սարգսյանն առաջարկով դիմել է իրեն: Հետո էլ մանրամասնեց. «Վոկալի մասնագետ Շաքե Աշչյանի հետ ընտրեցինք լավագույն ձայներին, օրինակ՝ Անուշի դերերգը վստահելով 10-ամյա Անի Թամազյանին, Սարոյինը՝ Էրիկ Մխիթարյանին (14տ.), Անուշի մայրը՝ Աղավնի Հարությունյանն է (11տ.), Մոսին՝ 15-ամյա Արմեն Ավետիսյանը, քյոխվան՝ Կարապետ Այրումյանը, իսկ պատմիչը՝ դպրոցի «Արտիստ» թատերախմբի ղեկավար Արթուր Բաբայանն է: Ընտրվեցին նաեւ Անուշի ու Սարոյի ընկերները՝ Նարե Ասատրյանը, Ալետա Թադեւոսյանը, Գայանե Հարությունյանը, Գայանե Վարդանյանը, Լիանա Այրումյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Վահե Բադալյանը, Վահե Հակոբյանը: Ամերիկյան շրջագայության ժամանակ մեզ միացան տեղի երաժիշտներից կազմված կամերային երաժշտախումբն ու փողային գործիքների կազմը, ընդ որում՝ վերջիններս այլազգի էին: Երգչախմբի պարտիան կատարեցին տեղի դպրոցների սաներից կազմված կոլեկտիվները եւ Սուրբ Պետրոս եկեղեցու երգչախումբը, ինչպես նաեւ Համազգայինի «Անի» պարախումբը»:
Անահիտ Գեւորգյանը հավաստիացրեց, թե երեւանյան ներկայացումներին հաճախել է Շենգավիթ համայնքի շուրջ 2000 աշակերտ: Նաեւ նշեց դաշնակահար Քնարիկ Վարդանյանի բարձրարվեստ նվագակցությունը՝ այն համեմատելով նվագախմբային հնչողության հետ:
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս «Պատարագ առ Կոմիտասի» եւ «Անուշի» մասին տեղեկացան Լոս Անջելեսում, Անահիտ Գեւորգյանը նախ նշեց, թե ներկայացումները տեղադրված են համացանցում, իսկ հյուրախաղերը իրականություն են դարձել Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի եւ բարերարներ Սիլվա ու Կարո Կավուկչյանների շնորհիվ:
«2015թ. տիկին Կավուկչյանը եւ ճանաչված դերասան, երգիչ, պրոդյուսեր Արման Նշանյանը հյուրընկալվել էին մեր դպրոց՝ ներկայացումները դիտելու եւ մեծ ոգեւորություն ապրեցին»,- հայտնեց տնօրենը:
Անդրադառնալով ամերիկյան հյուրախաղերին, տիկին Գեւորգյանը ներկայացրեց, որ առաջին անգամ հայաստանցի արտիստ սաները Կալիֆոռնիայի նահանգապետի կողմից արժանացել են հավաստագրերի, իսկ Կոնգրեսի կողմից դպրոցը՝ հատուկ պատվոգրի:
«Ապրիլի 4-ին առաջնորդարանում մեր սաները պատարագ հնչեցրին զոհված զինվորների հոգիների հանգստության համար, իսկ Մեծ եղեռնի հիշատակման օրը Հովնան սրբազանը պարզապես մեկ պահ ընդմիջեց պատարագը ու ներկաներին ներկայացնելով մեր երեխաներին՝ երախտագիտության խոսք հնչեցրեց: Ապրիլի 25-ին էլ Հայ դատի վեհաժողովն էր, որտեղ ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ: Ավարտին մեր սաները դարձյալ ելույթ ունեցան»:
Իսկ արժե,՞ արդյոք, երեխաների մատուցմամբ ներկայացնել «Անուշ» օպերան, չկա՞ն նրանց տարիքին համապատասխան երաժշտական ներկայացումներ: Հարցին՝ տնօրենը պատասխանեց. «Անուշը» այնքա՜ն ազգային ժողովրդական օպերա է, որը մեր արյան մեջ է, ու յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ ստանում է երաժշտական կրթություն, թե ոչ, գիտի հատվածներ, արիաներ… Բեմադրիչը զերծ էր մնացել ողբերգական տեսարաններից, դրանք ձուլելով, ասենք, ժողովրդական տեսարաններին, օրինակ՝ մեր տարբերակում Անուշը իրեն չի գցում Դեբեդը, այլ սերը հավերժանում է գետի ալիքներում: Երկու ներկայացումներն էլ բարեգործական էին: Նշեմ նաեւ, որ շուրջ 5 տարի է, ինչ մեր դպրոցում հաշվետու համերգների փոխարեն բեմադրում ենք մանկական մյուզիքլներ՝ «Բրեմենյան երաժիշտները», «Շունն ու կատուն», «Սպիտակաձյունիկը» եւ այլն: Դպրոցի նվագախմբով ներկայացրել ենք նաեւ Չայկովսկու «Շչելկունչիկը»՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ»,- հայտնեց Անահիտ Գեւորգյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Տեսարաններ ԱՄՆ-ում կայացած
բեմադրություններից:
«Առավոտ» օրաթերթ
07.05.2016