Մայիսի 18-ին մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկելու է խուլերի շախմատի աշխարհի առաջնությունը:
Մրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը «Առավոտի» հետ զրույցում անչափ կարեւորեց, որ վերջին տարիներին ավելի կանոնավոր կերպով են այդ խմբի մեջ ընդգրկվող շախմատիստների համար աշխարհի, Եվրոպայի առաջնություններ կազմակերպվում, որոնց մասնակցում են նաեւ կույր, տեսողության եւ առողջական այլ խնդիրներ ունեցող շախմատիստները: «Դուք տեղյակ եք, որ ես մայիսի 28-ին Ռումինիայում մեկնարկող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության գլխավոր մրցավարն եմ եւ ի պաշտոնե պիտի մրցավայրում լինեմ մեկնարկից (բացումը մայիսի 27-ին է) մի քանի օր առաջ: Սակայն այնքան եմ կարեւորում խուլերի աշխարհի առաջնության նշանակությունը, որ համաձայնեցի այստեղ էլ աշխատել: Այս առաջնությունն ավարտվելու է մայիսի 25-ին եւ ես դրանից մի քանի ժամ հետո մեկնելու եմ Ռումինիա, որպեսզի գոնե հաջորդ ցերեկը հասցնեմ լինել այնտեղ», – ասաց նաեւ այս առաջնության գլխավոր մրցավարը:
Խոսելով առողջության տարբեր խնդիրներ ունեցող շախմատիստների համար նման մրցաշարերի կարեւորության մասին, պարոն Վարդապետյանը նշեց, որ ՖԻԴԵ-ն նրանց նաեւ որոշակի արտոնություններ է տվել, մասնավորապես, առանձին թիմով մասնակցել համաշխարհային օլիմպիադաներին: «Հաշմանդամությունը չպետք է խոչընդոտ լինի, որպեսզի մարդն իրեն զգա թե լիարժեք քաղաքացի, թե լիարժեք մարզիկ եւ ընդհանրապես մարդ: Այս աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելը կարող է բերել նրան, որ մեր շախմատիստները, որոնք միջազգային ասպարեզներից որոշ չափով հեռու են եղել, ակտիվ մասնակցությամբ եւ պայքարով ավելի ճանաչելի կարող են դառնալ: ԽՍՀՄ տարիներին մենք այս ոլորտում լավ ավանդույթներ ենք ունեցել: Եղել են շախմատիստներ, որոնք պայքարել են նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի կոչման համար: Ճիշտ է, հիմա էլ բարձր մակարդակի մի քանի շախմատիստ ունենք: Բայց ցավում եմ, որ չեն գտնվում կազմակերպություններ կամ անհատներ, որոնք այդ շախմատիստներին օգնեն մասնակցել միջազգային խոշոր ստուգատեսների: Դա միայն բարի ու շնորհակալ գործ չէ: Պետք են մարդիկ, կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց անունը երեւալու համար միայն գումարներ տալու փոխարեն նպաստեն այդ շախմատիստների կայացմանն ու առաջընթացին, որպեսզի նրանք նույնպես Հայաստանն արժանապատիվ ներկայացնեն ամենաբարձրակարգ մրցաշարերում: Ուզում եմ «Առավոտի» միջոցով հորդորս, կոչս հասցնել նրանց: Մանավանդ, որ 1-2 շախմատիստի վրա այնքան էլ մեծ գումար ծախսելու հարկ չկա»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
07.05.2016