Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ընտրել եւ պատրաստել տավարի միսը

Մայիս 09,2016 13:30

Մանանեխով մշակված միսը ավելի համեղ է լինում

Տավարի միսը շատերի կերակրատեսակների բաղկացուցիչ մասն է, ուստի այն պետք է ճիշտ ընտրել եւ եփելուց էլ հետեւել հմուտ խոհարարների առաջարկած խորհուրդներին:
Թարմ միս ընտրելու համար նախ պետք է իմանալ, որ հոտը լինում է հաճելի, գույնը՝ բաց վարդագույն կամ կարմիր: Լավորակ միսը կտրելիս համարյա չոր է լինում, փչացածը՝ մոխրագույն, կպչուն, ջրոտ եւ ունի տհաճ հոտ:

Սառած միսը հալեցնելու ժամանակ, որպեսզի չջրոտվի եւ արնաջրերը չհոսեն, այն պետք է թեթեւակի պատել բուսայուղով: Սառած միսը հարկավոր է դանդաղ հալեցնել, որպեսզի պահպանվեն օգտակար նյութերը: Միսը ավելի երկար պահելու համար պետք է թեթեւակի բուսայուղ քսել, ապա փոխադրել կափարիչով ամանի մեջ եւ դնել սառնարանի վերին մասում: Միսը մեծ կտորներով ավելի երկար կարելի է պահել սառնարանում: Աղացած կամ մանր կտրատած միսը խորհուրդ չի տրվում պահել սառնարանում:

13153529_880373988738866_45

Ստուգելու համար՝ միսը հոտ ունի, թե ոչ, տաքացրած դանակով կամ պատառաքաղով ծակել, եթե վատորակ է, ապա պատառաքաղից կամ դանակից վատ հոտ կգա:
Տավարի մսի ոսկորների սննդարար նյութերն ավելի հեշտ կլուծվեն արգանակի մեջ, եթե միսը նախքան եփելը բաժանեք մանր կտորների, իսկ եթե միսը եփելուց առաջ երկար ժամանակ պահեք ջրի մեջ, այն կկորցնի սպիտակուցների եւ աղերի մեծ մասը:
Ուշ եփվող եւ կոշտ տավարի միսը խորհուրդ է տրվում մի քանի ժամ պահել սոդայաջրի մեջ կամ վրան ավելացնել 1 ճաշի գդալ քացախ կամ 1 թեյի գդալ կիտրոնի հյութ:
Երբ մանանեխով շփեք տավարի միսը եւ թողնեք մեկ-երկու ժամ, լվանաք սառը ջրով եւ նոր եփեք, ապա արգանակը կլինի շատ համեղ, իսկ միսը՝ ավելի նուրբ: Որպեսզի միսը չկորցնի իր սննդարարությունը, եփելուց առաջ աղ մի ավելացրեք, փոխարենը աղը ավելացրեք եփելուց հետո:

Տավարի միսն ավելի համեղ կլինի, եթե եփելուց առաջ ծեծեք փայտյա մուրճիկով: Խորհուրդ է տրվում միսը եփել եռացող ջրի մեջ. այսպես միսը դառնում է համեղ, իսկ արգանակը՝ ավելի մաքուր եւ հյութեղ:

Կաթի մեջ մի քանի ժամ պահված միսը եփելուց հետո լինում է շատ ավելի համեղ եւ նուրբ:
Մանր կտորներով եփված միսը ավելի հյութեղ է լինում եւ համեղ: Տապակած միսը ավելի հյութեղ, փափուկ կլինի, եթե մինչեւ տապակելը միսը թողնեք սպիտակ գինու մեջ: Թռչնորսի, խոզի, հորթի միսն ավելի համեղ կլինի, եթե նախապես դրվի կարմիր գինու մեջ:
Ջեռոցի մեջ տապակած միսը չոր չի լինի, եթե ջեռոցում ամանով ջուր դնեք: Տապակվող միսը շատ յուղ չի ներծծի, եթե դաղված յուղի վրա ավելացնեք մի գդալ քացախ, իսկ տապակելիս տապակի բերանը չի ծածկվում:

13162305_880374002072198_35
Տոմատի մածուկի կամ կիտրոնաթթվի մեջ միսն ավելի արագ է շոգեխաշվում: Հորթի, տավարի միսը ավելի համեղ կլինի եւ հյութեղ, եթե եփելուց 78 ժամ առաջ պահեք թթվաջրի մեջ, որի պատրաստման համար անհրաժեշտ է 2 բաժակ դառը գինի, 2 բաժակ ջուր, 1 բաժակ քացախ եւ նույնքան բուսական յուղ: Խառնուրդին ավելացնել 1 գլուխ մանր կտրատած սոխ, դափնու տերեւ, մաղադանոսի արմատ, սեւ պղպեղ, բուրավետ հատիկավոր պղպեղ, կտրատած գազար եւ մի քիչ նեխուր:

Եթե արգանակի վրա մի քիչ թթվասեր ավելացնեք, կստացվի հիանալի թանձրապուր, որը կարող եք մատուցել արիշտաների, բրնձի վրա լցնելով իբրեւ կերակրալցուկ:
Միսը տապակելիս ավելի լավ է օգտագործել կարագ, որպեսզի կարագը չայրվի, 1 ճաշի գդալ բուսական յուղ ավելացնել: Որպեսզի միսն ավելի համեղ լինի, նախքան տապակելը մի քանի րոպե պահել ջրում:

Մսի արգանակին աղ ավելացնել կրակի վրայից վերցնելուց կես ժամ առաջ, իսկ սնկին՝ եփելուց հետո:

Կոտլետներն ավելի փափուկ կստացվեն, եթե տապակելուց 15 րոպե առաջ վրան քացախի եւ արեւածաղկի յուղի խառնուրդ քսեք:

Աղացած մսից պատրաստված բոլոր կերակուրները պետք է լավ տապակել կամ եփել: Որքան մանր աղացած լինի միսը, այնքան հյութեղ կլինի կոտլետը: Ուստի կոտլետի միսը պետք է աղալ երկու անգամ:

Կոտլետն ավելի հեշտ կտապակվի եւ լավ կկարմրի, եթե պատրաստելիս ձվի փոխարեն կարտոֆիլի ալյուր օգտագործեք՝ 250 գրամ աղացած մսին կես թեյի գդալ կարտոֆիլի ալյուր:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031