Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր համեստ ընտանիքների հերոս զավակները

Մայիս 09,2016 12:00

Արցախյան այս վերջին՝ քառօրյա պատերազմը հարաբերական դադարի մեջ է: Որոշ քաղաքագետներ գտնում են, որ պատերազմը չի կրկնվի: Շատերն էլ համոզված են, որ սա ընդամենը հարաբերական դադար է, եւ հետագա պատերազմն անխուսափելի է:
Կարծիքները տարբեր են: Մեր արեւմտամետների եւ մեր ռուսամետների կարծիքներն էլ են, ինչպես միշտ, հակադիր ու տարբեր: Արեւմտամետները գտնում են, որ ռուսները մեզ համար հուսալի դաշնակից չեն, եւ ժամանակն է, որ դուրս գանք Եվրասիական տնտեսական միության կազմից: Ռուսամետները շարունակում են պնդել, որ մեր միակ հուսալի ռազմավարական դաշնակիցները ռուսներն են, եւ եթե ռուսները չլինեին, հրադադարը տեղի չէր ունենա:

Դժվար է ասել, թե ում օգտին էր այս հրադադարը, եւ ժամանակը ցույց կտա, թե հակամարտող կողմերից ով ավելի կօգտվի այս հրադադարի ընձեռած հնարավորությունից: Արցախյան այս երկրորդ պատերազմի առաջին օրերին մեր զինվորների անձնազոհությունն ու հերոսությունը մեզ որոշակի հպարտություն հաղորդեցին, եւ մենք ազգային միասնության հովերով լիցքավորվեցինք, եւ մեր ընդդիմադիրներն ու իշխանամետները մի քանի օրով մոռացան իրենց ներքին տարաձայնությունները եւ միմյանց խոստացան համախմբվել արտաքին թշնամու ու հակառակորդի դեմ, բայց միասնությունն ու խոստումներն ընդամենը մի քանի օր տեւեցին՝ մինչեւ էն պահը, երբ առաջին նախագահը երրորդին հրավիրեց իր տուն երկխոսության, եւ, ինչպես սպասվում էր՝ առաջինի ու երրորդի բարիշելու գործընթացը շատերի սրտով չէր՝ մանավանդ քոչարյանականների, եւ մանավանդ առաջինի հարցազրույցից հետո, երբ առաջինը հայտարարեց, որ երրորդը երկրորդից բավական ծանր ժառանգություն է ստացել՝ ներառյալ Ղարաբաղի հարցի հետ կապված: Անմիջապես մոռացվեցին միասնության բազմակողմանի կոչերը, եւ նույնիսկ կուլակաթափության կոչնակներ հնչեցին, եւ ընդդիմադիրներից ու շարքային քաղաքացիներից շատերը բարձրաձայնեցին այն մասին, որ եթե մեր օլիգարխների ու մեծահարուստների ունեցվածքի ընդամենը մի փոքր մասը մեր բանակին հատկացվեր, մեր բանակը գերժամանակակից զինատեսակներով հագեցած կլիներ:

Այսուհանդերձ, բոլորը համակարծիք են, որ մեր բանակը ադրբեջանցիներին արժանի հակահարված տվեց հայ զինվորի անձնազոհության եւ հերոսության շնորհիվ: Նաեւ շատ է խոսվում այն մասին, որ մեր հերոս զինվորներն ու հերոս նահատակները հիմնականում կարիքավոր ընտանիքների զավակներ են: Մինչ այդ էլ էինք տեղյակ, որ հիմնականում կարիքավոր ու համեստ ընտանիքների զավակներն են ծառայում Ղարաբաղի սահմանին: Եվ կամավորականների մեծ մասն էլ են կարիքավոր ու համեստ ընտանիքների զավակներ: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ այս երեւույթն առանձնապես նկատելի չէր, որովհետեւ Խորհրդային Միությունը նոր էր փլուզվել, եւ հարուստներ ու աղքատներ դեռեւս չկային, եթե կային էլ, դրանց տարբերությունն առանձնապես մեծ չէր:

Մինչեւ արցախյան այս քառօրյա պատերազմը՝ մեզանից ոմանք այն կարծիքին էին, որ եթե պատերազմ լինի, այլեւս կամավորներ չենք ունենա: Փառք Աստծո, որ այդպես մտածողները սխալվեցին, ու նաեւ հայ կամավորականների՝ երկրորդ պատերազմի առաջին օրվանից սկսված աննախադեպ հոսքն էր պատճառը, որ Ալիեւն ու ադրբեջանցիները սթափվեցին ու կանգ առան:

Քանի որ այս պատերազմի վերջը չի երեւում, մեզանից շատերն Իսրայելի ու որոշ պետությունների օրինակները բերելով՝ գտնում են, որ մենք պարտավոր ենք դառնալ ազգ-բանակ: Հավանաբար այդպես էլ կլինի, քանի որ հայերի ու ադրբեջանցիների փոխզիջումային տեսակետները բացարձակապես իրար չեն համապատասխանում:
Ինչ վերաբերում է ազգ-բանակին, դրա պոտենցիալ անդամներն իրավունք չունեն չափազանց ճոխության եւ չափազանց չքավորության մեջ ապրելու:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
07.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031